Գլխավոր Լրահոս

Ջալալ Հարությունյանի 5,5 տարվա ազատազրկման դատավճիռը մնացել է ուժի մեջ

Ջալալ Հարությունյանի 5,5 տարվա ազատազրկման դատավճիռը մնացել է ուժի մեջ

Հայաստանի վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 26-ին մերժել է Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, մեղադրյալ Ջալալ Հարությունյանի և նրա պաշտպանի վճռաբեկ բողոքները։ Դատարանը որոշել է բողոքները վարույթ չընդունել՝ ուժի մեջ թողնելով վերաքննիչ քրեական դատարանի հունիսի 18-ի որոշումը։  Սրա մասին հոկտեմբերի 1-ին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է զոհված զինծառայողների իրավահաջորդների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը։ 

2025-ի հունիսի 18-ին Վերաքննիչ դատարանը անփոփոխ էր թողել Ջալալ Հարությունյանի 5,5 տարվա ազատազրկման դատավճիռը։ 

Ջալալ Հարությունյանի փաստաբան Աշոտ Ապրեսյանը ՍիվիլՆեթին ասաց, որ կարդացել է Լիպարիտ Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը, սակայն դեռ չի ստացել դատարանի որոշումը և հետևաբար չի կարող ասել, թե որ բողոքներն են մերժվել։ Նրա խոսքով՝ երեք բողոք է ներկայացվել, սակայն այդ գրառման մեջ անդրադարձ կա միայն հիվանդության և իր միջնորդության մասով բողոքներին։ Փաստաբանի գնահատմամբ՝ հստակ չէ, արդյոք դատարանը քննության է առել նաև այն բողոքը, որը վերաբերում է մեղադրանքի հիմնավորվածությանը։

«Որոշման մեջ անդրադարձ կա հիվանդության մասին բողոքին, ինչպես նաև իմ միջնորդության մասով բողոքին։ Սակայն չի երևում որևէ հիշատակում այն բողոքի մասին, որն առնչվում է մեղադրանքի հիմնավորվածությանը կամ դրա անհիմն լինելուն։ Չեմ կարող ասել՝ դատարանը դա էլ է նկատի ունեցել, երբ գրել է «բողոքները», թե խոսքը վերաբերում է միայն իմ ու Ջալալ Հարությունյանի մեկական բողոքներին։ Հստակ կասեմ միայն այն ժամանակ, երբ որոշումը ստանամ»,- ասա Ապրեսյանը։

***

Ջալալ Հարությունյանը մեղադրվում է «ռազմական դրության, պատերազմի ժամանակ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, որն առաջացրել է ծանր հետևանք» հոդվածով (ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մաս):

Ըստ դատարանի՝ բանակի հրամանատարի ճակատագրական սխալի հետևանքով «Դ-20» հրետանային դիվիզիոնի դիրքերը ենթարկվել են հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի հարձակմանը, ինչի արդյունքում զոհվել է 20 զինծառայող, իսկ մեկ զինծառայող մինչ օրս համարվում է անհետ կորած։ 2020-ի հոկտեմբերի 12-ին, երբ հակառակորդը մոտենում էր հայկական դիրքերին, ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը «Դ-20» դիվիզիոնի ղեկավարության հարցմանը ի պատասխան հայտնել է, որ մոտեցողները յուրայիններ են։ Այդ սխալ գնահատականը, ըստ դատարանի, դարձել է ողբերգական հետևանքի պատճառ։

Պաշտպանական կողմը պնդում է, որ Հարությունյանի արտահայտությունը կարող է խեղաթյուրվել հաղորդակցության շղթայում։ Ըստ նրանց՝ «հնարավոր է՝ մերոնք են» արտահայտությունից հասցեատիրոջը հասել է միայն «մերոնք են»։ Ջալալ Հարությունյանը դիմելու է Վճռաբեկ դատարան՝ Վերաքննիչ դատարանի վճիռը բողոքարկելու նպատակով։

Կարդացեք նաև՝ 

2020-ի պատերազմ, «Դ-20» դիվիզիոնի պատմությունը. Մաս 1

2020-ի պատերազմ, «Դ-20» դիվիզիոնի պատմությունը. Մաս 2

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում