Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Հայկական սոցցանցերում և լրատվամիջոցներում մայիսի 30-ին տարածվեց տեղեկություն, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի Մարսել քաղաքում ձեռք է բերել 3,1 միլիոն եվրո արժողությամբ շքեղ առանձնատուն։
Տեղեկության աղբյուրը «ֆրանսիական» «Info du Jour» կայքն էր։
«300 մ² տարածքով առանձնատունը, որը գնվել է 2025 թվականի մայիսին, գտնվում է Մարսելի Château Gombert թաղամասում։ Այն ունի 4 ննջասենյակ, լողավազան, տանիքի տեռասա և ավտոտնակ՝ 3 ավտոմեքենայի համար»,- գրել են կայքերը:
Տեղեկությունը լրատվամիջոց ներկայացնող կայքից թարգմանել ու տարածել էին pastinfo.am-ը, panorama.am-ը, asekose.am-ը, azg.am-ը և այլն։
#CivilNetCheck-ը գնացել է այս հրապարակումների հետքերով։ Մենք տեղորոշել ենք առանձնատունը և գործընկերների միջոցով ստացել փաստաթղթեր Ֆրանսիայի Կադաստրից։
Ի՞նչ է հայտնի առանձնատան մասին և ո՞ւմ է այն պատկանում
Սկզբնաղբյուր կայքում տեղադրված էր առանձնատան լուսանկարը։ Լուսանկաների հետադարձ որոնման միջոցով պարզեցինք, որ դրանք վերցված են անշարժ գույքի վաճառքով զբաղվող կայքերից։

Առանձնատունը Մարսելի Շըման դե Էկզավիե 108 հասցեում է (108 Chemin Des Xaviers, Marseille, կոորդինատները՝ 43.36244, 5.44848):
Քարտեզում՝ առանձնատունը արբանյակային լուսանկարներով
Ստացված փաստաթղթերի համաձայն՝ առանձնատունը վերջին անգամ գնվել է 2023-ի մայիսին, և ոչ թե 3,1 մլն եվրոյով, ինչպես նշված է հոդվածում, այլ՝ 1,47 մլն-ով։

Առանձնատունը պատկանում է անշարժ գույքի վարձակալությամբ զբաղվող NESS ընկերությանը, որը գրանցված է Մարսելի Շըման դե Էկզավիե 100 հասցեում։ NESS-ի բաժնետերերն են ոմն Սանդրա Սեթբոնը (85%), Էռնեստ Սեթբոնը (10%) և հագուստի և կոշիկի մանրածախ առևտրով զբաղվող Shy’v (5%) ընկերությունը։

Որևէ ապացույց, որ առանձնատունը վերջերս վաճառվել է, չկա։
Կայքի հեղինակների լուսանկարները վերցված են համացանցից
Հոդվածի սկզբնաղբյուր «Info du Jour» անվանումով կայքը (infofrancaisedujour.fr) ուսումնասիրելով՝ պարզեցինք, որ դրանում հոդվածներ հայտնվել են այս տարվա մայիսի 25-ից։ Փաշինյանի առանձնատան վերաբերյալ հոդվածը հրապարակվել է օրեր անց՝ մայիսի 29-ին։
Հատկանշական է, որ մայիսի 29-ից հետո նոր հրապարակումներ չկան կայքում։ Իրականում նույն՝ Info du jour (կայքի հասցեն՝ infodujour.fr), անվանումով ֆրանսիական լրատվամիջոց գոյություն ունի, որին էլ, վստահություն ներշնչելու համար, ենթադրաբար, նմանակում է կայքը։

Կայքում նշված է, որ հոդվածի հեղինակը ոմն Ջոզիան Բերնիերն է, կցված է նաև նրա լուսանկարը։ Լուսանկարն իրականում վերցված է համացանցից, իսկ լուսանկարում ոչ թե Ջոզիան Բերնիերն է, այլ բլոգեր Քեթրին Պերրոն, որը հիմնականում գրում է կինոյի և նորաձևության մասին։

Կայքի մյուս «հեղինակների» լուսանկարները ևս վերցված են համացանցից։ Օրինակ՝ Անտուան Լֆևր անունով հեղինակի լուսանկարում իրականում ֆրանսիացի ռադիոլրագրող Գաբրիել Աթթալն է։ Նույն կերպ Ջոսելին Պրու անունով հեղինակի լուսանկարում ֆրասնիացի լրագրող Դայան դե Վիգնեմոնտին է։

Այսպիսով, վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերագրվող առանձնատունը նրան չի պատկանում։ Հոդվածում ներկայացված փաստերը որևէ կերպ չեն հաստատվում։ Դրանք տարածվել են մի քանի օր գործող կեղծ լրատվական կայքի միջոցով, որի «հեղինակները» մտացածին անուններ են, իսկ նրանց լուսանկարները գողացված են համացանցից։
Շուշան Ստեփանյան
CivilNetCheck











