Գլխավոր Լրահոս

Ադրբեջանցի ակտիվիստ Բահրուզ Սամադովը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման 

Ադրբեջանցի ակտիվիստ Բահրուզ Սամադովը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման 

Այթան Ֆարհադովա, OC Media

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը պետական դավաճանության մեղադրանքով 15 տարվա ազատազրկման է դատապարտել ադրբեջանցի հետազոտող, խաղաղության ակտիվիստ և OC Media-ի մշտական հեղինակ Բահրուզ Սամադովին։

Դատական վճիռը հրապարակվել է երկուշաբթի։ Դատարանի դահլիճ մուտք գործել կարողացել են միայն Սամադովի տատիկը՝ Զիբեյդա Օսմանովան, նրա ընկերներն ու մի քանի ակտիվիստ՝ վճռի հրապարակման պահին։ Դատական նիստերը եղել են փակ։

Հաղորդվում է, որ դատավճռի պահին Սամադովն արդեն չորրորդ օրն էր հացադուլի մեջ և տեսանելիորեն հոգնած էր։ Նրա պաշտպան, մարդու իրավունքների ոլորտի փաստաբան Զիբեյդա Սադիգովան նշել է, որ Սամադովը միայն ջուր էր խմում և տեղափոխվել էր բանտի հիվանդանոց։ «Քանի որ շատ տկար էր, վերջին խոսքը թղթի վրա գրել չէր կարողանում։ Պարզապես ասաց, որ ինքը խաղաղության կողմնակից է և հանցանք չի կատարել»,- ասել է Սադիգովան։

Նրա խոսքով՝ Սամադովը միշտ կապված է եղել իր հայրենիքի հետ, այլապես չէր վերադառնա Ադրբեջան։ «Նա հետազոտող է, մի շարք հոդվածների հեղինակ, գրել է ադրբեջանցիների, հայերի, Խոջալուի դեպքերի մասին»,- ասել է փաստաբանը։

Սամադովն ու նրա պաշտպանական խումբը սպասում էին նման վճռի։ «Մենք պատրաստ էինք այս որոշմանը, և Սամադովն ինքը ևս սպասում էր այս դատավորի վճռին։ Մենք բողոքարկելու ենք այն, հույսը չենք կորցնում»,- նշել է Սադիգովան։

Հունիսի 21-ին՝ դատավճռից երկու օր առաջ, դատախազությունը պահանջել էր 16 տարվա պատիժ։ Այդ օրն էլ, ըստ հաղորդագրությունների, Սամադովը ինքնասպանության փորձ է կատարել, որից հետո անցել է հացադուլի։

Սամադովի տատիկը՝ Զիբեյդա Օսմանովան, OC Media-ին ասել է, որ Բահրուզը «չի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ իրեն հնարավորություն չեն տալիս ապացուցելու իր անմեղությունը»։ Նրա խոսքով՝ Սամադովը պատմել է, որ իրեն փրկել է բանտախցի ընկերը։ Բայց նա չի կարողացել հիշել՝ դեպքը տեղի է ունեցել գիշերը, թե առավոտյան։

Բահրուզ Սամադովը հետազոտող է, բնակվում էր Պրահայում, ուսանում Պրահայի Կառլի համալսարանի դոկտորանտուրայում։ Նա Բաքու էր այցելել 2024-ի օգոստոսի 21-ին, երբ երկու օր անց հաղորդվեց նրա անհետացման և ապա կալանավորման մասին։ Սաբայիլի շրջանի դատարանը հաստատել էր, որ նրա դեմ հարուցվել է պետական դավաճանության գործ։

Սամադովը պնդում է, որ մեղադրանքները կեղծ են և չունեն ապացուցողական հիմք։ Իր ցուցմունքներում նա նշել է, որ որևէ կապ չի ունեցել Հայաստանի անվտանգության ծառայությունների հետ։

Մինչ կալանավորումը նա հանդես էր գալիս Հայաստանի հետ խաղաղության օգտին։

Սամադովի գործով դատավարությունը տեղի է ունենում Ադրբեջանում այլախոհների նկատմամբ ճնշումների հերթական ալիքի ֆոնին։ Մայիսին նույն մեղադրանքով 18 տարվա ազատազրկման դատապարտվեց թալիշ հետազոտող Իգբալ Աբիլովը։ Իսկ անցյալ շաբաթ «Աբզաս Մեդիայի» ղեկավար կազմը և լրագրողները դատապարտվեցին 7,5-ից մինչև 9 տարվա ազատազրկման։ Նույնը տեղի ունեցավ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ֆարիդ Մեհրալիզադեի հետ, որը ձերբակալվել էր 2024-ի հունիսին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում