Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն ու կառույցի բժիշկը հացադուլի ընթացքում այցելել են Ռուբեն Վարդանյանին։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Մենք հնարավորություն ունենք այսօր դիմել Ադրբեջանի իշխանություններին, անհրաժեշտության դեպքում լրացուցիչ այցելելու Ռուբեն Վարդանյանին։ Բնականաբար այս հարցը գտնվում է մեր ուշադրության կենտրոնում»,- ասել է Ամատունին։
Հարցին, արդյոք ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն արձանագրե՞լ են Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խոշտանգման փաստը, Ամատունին չի մեկնաբանել, փոխարենն ընդգծել է, որ ցանկացած բան արձանագրվում է կոմիտեի կողմից։
«Արձանագրվում է ցանկացած բան, որ մենք տեսնում ենք, այն ամփոփվում և քննարկվում է այն անձանց և իշխանությունների հետ, որոնք պատասխանատու են այս անձանց համար։ Շատերի համար ԿԽՄԿ-ի աշխատանքը տեսանելի չէ։ Կոնֆիդենցիալ երկխոսությունը միակ ձևաչափն է, որով կազմակերպությունը հնարավորություն ունի տեսակցել անձանց»,- ասել է Ամատունին։
Փետրվարի 26-ին Զառա Ամատունին ՍիվիլՆեթին հայտնել էր, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները փետրվարին հերթական անգամ այցելել են Ադրբեջանում պահվող բոլոր հայերին։
Ռուբեն Վարդանյանը փետրվարի 19-ից հացադուլ է սկսել՝ ի նշան իր նկատմամբ իրականացվող դատական ֆարսի: Հացադուլի պատճառով փետրվարի 25-ին նրա ինքնազգացողությունը վատացել էր Բաքվի դատարանում:
Civilnet











