Մեզ համար անընդունելի է «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը. Փաշինյանը՝ թուրք լրագրողներին

Մեզ համար անհասկանալի և անընդունելի է «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, որովհետև նախ Հայաստանի Հանրապետությունն այդ արտահայտության հետ որևէ առնչություն չունի. թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով NTV-ի լրագրողի հարցին, թե որն է Հայաստանի դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցքի» հարցով։ Փաշինյանը նաև շեշտել է՝ իր համար հասկանալի չէ՝ ինչո՞ւ Ադրբեջանը չի արձագանքում կոմունիկացիաների հարցով Հայաստանի առաջարկած լուծումներին։
«Գիտեք, նախ մեզ համար անհասկանալի և անընդունելի է «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, որովհետև նախ Հայաստանի Հանրապետությունն այդ արտահայտության հետ որևէ առնչություն չունի, և այն փաստով, որ նման արտահայտություն է օգտագործվում, Հայաստանի Հանրապետությունում դա ընկալվում է որպես տարածքային նկրտում Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։ Ես առիթ ունեցել եմ և բոլորովին վերջերս հոդված հրապարակեցի այդ թեմայով, որի հիմնական իմաստն այն էր, որ մենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման կողմնակից ենք, և թույլ տվեք ասել, որ առաջին հերթին մենք ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման կողմնակից, որովհետև իրականում մենք ենք, որ շրջափակման մեջ ենք։ Ոչ մի ուրիշ երկիր տարածաշրջանում շրջափակման մեջ չէ։ Մենք չորս սահման ունենք, որից երկուսն ամբողջությամբ փակ է։ Եվ այս փաստն ինքնին ցույց է տալիս, թե ինչքանով մենք պետք է և ենք շահագրգռված տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ»,- ասաց Փաշինյանն ու վերահաստատեց նախկինում բերած այն փաստարկը, որ «նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում միջանցք արտահայտություն ընդհանրապես չկա»։
«Ինչ վերաբերում է կոմունիկացիաներին. պատրա՞ստ է արդյոք Հայաստանի Հանրապետությունը սեփական տարածքով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների կապը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ՝ այո, իհարկե պատրաստ է: Եվ մենք այս թեմայով շատ կոնկրետ առաջարկություն ենք արել Ադրբեջանին, որը, մեր կարծիքով, ոչ թե ուղղակի առաջարկություն է, այլ լուծում է խնդիրը երկաթուղային բեռնափոխադրումների մասով: Եվ մենք սպասում ենք Ադրբեջանի արձագանքին։
Բայց ես ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ ընդհանուր առմամբ, այդ թվում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային կապ ապահովելու առանձին վերցրած այդպիսի օրակարգ չկա: Այդ օրակարգը մտնում է ընդհանրապես տարածաշրջանային կոմունիկացիաների բացման օրակարգի մեջ։ Ինչը նշանակում է, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար միմյանց համար պետք է բացեն կոմունիկացիաները և՛ ներքին, այսինքն՝ Հայաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով, Ադրբեջանից Ադրբեջան Հայաստանի տարածքով կոմունիկացիաները բացելու համար։
Ես ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ օրինակ, Հայաստանի հյուսիսային շրջաններից դեպի Մեղրի, այսինքն՝ հարավային ռեգիոն, երկաթուղային կապ չկա, և երկաթուղային կապն անցնում է միայն Ադրբեջանի, այսինքն՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքով։ Այսինքն՝ սա ենթադրում է, և հետևաբար՝ մենք ասում ենք, որ իհարկե պատրաստ ենք ապահովել երկաթուղային կապը և ակնկալում ենք, որ նույնպիսի կապ կապահովվի նաև Հայաստանի, մասնավորապես՝ Երասխից Մեղրի երկաթուղային կապի համար, որովհետև լեռնային, խիստ լեռնային ռելիեֆի բերումով Հայաստանի տարածքով հարավից դեպի հյուսիս երկաթուղի ունենալու բարդություններ կան:
Միևնույն ժամանակ՝ մեր ընկալմամբ, սա նշանակում է նաև Ադրբեջանից երկաթուղային կապի ստեղծում Հայաստանի տարածքով դեպի Թուրքիա և հակառակ ուղղությամբ, ընդ որում՝ ավտոմոբիլային տրանսպորտի կապի ստեղծում, այդ թվում՝ Ադրբեջանից Թուրքիա և հակառակ ուղղությամբ։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ Հայաստանն էլ Ադրբեջանի տարածքով երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով կարող է կապվել Իրանի Իսլամական Հանրապետության հետ, Ռուսաստանի հետ: Իհարկե, այս պարագայում նաև ենթադրվում է Հայաստան-Թուրքիա երկաթուղու բացում և այլն:
Մենք պատրաստ ենք այս լուծումներին։ Եվ մեզ հասկանալի չէ՝ ինչո՞ւ Ադրբեջանը չի արձագանքում այս լուծումներին և ընդհակառակը՝ փորձ է արվում անընդհատ թեման օգտագործել էսկալացիոն տրամաբանությամբ», - ասել է Փաշինյանը։
Մարտի 4-ին Նիկոլ Փաշինյանը պետական Արմենպրես գործակալության կայքում հրապարակել է հոդված «Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների մասին»։ Հայաստանի տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան ճանապարհների մասին Փաշինյանը գրել է. «Մենք կապահովենք բեռնափոխադրումների անվտանգությունը, բայց եթե ադրբեջանցի վարորդների և բեռնատարների համար կա հոգեբանական բարդություն, այդ բեռնափոխադրումը կարող են կազմակերպել թուրքական բեռնատարները, որոնք մշտապես երթևեկել են և այսօր էլ ակտիվ երթևեկում են Հայաստանի ճանապարհներով: Դա կարող են անել նաև այլ երկրների բեռնատարներ»։
Փաշինյանի ձևակերպմամբ՝ «Հայաստանը ոչ մի միակողմանի պարտավորություն չունի: Երկու կողմերն են պարտավորվել միմյանց համար բացել բոլոր տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցությունները: Այսօր Ադրբեջանի ոչ մի տրանսպորտային կամ տնտեսական կոմունիկացիա բաց չէ Հայաստանի կամ Հայաստանով անցնողների համար, ո՛չ ճանապարհ, ո՛չ երկաթուղի, ո՛չ խողովակաշար, ո՛չ էլեկտրահաղորդակցության գիծ, ո՛չ մալուխ»։
Տեղադրություն
Civilnet










