Հայկ Ղազարյան
2023-ի սեպտեմբերի 20-ից հետո Արցախից բռնի տեղահանված փրկարարական ծառայության հինգ փրկարար մրցութային կարգով ծառայության են անցել Հայաստանի ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունում. այս մասին ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են Հայաստանի ներքին գործերի նախարարությունից։
ՍիվիլՆեթի ունեցած տեղեկություններով՝ Արցախի ներքին գործերի ծառայության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում 2023-ին աշխատել է 487 մարդ, որից 407-ը փրկարարական ծառայող էր, իսկ 80-ը՝ քաղաքացիական աշխատող։ Ստացվում է, որ 407 անձից Հայաստանում ծառայության է անցել 5-ը (1.23%):
Ծառայության անցածները նախքան այդ ստացել են ՀՀ քաղաքացիություն։ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգյսանը ՍիվիլՆեթին պարզաբանեց, որ Հայաստանի քաղաքացիություն ընդունած դիմորդների քանակը հենց հինգ հոգի է եղել։
ՍիվիլՆեթի հարցին ի պատասխան՝ ՆԳՆ-ն պատասխանել է, որ Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայությունում Արցախի առանձին ստորաբաժանում ներառելու հարց չի քննարկվել։
Ըստ նախարարության՝ 2023-ից սկսած մի քանի հանդիպումներ են կայացել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փրկարարների հետ, որոնց ընթացքում խրախուսվել է ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունում աշխատանքի անցնելը, ներկայացվել են ծառայության անցնելու համար պահանջները։
«Ներկայում, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչությունում աշխատանքներ են տարվում ԼՂ-ից բռնի տեղահանված փրկարարների բժշկասոցիալական կարգավիճակի հստակեցման ուղղությամբ՝ մարտական գործողությունների ժամանակ ստացած խեղումների և (կամ) ծառայության ժամանակ ձեռք բերված հիվանդությունների պատճառահետևանքային կապի հայտնաբերման ու բժշկասոցիալական փորձաքննությունների կազմակերպման նպատակով»,- ասված է Հայաստանի ներքին գործերի նախարարության պատասխանում։
Civilnet











