Գլխավոր Լրահոս

Ջալալ Հարությունյանի նոր փաստաբանին դատարանը մեկ շաբաթ տվեց՝ ծանոթանալու գործին 

Ջալալ Հարությունյանի նոր փաստաբանին դատարանը մեկ շաբաթ տվեց՝ ծանոթանալու գործին 

Հայկ Ղազարյան

2020-ի պատերազմի ժամանակ «ՑՕՐ-ի Դ-20 դիվիզիոնի» գործով զոհվածների ծնողները ահազանգում են, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, այս գործով մեղադրյալ Ջալալ Հարությունյանի պաշտպանական կողմը փորձում է նիստերը ձգձգել՝ վաղեմության ժամկետից օգտվելու համար։ Այդ մասին նրանք հայտարարեցին մայիսի 30-ի նիստին՝ Վերաքննիչ քրեական դատարանում՝ Երևանում գործով դատաքննության ժամանակ։

«Անցած նիստին մենք խնդրեցինք, որ դատարանը բոլոր ձևերով կասեցնի ժամանակի այդ ձգձգման մարտավարությունը։ Չի կարելի նման երևույթներ թույլատրել, եթե հնարավոր չի լինելու հիմիկվանից դեմը առնել, ես առաջարկում եմ՝ իրենց ժամանակ տանք մինչև հոկտեմբերի 12-ը և էլ չգանք այստեղ։ Կգան ու կասեն՝ պատրաստ է, դուք էլ կասեք, որ վաղության ժամկետը լրացել է։ Արդեն մարմինս դողում է»,-  նիստին հայտարարեց զոհված զինծառայող Արթուր Ասրյանի հայրը՝ Արմեն Ասրյանը։

Զոհված զինծառայող Արթուր Ասրյանի հայրը՝ Արմեն Ասրյանը։ Լուսանկարը՝ Հասմիկ Խաչատրյանի/ՍիվիլՆեթ։

Այս գործով ավելի վաղ Հարությունյանը հրաժարվել էր փաստաբաններից և նախօրեին ներգրավվել նորին՝ Աշոտ Ապրեսյանին։ Վերջինս մայիսի 30-ի նիստին դատարանին խնդրեց գործի նյութերին ծանոթանալու համար ողջամիտ ժամկետ տրամադրել։ 

«Գործը բաղկացած է 14 հատորից, այն ներառում է 11 սկավառակ ձայնագրություն և 30 վկայի վկայություններ, որոնցից որոշները տևել են մինչև հինգ  ժամ»,- իր միջնորդությունը հիմնավորեց փաստաբանը։

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանն ասաց, որ երկու ժամն էլ բավական է գործին ծանոթանալու համար․ «Շատ դեպքերում դատարանները բավարար են համարում նախաքննության ավարտից հետո պաշտպանական կողմին 60 էջանոց գործի համար տրամադրել երկու ժամ»,- նշեց փաստաբանը։ Նրա դիրքորոշումը պաշտպանեցին նաև զոհված զինծառայողները։

Լիպարիտ Սիմոնյանը նաև կարծիք հայտնեց, որ պաշտպանական կողմը իր իրավունքները չարաշահում է, որպեսզի մինչև գործի՝ Վճռաբեկ դատարան հասնելը վաղեմության ժամկետը անցնի։ «Գտնում եմ, որ այս ամենը հարիր չէ գեներալ-լեյտենանտի ուսադիրներ կրող անձին։ Համեմատություն չեմ ցանկանա անել, բայց գողություն կատարող, մի քանի անգամ դատված անձն ավելի տղամարդավարի է պահում իրեն դատարանում, քան գեներալ-լեյտենանտի ուսադիրներ կրող անձը»,- հայտարարեց Սիմոնյանը։

Ջալալ Հարությունյանի փաստաբանն էլ, արձագանքելով այդ մեղադրանքներին, ասաց, որ իրենք վաղեմության հիմքով գործի դադարեցման չեն ձգտում, այլ ցանկանում են ապացուցել Հարությունյանի անմեղությունը։

Դատարանը որոշեց տրամադրել մեկ շաբաթ ժամանակ։ Հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 6-ին։

Վերաքննիչ քրեական դատարան, կենտրոնում՝ նախագահող դատավոր՝ Մխիթար Պապոյան։ Լուսանկարը՝ Հասմիկ Խաչատրյանի/ՍիվիլՆեթ։

Այս նիստին Հարությունյանի փաստաբանը հայտարարեց, որ մտահոգություններ կան գործով դատախազի անաչառության վերաբերյալ։ Նա նշեց, որ Հարությունյանի տվյալներով՝ դատախազը ժամանակին երեք վկաների Երևանից Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է տեղափոխել իր ավտոմեքենայով։ Պաշտպանն ասաց, որ այդ հանգամանքը ստուգելու համար կպահանջի տեսախցիկների տեսագրությունները։

Դատախազ Նավասարդյանը հայտարարեց, որ պաշտպանի ինքնաբացարկը մանրամասն կարձագանքի գրավոր այն ստանալուց հետո։

Ավելի վաղ՝ մայիսի 16-ին, Ջալալ Հարությունյանը հրաժարվել էր իր երկու պաշտպաններից՝ Արսեն Սարդարյանից և Անդրանիկ Մնացականյանից՝ վստահության պակասի հիմքով։ Դատարանը նրան տրամադրել էր հայցվող երեք շաբաթի փոխարեն երկու շաբաթ ժամանակ՝ նոր փաստաբան ներգրավելու նպատակով։

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 15-ին Ջալալ Հարությունյանին մեղավոր է ճանաչել «ռազմական դրության, պատերազմի ժամանակ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, որն առաջացրել է ծանր հետևանք» հոդվածով (ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով)։ Ըստ քրեական գործի՝ Ստեփանակերտի «ՑՕՐ» զորամասի Դ20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման ժամանակ ստորաբաժանման հրամանատարությունը կապ է հաստատել Ջալալ Հարությունյանի տեղակալ, պաշտպանության բանակի հրետանու գծով պետ Գենադի Բաղդասարյանի հետ՝ տեղեկացնելով հակառակորդի հարձակման մասին, բայց Ջալալ Հարությունյանը պատասխանել է, որ մոտեցողները յուրայիններ են։ Այդ օրը զոհվել է 20 զինծառայող, յոթը՝ վիրավորվել, իսկ զորամասի հրետանու պետ, փոխգնդապետ Նորայր Հայրապետյանը համարվում է անհետ կորած։

Մայիսի 30-ին կայացած վերաքննիչ դատարանի նիստի տեսագրությունը հասանելի է հետևյալ հղումով։

Տե՛ս նաև՝ 

Ո՛չ դիվիզիոնի հրամանատարը, ո՛չ էլ զորամասի հրետանու պետը չգիտեին, որ անցնում են 18-րդ դիվիզիայի ենթակայության տակ 

«ՑՕՐ» զորամասի Դ-20 դիվիզիոնի գործի մասին

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում