Հայկ Ղազարյան
2025-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանից մեկնել է 43,875 բռնի տեղահանված արցախցի, վերադարձել՝ 27,920-ը։ Այսինքն՝ 2023-ի սեպտեմբերյան բռնի տեղահանությունից հետո մինչև այս տարվա սեպտեմբերի 1-ը Հայաստանից հեռացել և (դեռ) չի վերադարձել 15,955 արցախցի։ Տվյալները ՍիվիլՆեթին տրամադրել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)։
Նախորդ ամսվա համեմատ վերադարձողների թիվը աճել է 780-ով․ եթե օգոստոսի 1-ին չվերադարձողների թիվը 16,735 էր, ապա սեպտեմբերի 1-ի դրությամբ՝ 15,955։
2024-ի գարնանից մինչև 2025-ի գարուն (մոտ մեկ տարի) չվերադարձողների թիվը պահպանվել է 11-12 հազարի սահմաններում (տե՛ս գրաֆիկը ստորև)։ Սակայն 2025-ի մայիսից սկսվեց նոր ալիք․ չվերադարձողների թիվը ավելացավ շուրջ 4-5 հազարով։ Դա համընկավ այն ժամանակահատվածի հետ, երբ դադարեցվեց արցախցիների «40+10» հազար դրամ սոցիալական ծրագիրը, և աջակցությունը դարձավ թիրախային՝ միայն խոցելի խմբերին։
ՍիվիլՆեթը բռնի տեղահանված արցախցիների միգրացիային հետևում է 2023-ի դեկտեմբերից։ 2023-ի դեկտեմբերից մինչև 2025-ի սեպտեմբեր միջին հաշվով ամեն ամիս Հայաստանից հեռանում և չի վերադառնում մոտ 500 արցախցի։
ՆԳՆ-ի տրամադրած տվյալներով՝ օգոստոսի 22-ի դրությամբ ՀՀ քաղաքացիություն է ստացել 10,659 արցախցի, դիմել՝ 15,272-ը։ Քաղաքացիության ձեռբերումը կարևոր նախապայման է բնակարանային ապահովման ծրագրերից օգտվելու համար։
***
2023-ի հոկտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունն ընդունեց որոշում, որով արցախցիներին ժամանակավոր պաշտպանության տակ է վերցնում և նրանց օրենքի ուժով ճանաչում փախստական։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից հունվարին Ինֆոքոմին հայտնել էին, որ բռնի տեղահանվել է շուրջ 150,000 անձ և նշել էին, որ հստակ թիվ հայտնել հնարավոր չէ:
Տե՛ս նաև
Civilnet











