Արարատ Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց ազատ արձակման խնդրին։ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Միրզոյանն Էգերի հետ հանդիպել է փետրվարի 24-ին Ժնև կատարած աշխատանքային այցի շրջանակներում։
Արարատ Միրզոյանը և Միրյանա Սպոլյարիչ Էգերը քննարկել են հումանիտար բնույթի հարցեր։ Նախարար Միրզոյանն անդրադարձել է Բաքվում ընթացող կեղծ դատավարություններին՝ մտահոգություն հայտնելով ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց առողջական վիճակի, նրանց նկատմամբ հնարավոր ներգործության առնչությամբ։
Օրակարգային այլ հարցերի շարքում անդրադարձ է կատարվել անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզման ուղղությամբ գործադրվող և անհրաժեշտ լրացուցիչ ջանքերին։ Արարատ Միրզոյանն ընդգծել է խնդիրը հասցեագրելու ուղղությամբ ՀՀ կողմից արտահայտված պատրաստակամությունն ու քայլերը՝ հաշվի առնելով անհայտ կորած անձանց ընտանիքների անդամների համար հարցի զգայունությունը։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ հումանիտար բնույթի հարցերի լուծումը կարող է լինել կարևոր գործոն ամբողջական կարգավորման և կայուն խաղաղության հաստատման գործում։
Հանդիպմանը նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքների համատեքստում՝ ընդգծելով դրա կնքման հարցում երկու կողմերի կողմից քաղաքական կամքի ցուցաբերման կարևորությունը։
Անդրադարձ է կատարվել միջազգային ու տարածաշրջանային զարգացումներին։
Civilnet










