Գլխավոր Լրահոս

Ընդդիմության և իշխանության թերհաղթանակը Գյումրիում. ի՞նչ սպասել

Ընդդիմության և իշխանության թերհաղթանակը Գյումրիում. ի՞նչ սպասել

Էլեն Մուրադյան

Կիրակի Հայաստանի երկու համայնքում՝ Գյումրիում և Փարաքարում, տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչները չեն կարողացել մեծամասնություն ստանալ։ Գյումրիում կայացած արտահերթ ընտրություններում ավագանի մտնելու շեմը հաղթահարել է քաղաքական հինգ ուժ, և նրանցից ոչ մեկին մեծամասնություն ստանալ չի հաջողվել։ Փարաքարում ընդդիմադիր թեկնածուն՝ «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ Վալոդյա Գրիգորյանը ստացել է մեծամասնության քվեն՝ 57 տոկոս։

Գյումրի

Հայաստանի երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, ընտրություններին մասնակցած ինը քաղաքական ուժերից ավագանի մտնելու շեմը հաղթահարել է հինգը.

  1. Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը՝ քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանի գլխավորությամբ -  36,2 տոկոս,
  2. Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ՝ - 20,5 տոկոս
  3. «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք՝ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գլխավորությամբ՝ 15,5 տոկոս
  4. «Իմ հզոր համայնք» կուսակցություն՝ մեդիա պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի գլխավորությամբ՝ 8,8 տոկոս,
  5. «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ Կարեն Սիմոնյանի գլխավորությամբ՝  6,1 տոկոս։

Անցողիկ շեմը կուսակցությունների համար՝ 4 տոկոս է, դաշինքների համար՝ 6 տոկոս:

Գյումրի. 2021-ի և 2025-ի ընտրություններ

Գյումրիում ընտրության իրավունք քվեարկելու իրավունք ունի 111,236 քաղաքացի։ Նրանց 42,66 տոկոսն է մասնակցել ընտրություններին։

Նախորդ՝ 2021-ի հոկտեմբերին կայացած ՏԻՄ ընտրություններում մասնակցությունը էապես ցածր էր՝ 24 տոկոս։ Այն ժամանակ նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի դաշինքը մեծամասնություն էր ստացել և իշխող Քաղաքացիական պայմանագրի հետ ի վերջո կոալիցիա կազմել, «Բալասանյան» դաշինքի թեկնածու Վարդգես Սամսոնյանը դարձել էր քաղաքապետ։

Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի դեմ քրեական գործ հարուցվելուց հետո քաղաքի ավագանու իշխող «Բալասանյան» դաշինքը 2023-ի հոկտեմբերին հրաժարվեց քաղաքի կառավարումից: Գյումրիի Սև բերդի հարակից հողատարածքների օտարման գործով Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշում է կայացվել, նրա նկատմամբ հետախուզում հայտարարվել: Բալասանյանն այժմ Միացյալ Նահանգներում է։ Այս իրավիճակը հանգեցրեց արտահերթ ընտրությունների անհրաժեշտության: Մինչ արտահերթ ընտրությունները, Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գյումրիում անցկացրեց ներկուսակցական ընտրություններ (փրայմերիզ)։ Վարչապետի որոշմամբ փրայմերիզի հաղթած թեկնածու Սարիկ Մինասյանը նշանակվեց Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար։

Հետընտրական սպասելիքներ Գյումրիում

Ավագանու ընտրություններում շեմը հաղթահարած ուժերից «Մայր Հայաստանը» և «Իմ հզոր համայնքը» պատրաստակամություն են հայտնել աջակցելու Վարդան Ղուկասյանի ղեկավարած ուժին։ Սակայն նրանց քվեները միասին բավարար չեն քաղաքապետ ընտրելու համար։ «Մեր քաղաքը» դաշինքի Մարտուն Գրիգորյանի որոշումից է կախված, թե արդյոք ընդդիմությունը կամ «Քաղաքացիական պայմանագիրը» կկարողանան կոալիցիա ձևավորել և քաղաքապետ ընտրել։

Փարաքար

Արմավիրի մարզի Փարաքար համայնքում հաղթել է ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ, «Միասնություն» դաշինքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը՝ 56,6 տոկոսով։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 31,9 տոկոս, իսկ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ 7,8 տոկոս։

Փարաքարում քվեարկելու իրավունք ունեցող 20,967 հոգուց ընտրությանը մասնակցել է 11,528 ընտրող կամ 54,97 տոկոսը։

2021-ի ՏԻՄ ընտրություններին Փարաքարում «Ապրելու երկիր» կուսակցությունն առավելագույն ձայներն էր ստացել՝ 49 տոկոս։ «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը ստացել էր 24 տոկոս, իսկ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 27 տոկոս։ Արդյունքում «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքն ու «Քաղաքացիական պայմանագիրը» կոալիցիա էին կազմել և ստանձնել համայնքի կառավարումը։ 

Դիտորդների արձագանքը

Գյումրիի ընտրությունները դիտարկող ամենամեծ՝ «Ականատես» դիտորդական խումբը հայտարարաել է, որ ընտրություններն ընդհանուր առմամբ անցել են խաղաղ մթնոլորտում, սակայն արձանագրվել են մի շարք կազմակերպչական բացթողումներ և տեխնիկական խնդիրներ, որոնք կարող են ազդեցություն ունենալ ընտրական գործընթացի թափանցիկության և վստահելիության վրա։ Մասնավորապես, դիտորդները արձանագրել են որոշակի խախտումներ, ինչպիսիք են քվեարկության գաղտնիության հնարավոր խախտումները, ընտրողների՝ ընտրատեղամասերում կազմակերպված տեղափոխումները, ինչպես նաև անհատական և խմբային ազդեցության դեպքերը։ Միաժամանակ, տեխնիկական սարքավորումների անսարքությունները որոշ դեպքերում բարդացրել են ընտրողների գրանցման և քվեարկության գործընթացը, ինչը կարող է բացասաբար ազդել ընտրությունների անցկացման որակի վրա։

***

Գյումրիում և Փարաքարում անցկացված ընտրություններում հատկանշական է, որ երկու դեպքում էլ ընդդիմության անջատ կամ միասնական քվեները ավելի են, քան երկրի իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստացած քվեները։ 2026-ին Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններից առաջ այս ընտրությունների արդյունքները կարող են ազդանշան լինել երկրում ընդդիմադիր տրամադրությունների խորացման մասին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում