Գլխավոր Լրահոս

«Ստամբուլի հռչակագրի» և Ադրբեջանի բանաձևերի ձևակերպումները հակասում են խաղաղության հաստատմանը. ԱԳՆ

«Ստամբուլի հռչակագրի» և Ադրբեջանի բանաձևերի ձևակերպումները հակասում են խաղաղության հաստատմանը. ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն իր հիասթափությունն է հայտնել Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարական վերջին համաժողովի շրջանակներում ընդունված «Ստամբուլի հռչակագրում» և Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտած խեղաթյուրված և ծայրահեղ միակողմանի ձևակերպումների առնչությամբ։ Նախարարությունից նշում են, որ տվյալ փաստաթղթերում արտահայտված շեշտադրումները հակասում են տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման շահերին և տրամաբանությանը։

Հայաստանի դիվանագիտական գերատեսչությունն ԻՀԿ անդամ պետությունների ուշադրությանն է ներկայացրել այն փաստը, որ «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը մարդու իրավունքների քողի ներքո Ադրբեջանի կողմից հստակ տարածքային պահանջ է Հայաստանի Հանրապետության ինքիշխան տարածքի նկատմամբ, ինչը փաստվում է անգամ այդ նպատակով արհեստականորեն ձևավորված «կազմակերպության» հիմնադիր փաստաթղթերում։ 

«Օգտակար ենք համարում հիշեցնել, որ արևմտյան Ադրբեջանը Ադրբեջանի արևմտյան շրջաններն են՝ Ղազախը, Թովուզը, Աղստաֆան, Գեդաբեյը, Դաշքեսանը, Քելբաջարը, Լաչինը, Կուբաթլուն, Զանգելանն ու Նախիջևանը: Հայաստանի Հանրապետության տարածքում չկա և չի կարող լինել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»»,- նշում են նախարարությունից:

Անդրադառնալով Խորհրդային Հայաստանում բնակվող ադրբեջանցիներին, Հայաստանի արտգործնախարարությունից փաստում են, որ նրանք ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին Հայաստանից հեռացել են կամավոր, կարողացել են վաճառել կամ փոխանակել իրենց գույքը կամ ստացել են փոխհատուցում Հայաստանի կառավարությունից։ 

«Ցավոք, նույնը չի եղել հայերի ճակատագիրն Ադրբեջանում՝ Բաքվում, Սումգայիթում և այլ վայրերում, որտեղ տեղի են ունեցել հայերի կոտորածներ և բռնի տեղահանում, իսկ նույնօրինակ վերջին դրսևորմանը մեր տարածաշրջանում աշխարհն ականատես եղավ 2023-ի աշնանը, երբ ավելի քան 115,000 հայեր ստիպված եղան լքել Լեռնային Ղարաբաղը՝ ենթարկվելով էթնիկ զտման»,- ասված է արտգործնախարարության հայտարարության մեջ։

Հայաստանի դիվանագիտական գերատեսչությունն ափսոսանք է հայտնել, որ ընդունված հռչակագիրը, շեղվելով ԻՀԿ անդամների կողմից մարտին և հաջորդիվ արված՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման և խաղաղության մասին համաձայնագրի կնքման վերաբերյալ հայտարարություններից, պարունակում է համաձայնագրի ստորագրման ճանապարհին առկա նախապայմանների վերաբերյալ միակողմանի արձանագրումներ։

«ԻՀԿ անդամների ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքին, որ Հայաստանը հայտարարել է համաձայնագիրն առանց որևէ հետաձգման ստորագրելու պատրաստակամության մասին՝ առաջարկելով խորհրդակցություններ սկսել դրա ստորագրման վայրի և ժամկետի շուրջ, ինչպես նաև առաջարկել է կառուցողական լուծումներ գտնել Ադրբեջանի կողմից բարձրացվող մի շարք հարցերի կապակցությամբ: Տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ հետաքրքրված գործընկերների կողմից առավել տրամաբանական կլիներ հորդորել Ադրբեջանին առանց անհարկի հետաձգման ստորագրել համաձայնագիրը՝ զերծ մնալով այդ ճանապարհին արհեստական խնդիրներ հարուցելուց»,- ասված է հայտարարության մեջ։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը խոր ափսոսանք է հայտնել նաև Իսլամական համագործակցության կազմակերպության ընդունած այն բանաձևի կապակցությանմբ, որն անտեսում է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային ժառանգության շարունակական ոչնչացման փաստը և կրոնական երանգավորում է հաղորդում խնդրին՝ սնելով թյուր և վտանգավոր թեզեր:

Հայաստանի ԱԳՆ-ն վերահաստատել է երկրի հարգանքն ու հոգատար վերաբերմունքը իսլամական մշակութային արժեքների նկատմամբ՝ շեշտելով, որ այդ փաստարկները չեն համապատասխանում իրականությանը:

Նախարարությունը կոչ է արել Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրներին վերանայել և հրաժարվել Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող, ինչպես նաև երկու երկրների միջև կարգավորման գործընթացը խոչընդոտող կողմնակալ նախաձեռնություններից:

Հայաստանն ընդգծում է, որ Հարավային Կովկասում կա խաղաղության հաստատման իրական հնարավորություն, և որ միջազգային կազմակերպությունների նման մոտեցումները միայն խոչընդոտում են այդ հնարավորության արդյունավետ իրացմանը:

Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է խաղաղության օրակարգին և ակնկալում է միջազգային գործընկերների, այդ թվում ԻՀԿ-ի, աջակցությունը Ադրբեջանի հետ տևական և կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին։

Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտգործնախարարների նիստը տեղի է ունեցել հունիսի 21-22-ը Ստամբուլում: Հակահայկական հայտարարությունն ընդունվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստամբուլյան այցից՝ հունիսի 20-ից, անմիջապես հետո:


Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում