Չենք ասել, որ հենց պետությունն է լինելու ՀԷՑ-ի կառավարողը․ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ կառավարությունը նպատակ ունի ստանձնել Հայաստանի էլեկտրացանցերի (ՀԷՑ) կառավարումը, սակայն պետականացումը պարտադիր տարբերակ չի դիտարկվում։
«Մենք չենք ասել, որ պետականացման և հետգնման գործընթացից հետո հենց պետությունն է լինելու կառավարողը Հայաստանի էներգետիկ ցանցերի»,- ասաց Փաշինյանը՝ ՍիվիլՆեթի հարցին ի պատասխան։
Վարչապետը նշեց, որ կառավարությունն ունի խնդիր՝ գտնել ամենաարդյունավետ կառավարչին, որի նկատմամբ հնարավոր կլինի ձևավորել ինչպես հանրային, այնպես էլ պետական վերահսկողություն։
Նրա խոսքով՝ կառավարությունն այս փուլում նպատակ ունի վերցնել կառավարման գործառույթը։ «Մեր նպատակն այն է, որ մենք այս փուլում պետք է վերցնենք և կվերցնենք ՀԷՑ-ի կառավարումը»,- նշեց վարչապետը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ պետականացումը կառավարության կողմից դիտարկվող միակ տարբերակը չէ։ «Բայց մենք չենք ասել, որ պետականացման և հետգնման գործընթացից հետո հենց պետությունն է լինելու կառավարողը Հայաստանի էներգետիկ ցանցերի։ Խոսում ենք արտապատվիրակման մասին», - հավելեց նա։
Հստակեցնելով արտապատվիրակման մասին հայտարարությունը, վարչապետը նշեց, որ Հայաստանն արդեն մի շարք բարեկամ երկրներում գործող միջազգային առաջատար ընկերություններին ուղերձ է հղել, որ նրանց հետ հնարավոր է գործակցելու հետաքրքրություն լինի։
«Վերջին այցով մենք մի շարք բարեկամ երկրների ազդակ ենք տվել, որ մենք հնարավոր է էսպիսի թեմա ունենանք, եթե լինի հետաքրքրություն՝ ասել այդ մասին»,- պարզաբանեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը վերջին անգամ այցելել է Բելգիա և Ֆրանսիա (հուլիսի 14-ին)։
Անդրադառնալով հարցին, հնարավոր է արդյոք ՀԷՑ-ի կառավարումն արտապատվիրակվի Թուրքիային, Փաշինյանը շեշտեց՝ անհնար է նման բան։
«Անհնար եմ համարում, որ այդ գործակցության մեջ գնանք այնպիսի լուծումների որտեղ ներգրավված են այնպիսի երկրներ, որոց հետ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի, փակ սահմաններ ունի և այլն։
Նույնիսկ ներքաղաքական շահարկումների համար դա չծլող ու չծաղկող թեմա է»,- ասաց վարչապետը։
Փաշինյանն անդրադարձավ նաև ընթացող արբիտրաժային գործընթացներին՝ դրանք բնութագրելով որպես աշխատանքային պրոցեսի մի մաս։ «Արբիտրաժները դատական գործընթացներ են, որոնք աշխատանքային պրոցեսի մի մաս են, և չեմ կարծում, որ դա էական ազդեցություն ունի մեր քննարկվող հարցի վրա, այն տեսակետից, որ մենք պարտավոր ենք Հայաստանի սպառողների շահերը պաշտպանել», - նշեց Փաշինյանը։
Ըստ վարչապետի՝ ՀԷՑ-ը նախորդող տարիների ընթացքում՝ ի հեճուկս հանրության և կառավարության հորդորներին ու զգուշացումներին, պատշաճ քայլեր չի ձեռնարկել։ «Այդ դեպքում կառավարությունը, խորհրդարանական մեծամասնությունը պարտավոր է պատշաճ քայլեր ձեռնարկել։ Այնպես որ այս բոլոր պրոցեսները տեղավորվում են այդ տրամաբանության մեջ», - ասաց նա։
Հուլիսի 3-ին, ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀԷՑ-ը պետականացնելու մասին նախագիծը։
Civilnet










