Գևորգ Թոսունյան
Գործարար Սամվել Կարապետյանը զրպարտության և վիրավորանքի համար դատական հայցեր է ներկայացրել մի շարք պետական պաշտոնյաների և մեկ հանրային գործչի դեմ։ Բոլոր հայցերով պահանջվում է հերքումները հրապարակել պատասխանողների ֆեյսբուքյան էջերում, իսկ դրա անհնարինության դեպքում՝ առնվազն 5,000 տպաքանակ ունեցող թերթում։ Կարապետյանը բոլորից պահանջում է նաև 9 մլն դրամ փոխհատուցում, ինչպես նաև հատուցել դատական ծախսերը, այդ թվում՝ փաստաբանի վարձավճարի գումարը։
Ընդդեմ Տարոն Չախոյանի
Կարապետյանը դատի է տվել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին։ Պահանջում է, որ Տարոն Չախոյանը հրապարակավ ներողություն խնդրի մի շարք արտահայտությունների համար, այդ թվում՝ «Սրբապիղծ «սրբազանների» ու նրանց պաշտպանների համար միշտ էլ փողն է եղել շարժառիթ ու սրբություն», «... պետք է իմանա, որ պետությունն ու քաղաքացիներն էլ թքած ունեն իր վրա»։
Կարապետյանը նաև պահանջում է, որ Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում հերքի իր կողմից տարածված տեղեկությունները, թե իբր գործարարը «հանդիսանում է գործակալ», Հայաստան է այցելել «գործուղմամբ», և որ նրա գործունեության հետևանքով ՀՀ-ում «էներգետիկ ճգնաժամ է»։
Ընդդեմ Նազելի Բաղդասարյանի
Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանից պահանջվում է ներողություն խնդրել «Չեմ հասկանում՝ հովհարային անջատու՞մ է, թե՞ թույլ միացում վերջինիս մոտ։ Ամեն դեպքում՝ հողանցում արեք, ոտքերը գետնից կտրվել են» և «Հայաստանի պետականության դեմ մարտնչող տաշիրիսամոների․․․» արտահայտությունների համար։
Հայցվոր կողմը պահանջում է նաև հերքել այն տեղեկությունները, թե Կարապետյանը «ինքնակոչ սրբադասված է», որը «այլ երկրից ստացված հրահանգով խառնվում է Հայաստանի ներքին քաղաքական կյանքին՝ ՀՀ-ն ծայրագավառ դարձնելու և ՀՀ-ի պետականության դեմ մարտնչելու նպատակով»։
Ընդդեմ Արսեն Թորոսյանի
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի դեպքում վիրավորական է համարվել ԱԺ ամբիոնից հնչեցված արտահայտությունների համար։
Որպես զրպարտություն՝ պահանջվում է հերքել այն պնդումը, թե գործարարին հրահանգվել է իր հայտարարություններն անել «ՖՍԲ-ի կողմից՝ նպատակ հետապնդելով ՀՀ օրինական իշխանության դեմ բռնություն գործադրելու, ՀՀ ղեկավարությանը վնասելու (թույնելու) համար»։
Ընդդեմ Հայկ Կոնջորյանի
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանից պահանջվում է ներողություն խնդրել մի շարք արտահայտությունների համար, այդ թվում՝ «Դուք ընդամենը որոշ բարձրաստիճան կղերականների և օլիգարխիայի սրբապիղծ ամուսնության էն մյուս կողմն եք, օլիգարխիական թևն եք», «ծառայամիտ հացկատակ պնակալեզներ եք դուք» արտահայտությունների։ Բացի այդ, պահանջում է հերքել այն հայտարարությունը, որ Կարապետյանը հայտնվել է «մարտագլխիկի տակ»՝ պետության վրա «կրակելու» համար։
Հայցում նշվում է, որ Կոնջորյանը պետք է հերքի նաև այն պնդումը, որ իբր ինքը «տասնամյակներով օգտագործել ու թալանել է հայ ժողովրդին», ինչպես նաև էժան գներով ստացել է պետական գույք և դրա դիմաց չնչին բան է սարքել ու ներկայացրել որպես բարերարություն։
Ընդդեմ Հարություն Մկրտչյանի
Հանրային գործիչ Հարություն Մկրտչյանից Կարապետյանը պահանջում է հերքել տարբեր լրատվամիջոցներին տված հարցազրույցներում և ֆեյսբուքյան գրառմամբ տարածված տեղեկությունները։ Ըստ հայցադիմումի՝ Մկրտչյանը պնդել է, թե Սամվել Կարապետյանը Հայ Առաքելական եկեղեցուն պաշտպանելու պատրվակով նպատակ ունի «ՀՀ-ում զբաղվել քաղաքականությամբ՝ այլ ուժերի կառավարմամբ և գործակալական նպատակով՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության»։ Նա նաև Կարապետյանի բարեգործությունները որակել էր «նախկինում կատարված չակերտավոր բարեգործություններ»։
Civilnet











