Մեկ անձ՝ դիմակավորված, ձեռնոցներով, մոտեցել է երեք անձանց և կրակահերթ արձակել․ ՆԳՆ մամուլի խոսնակ

«Մեկ անձ՝ դիմակավորված, ձեռնոցներով, մոտեցել է այստեղ կանգնած երեք անձանց և արձակել կրակահերթ, որի հետևանքով երկուսը զոհվել են, մեկը՝ վիրավորվել»,- սեպտեմբերի 24-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ ներկայացնելով սեպտեմբերի 23-ին Մերձավան համայնքում տեղի ունեցած հրազենային հարձակման վերաբերյալ նախնական տվյալները, որի հետևանքով սպանվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը։
Սարգսյանի խոսքով՝ ժամը 23:50-ի սահմաններում ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ կրակոցներ են հնչել Մերձավան համայնքի Երևանյան խճուղում։
«Անմիջապես դեպքի վայր են ժամանել ոստիկանության օպերատիվ խմբեր։ Պարզվել է, որ մահացել են երկու անձինք՝ Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարը՝ Վալոդյա Գրիգորյանը և Արարատի մարզային վարչության քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը։ Վիրավորվել է Արծրուն Գալստյանը, որը տեղափոխվել է բժշկական կենտրոն, վիրահատվել է։ Այս պահի դրությամբ՝ մեզ հասած տեղեկատվությամբ, նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- ասել է ՆԳՆ խոսնակը։
Նարեկ Սարգսյանի խոսքով սպանված Արարատի մարզային վարչության քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը դեպքի պահին ծառայության մեջ չի եղել։
«Ոստիկանության ծառայողը ընկերական հարաբերությունների մեջ է եղել համայնքի ղեկավարի հետ և պարզապես այստեղ կանգնած է եղել։ Նա ծառայության մեջ չի եղել»,- ընդգծել է Սարգսյանը։
Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ դեպքի հանգամանքները պարզելու համար տեսախցիկներ են վերծանվել, ստուգվում են Հանրապետության մուտքերն ու ելքերը, մեքենաներ կան տեղափոխված պահպանվող հատուկ տարածք։
Լրագրողի հարցին՝ ի՞նչ քայլեր են իրականացվում հետագա արյունալի դեպքերը կանխելու ուղղությամբ, հաշվի առնելով, որ սա Մերձավանում առաջին դեպքը չէ և շրջանառվում է վենդետայի վարկածը, Սարգսյանը պատասխանել է․
«Վաղ է որևէ մի վարկածի մասին այս պահին հաստատապես խոսել։ Քննարկվում են բոլոր առաջքաշված վարկածները։ Որոշակի գործողություններ կան արված նաև՝ նախկինում այստեղ կատարված, հասարակական հնչողություն ստացած հանցագործությունից հետո։ Դրա մասին, կարծում եմ, առիթ կլինի՝ կզրուցենք։ Բայց վստահեցնում եմ՝ Ներքին գործերի նախարարության, ոստիկանության և մեր իրավապահ մյուս գործընկեր կառույցների համար սա, հավատացեք, սկզբունքային հարց է, որպեսզի դեպքի բոլոր հանգամանքները պարզվեն»։
Նարեկ Սարգսյանը վստահեցրել է, եթե պարզվի, որ եղել են հանգամանքներ, որի ընթացքում որոշ անձինք թերացել են, այսինքն՝ հնարավոր է եղել որոշակի գործողություններով կանխել նման միջադեպերը, ապա նրանք պատասխանատվության են ենթարկվելու։
***
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։
Նախնական տվյալներով կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։
ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ Մերձավանում տեղի ունեցած կրակոցների, համայնքապետ Վալոդյա Գրիգորյան և ևս մեկ անձի սպանության դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ) (Սպանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (Սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Civilnet










