Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Սրբազան պայքար» շարժման 17 աջակիցների գործով հոկտեմբերի 2-ի նախնական դատալսումներին պաշտպան Հովհաննես Խուդոյանը վարույթով ներգրավված բոլոր հինգ հանրային մեղադրողներին բացարկ հայտնեց։ Նրա միջնորդությանը միացան մյուս փաստաբանները։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, ընթացող նիստին փաստաբանը պարզաբանեց, որ բացարկի հիմքում ընկած է հայտնի ձայնագրությունը, որտեղ, ըստ վարույթի նյութերի, զրուցում են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը և Հովհաննես Ավետիսյանը։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և Հովհաննես Ավետիսյանի զրույցը, ըստ մինչ այդ հնչած հայտարարությունների, վերաբերել է Հայաստանի ուժեղացնելու և նրա առջև ծառացած մարտահրավերները, մասնավորապես անվտանգային, լուծելու տեսական մոտեցումներին։
Հովհաննես Ավետիսյանը մինչ այս հայտարարել էր, որ զրույցը տեսական քննարկում էր այն մասին, թե ինչպես պետք է Հայաստանի ժողովուրդը վստահի պետության կառավարումը։ Խուդոյանի խոսքով՝ քրեական վարույթի նյութերում առկա է «ակնհայտ կեղծիք»։
«Երկխոսության առանձին հատված դուրս է բերված արձանագրությունից՝ քննարկման բովանդակությունն այլ համատեքստում ներկայացնելու համար»,- նշեց նա։
Խուդոյանի խոսքով՝ համատեքստից կտրված բովանդակությունը հետագայում օգտագործվել է Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրություններում, ՔԿ նախագահի, գլխավոր դատախազի Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցներում, ինչպես նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունում։
Պաշտպանը ներկայացրեց խոսակցության բովանդակությունը՝ պնդելով, որ այն ամբողջությամբ հակասում է վարույթի նյութերում առկա սղագրությանը։ Նա ընդգծեց, որ գործի քննչական խմբի ղեկավար, քննիչ Մնոյանը, զննությամբ պարզել է, որ խոսակցությունների բովանդակությունը համապատասխանում է դրա ձայնագրառման բովանդակությանը, ինչը պաշտպանի կողմից որակվեց որպես դիտավորությամբ կատարված կեղծիք։
«Ի՞նչ կապ ունի այս ամենը հանրային մեղադրողների հետ․ առնվազն սույն քրեական վարույթով նախնական դատալսումների ժամանակ դատական նիստերի դահլիճում հայտարարվել է, որ քրեական վարույթում առկա են և մեղադրական եզրակացության մեջ տեղ են գտել նշված կեղծված ապացույցները»,- հայտարարեց Խուդոյանը։
Նա հավելեց, որ տեղեկատվությունը ստանալուց հետո էլ հանրային մեղադրողները որևէ գործողություն չեն ձեռնարկել կեղծիքների հանգամանքները պարզելու և իրենց լիազորությունների շրջանակում արձագանքելու համար՝ այն որակելով որպես անտարբերություն և անգործություն։ Ըստ Խուդոյանի՝ այդ անտարբերությունը կարող է պայմանավորված լինել հետապնդվող անձանց հանդեպ ունեցած կանխակալ վերաբերմունքով։
Իր հերթին Բագրատ սրբազանը հայտարարեց, որ ինքը հենց առաջին օրվանից է ասել, որ մեղադրողները «մեղադրող չեն, այլ՝ զրպարտող»։ Նա հարց բարձրացրեց, թե ինչին է վերաբերում այդ զրույցում 2 հոգու գյուլելու ու 15 հոգու բանտարկելու պատմությունը։ Նրա խոսքով՝ դատախազները խաբեության մեջ են։
Նա հույս հայտնեց, որ հանրային մեղադրողներն ինքնաբացարկ կհայտնեն և «այդ քայլով կազատեն իրենց և իրենց սերունդներին ապագա բոլոր դժբախտություններից»։
Պաշտպաններից Միհրան Պողոսյանը դատավորին խնդրեց՝ «մեղադրողների օգնել ազատվել այս քրեական վարույթով հանրային մեղադրող լինելու բեռից, քանի որ նրանք որևէ գործողություն անելու հնարավորությամբ օժտված չեն այս պայմաններում»։
Մեղադրողների դիրքորոշումը
Հանրային մեղադրողները առարկեցին բացարկի միջնորդությանը։ Նրանցից հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը հայտարարեց, որ ելույթներից որոշ հատվածներ քաղաքական բովանդակություն ունեն, ինչին ինքը չի անդրադառնա։
Ինչ վերաբերում է փաստաբան Հովհաննես Խուդոյանի բացարկի միջնորդությանը, ապա ըստ մեղադրանքի կողմի՝ նա դիմել է սոփեստության (Սոփեստությունը տրամաբանական կանոնները կանխամտածված խախտող, կեղծ կամ մակերեսային ապացույցների վրա հիմնված խորամանկ փաստարկում է, որը նպատակ ունի ապակողմնորոշել հակառակորդին - խմբ․)։
«Խուդոյանի բացարկի բուն միջնորդությանը ըստ էության դիմեց հնագույն հնարքի, որը հին իրավունքում կոչվում էր սոփեստություն։ Մեջբերվեց մեղադրական եզրակացությունից քննիչի կողմից այնտեղ ներառված հատվածը ձայնագրությունից, մեջբերվեց զննության արձանագրությունից հատվածը, մեջբերվեց նաև ամբողջ սղագրված տեքստը։ Ի՞նչ է տեղի ունեցել. քննիչը դիտարկելով ձայնագրության մի մասը ներառել է եզրակացությունում այն մասը, որը գտել է վերաբերելի։ Խուդոյանն այս մասին արձանագրելով պնդում արեց, որ տեղի է ունեցել կեղծիք։ Ինչքան էլ կեղծիք բառ կրկնվի, մի բանը, որ կեղծ չէ, չի կարող կեղծ դառնալ։ Մեջբերում է կատարվել այն մասով, որքանով որ վերաբերելի է»,- հայտարարեց հանրային մեղադրողը։
Դատարանում իրավիճակը պարբերաբար լարվում էր պաշտպանների ու դատախազների միջև։
Դատարանը որոշեց մերժել պաշտպանական կողմի միջնորդությունը՝ պնդելով, որ այն չի բխում օրենքի պահանջներից։
Գևորգ Թոսունյան
Civilnet











