Գլխավոր Լրահոս

Ծառուկյանի ընկերությունը համայնքին 30 մլն դրամի պարտք է կուտակել 

Ծառուկյանի ընկերությունը համայնքին 30 մլն դրամի պարտք է կուտակել 

Գևորգ Թոսունյան

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես» ընկերությունը, որին կառուցապատման իրավունքով տարածք է տրամադրվել Երևանի Օղակաձև զբոսայգում, 2022-ի հուլիսից ի վեր Երևան համայնքին պարտք է շուրջ 30 մլն դրամ։

«Մուլտի ուելնես կենտրոն» մարզահամալիրը մեծ շուքով բացվեց 2016-ին։ Բացմանը, բացի սեփականատեր Գագիկ Ծառուկյանից, ներկա էր նաև այն ժամանակվա իշխանական վերնախավը՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։

Սպորտային համալիրը կառուցվեց Օղակաձև զբոսայգու ավելի քան 12,000 քմ մակերեսով հողամասի վրա, որը Ծառուկյանի ընկերությանն էր տրամադրվել կառուցապատման իրավունքով։ Երևանի քաղաքապետարանից ՍիվիլՆեթին տեղեկացրին, որ կառուցապատման տարեկան վճարը սահմանված է շուրջ 30 մլն դրամ։ Ըստ քաղաքապետարանի՝ ընկերությունը վճարումները կատարում է ամսական կտրվածքով, թեև այն եռամսյակային է։ 

«2022-ի հուլիս ամսից սկսած՝ յոթ ամիսների ընթացքում չեն կատարվել վճարումներ, ինչի պատճառով եռամսյակային վճարվելիք գումարը ստացվել է թերի։ Արդյունքում՝ առկա է շուրջ 17 մլն դրամի պարտավորություն, որի համար հաշվարկվել է 12 մլն դրամ տույժ»,- նշված է քաղաքապետարանի՝ հունիսի վերջին տրամադրած պատասխանում։

Քաղաքապետարանից նաև հայտնեցին, որ աշխատանքներ են տարվում գումարի հավաքագրման ուղղությամբ։ Մեկ ամիս անց ՍիվիլՆեթի կրկնակի հարցմանն ի պատասխան՝ քաղաքապետարանից նշեցին, որ պարտքը դեռ մնում է։

Կառուցապատման բացառիկ իրավունք՝ զբոսայգիներում

Երևանի Օղակաձև զբոսայգում սա միակ դեպքն է, որ նման խոշոր տարածք տրամադրվի կառուցապատման իրավունքով ու այն վերածվի խոշոր համալիրի։ Այգիներում տարածքները, որպես կանոն, տրվում են վարձակալությամբ՝ կանաչապատման պարտադիր պահանջով։

Կառուցապատման իրավունքով է տրամադրված նաև Սիրահարների այգին՝ «Պողոսյան» հիմնադրամին, սակայն, ի տարբերություն Ծառուկյանի ընկերությանը տրված հողամասի, այն շարունակում է ծառայել որպես հանրային այգի։ 

Երևանի զբոսայգիների այլ հատվածներում կան եզակի սրճարաններ, որոնք ևս տրվել են կառուցապատման իրավունքով, սակայն դրանց մակերեսը չի գերազանցում 1,000 քմ-ը։

Գագիկ Ծառուկյանի ընկերությունը համայնքի հանդեպ չմարած պարտավորություններ ունեցող միակ տնտեսվարողը չէ։ 1998-ից ի վեր Երևանի այգիների վարձակալները խոշոր պարտքեր են կուտակել։ Մայրաքաղաքում այգիների տարածքների վարձակալությունից գոյացած պարտքը, ըստ ՍիվիլՆեթի ուսումնասիրության, կազմում է շուրջ 1 մլրդ դրամ, որից ավելի քան 755 մլն դրամը՝ ապառք, իսկ մոտ 245 մլն դրամը՝ տույժեր։

Կարդացեք նաև՝

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում