Գլխավոր Լրահոս

«Արևմտյան Ադրբեջան» համայնքի լուծարման մասին լուրերը չեն հաստատվում

«Արևմտյան Ադրբեջան» համայնքի լուծարման մասին լուրերը չեն հաստատվում

Հայկ Հովհաննիսյան

Սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում օգոստոսի 14-ից տարածվում են տեղեկություններ, թե Ադրբեջանի իշխանությունները որոշել են լուծարել, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» համայնքը և դրա հետ կապված ադրբեջանական բոլոր կազմակերպությունները։

Ըստ տարածվող լուրերի՝ այս մասին հայտնել են համայնքի անդամները, նշվում է, թե որոշումը կապված է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպման և Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների հետ։

#CivilNetCheck-ը գնացել է այս տեղեկությունների հետքերով։

Կազմակերպության ղեկավարը հերքել է տարածվող լուրերը

«Արևմտյան Ադրբեջան» կազմակերպության կառավարման խորհրդի նախագահ Ազիզ Ալեքբերլին օգոստոսի 15-ի կեսօրին ադրբեջանական Pravda.az-ին տված մեկնաբանությունում հերքել է լուծարման մասին տեղեկությունները՝ դրանք անվանելով «ամբողջովին ֆեյք»։ Նա պնդել է, որ այս լուրերը իբր տարածվել են Հայաստանից և խոստացել, որ համայնքը պաշտոնական հայտարարություն կտարածի։ Ադրբեջանական Caliber.az և Dia.az լրատվական կայքերը ևս տարածել են այս հերքումը։

Էկրանապատկերում՝ Ազիզ Ալեքբերլիի հերքումը [ավտոմատ թարգմանություն]

Մինչ այժմ (օգոստոս 15-ի ժամը 18։00-ի դրությամբ) կազմակերպության կայքում և պաշտոնական էջերում հայտարարություն չի հրապարակվել, սակայն Ազիզ Ալեքբերլին ֆեյսբուքյան իր էջերում տեղադրել է տարածվող գրառումներից մեկը՝ վրան «ֆեյք» պիտակով։

#CivilNetCheck-ը հարցում է ուղարկել ադրբեջանական կազմակերպության մամուլի ծառայությանը՝ խնդրելով պարզաբանել տարածվող տեղեկությունները։ 

Ինչպես են տարածվել լուրերը

Թեև Ազիզ Ալեքբերլին պնդել է, թե տեղեկությունը տարածվել է Հայաստանից, սակայն #CivilNetCheck-ի ուսումնասիրությունը փաստում է, որ դրա մասին առաջինը հայտարարել է ադրբեջանական Dia.az կայքի թղթակից Մուհամմեդ Արսոյը՝ իր ֆեյսբուքյան էջում օգոստոսի 14-ին։ Նա գրել էր՝ «Արևմտյան Ադրբեջան անվանմամբ բոլոր կառույցները լուծարվում են»։ Այս գրառումը, սակայն, հեղինակը ջնջել է հաջորդ օրը։

Ժամեր անց լուրը տարածել է ադրբեջանական ընդդիմադիր համարվող Time TV առցանց հեռուստաալիքը՝ վկայակոչելով համայնքի «ակտիվ անդամներին» և հենց Ալեքբերլիին։ Նրանց պնդմամբ՝ Ալեքբերլին ասել է, որ նախագահի վարչակազմից ստացել է համապատասխան ցուցում։ Տեղեկությունը լայն տարածում է ստացել նաև ադրբեջանական HamamTimes, AzeriTimes և Azerbaijani Armed Forces հարթակների միջոցով։

Պատկերում՝ ադրբեջանական լրատվական աղբյուրների հրապարակումները

Մեծ տարածում ու ազդեցություն է ունեցել հատկապես «Хроника Кавказа» տելեգրամյան ալիքի հրապարակումը, որը հետագայում վերահրապարակվել է հայկական տիրությում՝ իշխանությունների հետ փոխկապակցված համարվող «Բաղրամյան26», «Ինֆոտեկա24» և այլ տելեգրամ ալիքներում։

Վաշինգտոնյան հայտարարությունը և իրավական հարցերը

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի, Հայաստանի և ԱՄՆ ղեկավարների ստորագրած համատեղ հայտարարությունը շրջանակային քաղաքական փաստաթուղթ է և չի պարունակում կետեր, որոնց համաձայն՝ ադրբեջանական կողմը պարտավորվել է լուծարել որևէ կազմակերպություն։

Միաժամանակ, խաղաղության պայմանագրի նախաստորագրումն իրավական ուժ չունի մինչև դրա ստորագրումն ու վավերացումը։ Հետևաբար, նույնիսկ եթե նման պարտավորություններ լինեն, դրանք դեռ իրավաբանորեն պարտադիր չեն։

Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» համայնքը փաստացի կապված է Ադրբեջանի իշխանությունների հետ և օգտագործվում է 2020 թվականի պատերազմից հետո Հայաստանի դեմ քաղաքական օրակարգում։ Կազմակերպությունը պարբերաբար հայտարարություններ է անում, որոնք պահանջներ են պարունակում Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ։

Փաստերի ստուգում

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում