Գլխավոր Լրահոս

«Արցախյան» անձնագիրը՝ ինքնության կիսատ հավաստում

«Արցախյան» անձնագիրը՝ ինքնության կիսատ հավաստում

Հայկ Ղազարյան

Տասնյակ հազարավոր արցախցիներ ունեն ՀՀ անձնագրեր, որոնք չեն տարբերվում ՀՀ քաղաքացիների անձնագրերից։ Սակայն 2023-ի հոկտեմբերից Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ արցախցիների անձնագրերն իրականում «ճամփորդական փաստաթղթեր» են և քաղաքացիություն չեն նշանակում։ Հայաստանի իշխանությունները հղում են անում 1999-ի փետրվարի 24-ին Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կնքված «անձնագրային համակարգի կազմակերպման» մասին համաձայնագրին։

Անձնագրային համակարգի կազմակերպման համաձայնագրի առեղծվածը

«Անձնագրային համակարգի կազմակերպման» մասին համաձայնագրի մասին հանրության լայն շրջանակները առաջին անգամ լսեցին Արցախի հայաթափումից հետո պաշտոնյաների հարցազրույցներից։

2023-ի հոկտեմբերի 26-ին Ներքին գործերի փոխնախարար (ներկայում նախարար) Արփինե Սարգսյանը հայտարարեց, որ Արցախում տրվող «070» ծածկագրով անձնագրերը չեն հաստատում ՀՀ քաղաքացիություն։ Նույնը պնդեց  Արդարադատության այն ժամանակվա նախարար Գրիգոր Մինասյանը և Միգրացիայի ու քաղաքացիության ծառայության պետ (ներկայում ՆԳ նախարարի տեղակալ) Արմեն Ղազարյանը։

«Անձնագիրը, որ այն ժամանակ տրվել է՝ 1999-ին, եթե չեմ սխալվում, այն ժամանակվա ներքին գործերի նախարարի ու Լեռնային Ղարաբաղի ներքին գործերի նախարարի միջև միջպետական համաձայնագիր է եղել, որի հիման վրա նշվել է, որ այդ անձնագրերը ուղղակի տրվում են Լեռնային Ղարաբաղի բնակիչներին որպես travel document [ճամփորդական փաստաթուղթ], այսինքն՝ որպես փաստաթուղթ, որով հնարավորություն կլինի դուրս գալ երկրից, ճամփորդել»,- 2023-ի հոկտեմբերին նշել էր ՀՀ արդարադատության այն ժամանակվա նախարարի խորհրդական Արտյոմ Սուջյանը։

ՍիվիլՆեթի հարցումներից հետո պարզվել է, որ 1999-ի փետրվարի 24-ի «անձնագրային համակարգի կազմակերպման» մասին համաձայնագրի տեղեկատվությունը գաղտնագրվել է: Փաստաթուղթը ստանալու նպատակով ՍիվիլՆեթը դիմել է պետական տարբեր մարմինների: Արտաքին գործերի նախարարությունը 2024-ի մարտի 14-ին հաստատել է, որ փաստաթուղթն ունի «գաղտնի» դրոշմագիր և գաղտնիության ժամկետը դեռ չի լրացել:

Ամենավաղ հայտնաբերված հիշատակումը այս համաձայնագրի մասին կարելի է գտնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) «Չիրագովը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով 2015-ի վճռում։ Այս գործով ադրբեջանցի դիմումատուները պնդել էին, որ հակամարտության պատճառով կորցրել են իրենց ունեցվածքը, և համարում են, որ Հայաստանը պատասխանատու է, քանի որ աջակցում է Լեռնային Ղարաբաղի «անջատողականներին», և այնտեղ իրականացնում է որոշակի իրավազորություն: Դիմումատուները և Ադրբեջանի կառավարությունը նաև պնդել էին, որ ԼՂ-ի և հարակից տարածքների բնակիչներին պարբերաբար տրվել են հայկական անձնագրեր:

Հայկական կողմն ի պատասխան այդ պնդումների՝ մեջբերել է «անձնագրային համակարգի կազմակերպման» մասին համաձայնագրի առաջին հոդվածը։ Ըստ որի՝ կողմերը պայմանավորվում են, որ այդ անձնագրերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների կողմից կարող են միայն օգտագործվել Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներից դուրս ճամփորդելու նպատակով և չեն կարող օգտագործվել որպես անձը հաստատող փաստաթուղթ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կամ Հայաստանի Հանրապետությունում ներքին օգտագործման համար։

ՄԻԵԴ-ի «Չիրագովը և այլք ընդդեմ Հայաստանի» գործի վճիռ, տե՛ս էջ 43

Ըստ իրավաբան Արա Ղազարյանի՝ Հայաստանը չէր կարող նման համաձայնագիր կնքել. «Ավելի շուտ հուշագիր է եղել, որովհետև Արցախը միջազգային իրավունքի սուբյեկտ չէր։ Իսկ հուշագիրը չի կարող իրավական հետևանք առաջացնել»։

«Կամ պետք է Արցախի իշխանությունները Հայաստանի Սահմանադրությամբ ստեղծված մարմին լինեին, բայց իրենք այդպիսին չէին։ Հայաստանի պետական մարմինը չի կարող կնքել համաձայնագիր ինչ-որ մի մարմնի հետ, որը ո՛չ միջազգային իրավունքով, ո՛չ էլ մեր Սահմանադրությամբ ճանաչված չէ»,- ասաց իրավաբանը։

Ժիրայր Պողոսյանը, որը այդ շրջանում (1998-1999) եղել է Արցախի վարչապետը և նախկինում տարբեր պաշտոններ է զբաղեցրել ԼՂ-ում, ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց, որ արցախցիները արտերկիր մեկնելու հնարավորություն չունեին, և նա Հայաստանի այն ժամանակվա անձնագրային վարչության պետ Ալվինա Զաքարյանի հետ պայմանավորվել էր խնդիրը լուծելու շուրջ՝ առանց որևէ փաստաթուղթ ստորագրելու։

«Նստել ենք բանակցել ու պայմանավորվել, որ ինքը «070» համարը տալիս է մեզ, բայց չեն ձևակերպում որպես Ղարաբաղ, այլ համարում են որպես Գորիսի ենթաշրջան: Հետո ինքը սկսեց այդ գործը Արցախի ներքին գործերի նախարարության միջոցով կատարել: Խոսակցությունը եղել է միայն բանավոր, որևէ արձանագրություն չի եղել»,- ասաց Ժիրայր Պողոսյանը։

Արա Ղազարյանն ասում է, որ «070» ծածկագիրը պարզապես անձնագրային սեղանի տարածքային ստորաբաժանում է [էր] և օրենքում սահմանված հասկացություն չէ. «Ուղղակի Արցախը համարվել է Հայաստանի վարչատարածքային ստորաբաժանման միավորներից մեկը, որը մեծ հաշվով այդքան էլ օրինական չէր»։ 

Արա Ղազարյան

1999-ին Արցախում ներքին գործերի նախարար էր Ռոբերտ Շաֆերյանը, որը ևս չի հիշում նման համաձայնագրի մասին, սակայն ասում է, որ Հայաստանում ու Արցախում նույն համակարգն էր գործում. «Լինի անձնագիր ստանալը, թե վարորդական իրավունքը, կապված էին կենտրոնական ապարատի՝ Երևանի հետ»։

Շաֆերյանից հետո՝ 1999-ին հուլիսին, ներքին գործերի նախարար էր նշանակվել Արթուր Աղաբեկյանը, նա նման համաձայնագրի մասին ոչ հիշում է, ոչ էլ լսել է։

Ըստ Աղաբեկյանի՝ իրավական առումով երկու պետությունների ամբողջական ինտեգրում էր գոյություն ունեցել, արցախցիները Հայաստանում կարողացել են բարձր պաշտոններ զբաղեցնել։

Ուշագրավ է, որ 2005-2015-ին քննված «Չիրագովի» գործով Հայաստանի կառավարությունը նաև պնդել է, որ 1999-ի համաձայնագրի շրջանակում Արցախում անձնագիր է ստացել 1000-ից քիչ անձ:

«1999-ին, երբ ես նշանակվել եմ ներքին գործերի նախարար, չի եղել մարդ, որ չի ունեցել Հայաստանի Հանրապետության անձնագիր, գործընթացն ավարտված էր անգամ»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Աղաբեկյանը։ Ռոբերտ Շաֆերյանը ևս պնդեց, որ 1999-ի դրությամբ բոլոր չափահաս անձինք արդեն անձնագրեր ունեին։

Էական տարբերությունն այն էր, որ Արցախում հաշվառված անձինք չէին կարող մասնակցել Հայաստանի ընտրություններին` երկրում հաշվառման բացակայության հիմքով։ Սակայն նախկինում՝ մինչև 2023-ը, Հայաստանում հաշվառվելու դեպքում նրանք ձեռք էին բերում ընտրություններին մասնակցելու իրավունք։

Ժիրայր Պողոսյանը նաև պատմեց, որ անձնագրային խնդիրները լուծելու օրերին արժանացել է Ռոբերտ Քոչարյանի խիստ կշտամբանքին։

«Արցախի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Գաբրիելյան Էմմային այն ժամանակ մի փոքր պատմում եմ անձնագրերի մասին, ինքն էլ հարցազրույց է տալիս, որտեղ ասում է՝ մենք շուտով հայկական անձնագրեր ենք ունենալու: Երբ սկսում ենք ստանալ անձնագրեր, պարոն Քոչարյանին տեղյակ չենք պահում, մտածելով, որ լուրջ բան չէ, չնայած հետը նորմալ հարաբերություններ եմ ունեցել այն ժամանակ։ Նա էլ Երևանից զանգում է ու ասում՝ ի՞նչ իրավունքով եք այդպիսի բան անում և տարածում ամբողջ աշխարհով։ Դրանից հետո բոլոր խոսակցությունները վերանում են»,- ասաց Պողոսյանը։

Հայց՝ ընդդեմ Հայաստանի ՆԳՆ-ի

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ ներքին գործերի նախարարության՝ պահանջելով տրամադրել լիարժեք տեղեկատվություն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև կնքված միջպետական համաձայնագրի վերաբերյալ։ Հայաստանի վարչական դատարանը բավարարել է ՀԿ-ի հայցը՝ պարտավորեցնելով տրամադրել տեղեկատվությունն ամբողջ ծավալով, սակայն ՆԳՆ-ն բողոքարկել է դատարանի այս որոշումը։ 

Հայաստանի ներքին գործերի նախարարությունը, ի պատասխան ՍիվիլՆեթի հարցման, օգոստոսի 26-ին պատասխանել է, որ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում այդ միջպետական համաձայնագրի վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ։ Գերատեսչությունը նաև չի հայտնել տեղեկատվությունը տնօրինողի հասցեն։ Սա այն պայմաններում, երբ ՆԳ նախարարը, ՆԳ ծառայության պետը և ոլորտի այլ պատասխանատուները իրենց հարցազրույցներում մշտապես հղում են անում Հայաստանի և Արցախի միջև կնքված միջպետական որոշման՝ ըստ որի՝ արցախցիների կապույտ անձնագրերը քաղաքացիություն չեն հավաստում և ճամփորդական փաստաթուղթ են:

Անհասկանալի են նաև այն մեկնաբանությունները, որոնց համաձայն՝ այդ համաձայնագրի վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը այսօր կարող է վնասել Հայաստանին՝ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից և 2023-ի սեպտեմբերի Արցախի հայաթափումից հետո։

Ինչ հիմքով են արցախցիները անձնագրեր ստացել

Ըստ 1995-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի՝ Հայաստանի քաղաքացիներ են ճանաչվել՝

  • ՀՀ-ում մշտապես բնակվող նախկին ՀԽՍՀ քաղաքացիները, եթե մինչև Սահմանադրության ուժի մեջ մտնելը չեն ստացել այլ պետության քաղաքացիություն,
  • ՀՀ-ում վերջին երեք տարում մշտապես բնակվող անձինք կամ նախկին ԽՍՀՄ քաղաքացիները, եթե մեկ տարվա ընթացքում դիմում են ՀՀ քաղաքացիություն ստանալու համար,
  • 1991-ի սեպտեմբերի 21-ից հետո ՀՀ-ից դուրս բնակվող կամ արտերկրում ապրող ծագումով հայ նախկին ՀԽՍՀ քաղաքացիները, ովքեր չեն ստացել այլ պետության քաղաքացիություն և եղել են հյուպատոսական հաշվառման մեջ:

Այս խմբի մեջ փաստորեն չեն մտնում արցախցիները։ Իրավաբան Արա Ղազարյանի կարծիքով, արցախցիներին հնարավոր է մեկնաբանության ուժով են անձնագրեր տրամադրել։

«Քոչարյանը ո՞նց դարձավ նախագահ։ Քոչարյանը նախագահ դառնալիս չէր բավարարում «Հայաստանում մշտապես բնակվելու» պայմանը։ Վճռաբեկ դատարանը մեկնաբանեց՝ Սահմանադրության պրեամբուլայի ուժով Արցախը միշտ եղել է Հայաստանի կազմում, այսինքն՝ Արցախում բնակվող հայերը ավտոմատ համարվել են Հայաստանի քաղաքացիներ: Սա միակ «սողանցքն» է, որը բացատրում է Քոչարյանի՝ ընտրական ցենզի հաղթահարումը»,- ասաց Ղազարյանը։

Ունես անձնագիր՝ քաղաքացի ես, չունես՝ քաղաքացի չես

ՀՀ քաղաքացու անձնագրի մասին օրենքը սահմանում է, որ անձնագիրը` ՀՀ քաղաքացու ինքնությունը և ՀՀ քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է։

«Հա, դե այստեղ հակասություն կա։ Եթե անձնագիր ունես, ու այնտեղ գրված է ՀՀ քաղաքացի, վերջ, ուրեմն դու քաղաքացի ես։ Թե ինչ հիմքով ես ստացել քաղաքացիություն, ինձ թվում է միակ մեկնաբանությունը դա է, որ Արցախը ինքնին համարվել է Հայաստանի բաղկացուցիչ մաս, թեև ոչ միջազգային իրավունքով, ոչ էլ Հայաստանի ներքին օրենքներով»,- ասաց Արա Ղազարյանը։

Ըստ Քաղաքացիության մասին օրենքի՝ ՀՀ քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերն են` ՀՀ քաղաքացու նույնականացման քարտը և անձնագիրը։

Ըստ ՆԳՆ-ի՝ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած 20,196 անձ ունի ՀՀ նույնականացման քարտ, որը տրամադրվում է բացառապես ՀՀ քաղաքացիներին։ 

«070» ծածկագրով անձնագիր ունեցող արցախցիները մինչև 2023-ը առանց խնդրի պաշտոններ էին զբաղեցնում օրենսդիր, գործադիր, դատական մարմիններում, ինչպես նաև դատախազությունում, Քննչական կոմիտեում և այլ կառույցներում։ Ավելորդ է խոսել զինված ուժերի մասին։ 2023-ից հետո զինվորական և քաղաքացիական ծառայությունը շարունակելու նպատակով արցախցիներից պահանջում էին «ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն»՝ նոր անձնագրեր։

Արա Ղազարյանն ասաց, որ «070» ծածկագիրը պարզապես անձնագրային սեղանի տարածքային ստորաբաժանում է [էր] և օրենքում սահմանված հասկացություն չէ. «Ուղղակի Արցախը համարվել է Հայաստանի վարչատարածքային ստորաբաժանման միավորներից մեկը, որը մեծ հաշվով այդքան էլ օրինական չէր»։ 

Օգոստոսի 22-ի դրությամբ ՀՀ քաղաքացիություն է ստացել 10,659 արցախցի, քաղաքացիության համար դիմել է՝ 15,272-ը։ 

109,344 անձ դիմել ու ստացել է ժամանակավոր պաշտպանության վկայական։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում