Հայկ Ղազարյան
Տիգրան Ուլուբաբյանի կալանքը բողոքարկվել է կասկածի իսպառ բացակայության պատճառով. ՍիվիլՆեթին հայտնեց Ուլուբաբյանի պաշտպան Էրիկ Բեգլարյանը։
Արցախցի Տիգրան Ուլուբաբյանը մեկ ամսից ավելի է՝ կալանքի տակ է Վանաձորում տեղի ունեցած ավազակությանը օժանդակելու մեղադրանքով։ Քննչական կոմիտեն պնդում է, որ մարտին երկու մարդ ապօրինի ներթափանցել է բնակարան և զենքի սպառնալիքով պահանջել զարդեր ու գումար։ Կալանավորվելուց առաջ Տիգրանը հայտարարել էր, որ Լոռու մարզային վարչությունում իրեն ծեծել են և ստիպել խոստովանել մեղքը։
Փաստաբանի խոսքով՝ մեղադրանքի միակ ապացույցը մի կնոջ վկայություն է, որը կասկածվում է մեկ այլ հանցագործության մեջ։ Եվ նա, ըստ Բեգլարյանի, ոստիկանների ճնշման տակ ասել է, թե ամուսնու խոսակցությունից լսել է՝ «Տիգրանին հալալ է, ինչքան էլ ծեծում են, մեղքը չի վերցնում»։

Փաստաբան Բեգլարյանը երկու անգամ դիմել է գլխավոր դատախազին՝ պահանջելով փոխել քննիչին, քանի որ կասկածում է, որ նա կապ ունի ծեծի ենթարկած ոստիկանների հետ։ «Եթե նրանք վստահ են իրենց ճիշտ լինելու մեջ, ինչո՞ւ գործը չեն տալիս այլ քննիչի։ Սա միայն ուժեղացնում է կասկածները, որ ամեն ինչ ուղղորդվում է», – նշեց փաստաբանը՝ հավելելով, որ ամեն ինչ կարող է կազմակերպված լինել հենց այդ ոստիկանների կողմից։
Կալանքի հարցով պաշտպանը պատրաստվում է բողոքարկել մինչև Գերագույն դատարան։ Նրա խոսքով՝ տուժող Քրիստինեն հերքում է, թե Ուլուբաբյանը մասնակցել է հարձակմանը։
Տիգրան Ուլուբաբյանի ահազանգից հետո իրավապահները խոշտանգման հոդվածով գործ հարուցեցին, երբ Երևանում՝ Քննչականի շենքի առաջ, ցուցարարները օրերով պահանջում էին անմիջապես ձերբակալել ոստիկաններին:
Ավելի վաղ Ազգային ժողովում անդրադառնալով Ուլուբաբյանի պնդմանը, թե ծեծի է ենթարկվել ութ հոգու կողմից, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հրապարակել է դատաբժշկական փորձաքննության արդյունքները, ըստ որոնց՝ նշված վնասվածքները «չեն հաստատվել զննությամբ և չեն ճանաչվել որպես մարմնական վնասվածք»։
Civilnet











