Էլեն Մուրադյան
ՍիվիլՆեթի տրամադրության տակ է հայտնվել Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի (Arbitration Institute of the Stockholm Chamber of Commerce - SCC) արտակարգ արբիտրի կողմից Սամվել Կարապետյանի և Հայաստանի Հանրապետության միջև վեճի շրջանակում կայացված որոշումը։
Հուլիսի 22-ին կայացված այս որոշմամբ դատարանը պարտավորեցրել է ՀՀ կառավարությանը դադարեցնել այն գործողությունները, որոնք միտված են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության պետականացմանը։ Մասնավորապես՝ արգելվել է փոխել ընկերության ղեկավարությունը, նշանակել ժամանակավոր կառավարիչ, փոփոխել ընկերության կանոնադրությունը, չեղարկել լիցենզիաները, առգրավել կամ վաճառել ընկերության գույքը և սահմանափակել ընկերության բնականոն գործունեությունը։
Միևնույն ժամանակ, արբիտրը մերժել է հայցվորների մյուս բոլոր միջնորդությունները՝ առանց հստակեցնելու, թե ինչ միջնորդությունների մասին է խոսքը։ Որոշման մեջ ասված է՝ «մերժվում են հայցվորների բոլոր այն միջնորդությունները, որոնք չեն բավարարվել նախորդ կետով»։
Այս ձևակերպումը չի հստակեցնում, թե արդյոք հայցվորները ներկայացրել են Սամվել Կարապետյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ պահանջ, և եթե այո, ապա արդյոք այն մտել է մերժվածների շարքը։
Հայաստանի իշխանության վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները, այդ թվում՝ Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական» ալիքի կայքը, հաղորդել էին, թե դատարանը մերժել է Կարապետյանին կալանքից ազատելու պահանջը։ Սակայն այդ պնդումները չէին ուղեկցվել աղբյուրներով կամ փաստերով։ Ստացված որոշման տեքստում, որին հասանելիություն ունի ՍիվիլՆեթը, նման դրույթ հստակ նշված չէ։
ՍիվիլՆեթը գրավոր դիմել է Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտ` խնդրելով պարզաբանել՝ արդյոք այս դատարանն իրավասություն ունի քննելու անձանց կալանավորմանը վերաբերող հարցեր։ Օրինակ՝ կարո՞ղ է SCC-ն որոշում ընդունել, որով պահանջում է պետությունից ազատել որևէ կոնկրետ անձի կալանքից։ Ի պատասխան՝ ինստիտուտի ներկայացուցիչը նշել է, որ խնդրի պատասխանը կախված է կոնկրետ արբիտրաժային համաձայնագրից և կիրառվող իրավական շրջանակից, և այդ պատճառով ինստիտուտը չի կարող ընդհանուր մեկնաբանություն տալ։
Արբիրտրաժային գործեր լուսաբանող Globalarbitrationreview.com կայքում հրապարակված հոդվածում նշվում է, որ Ստոկհոլմի դատարանում Սամվել Կարապետյանի իրավապաշտպան թիմը՝ ներկայացված «Իվանյան և գործընկերներ» ռուսաստանյան իրավաբանական ընկերությամբ, ինչպես նաև Հայաստանում՝ «Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը» չեն հրապարակել հայցի մանրամասները։
Միջազգային արբիտրածում Կարապետյանի շահերը ներկայացնում են Քրիստոֆոր Իվանյանը, Անդրեյ Գորլենկոն և Աննա Ավդուլովան։Ստոկհոլմի դատարանի որոշումը ժամանակավոր բնույթ ունի և կորցնում է ուժը, եթե 30 օրվա ընթացքում կողմերը չդիմեն հիմնական արբիտրաժային կազմավորմանը, կամ եթե մինչև 90 օր ժամանակահատվածում չհաստատվի վերջինիս իրավազորությունը։
Civilnet











