Միքայել արք․ Աջապահյանը մեղավոր ճանաչվեց իշխանությունը զավթելու կոչերի համար

Սեպտեմբերի 24-ին առաջին ատյանի դատարանը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղավոր ճանաչեց ռազմական հեղաշրջման կոչեր անելու մեղադրանքով։
Նախագահող դատավոր Արմինե Մելիքսեթյանը նաև որոշում կայացրեց անփոփոխ թողնել սրբազանի խափանման միջոց կալանքը՝ սահմանափակումներով, օրինակ՝ լրատվամիջոցների հետ չզրուցելու։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 29-ին, որի ընթացքում կորոշվի նրա պատժաչափը։
Գևորգ (Միքայել) Արտաշեսի Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ունենալով արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան և հանդիսանալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետևորդներ և հետևաբար նաև իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումների հետ, օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև՝ 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։
Պաշտպանական կողմը պնդում է, որ դատական գործընթացն անցկացվել է «ամենապրիմիտիվ և ամենակոպիտ խախտումներով»։
Civilnet










