Գլխավոր Լրահոս

«Լելե Թեփեի գործ». միայն բրիգադի կամ գումարտակի հրամանատարնե՞րն են մեղադրյալի կարգավիճակում

«Լելե Թեփեի գործ». միայն բրիգադի կամ գումարտակի հրամանատարնե՞րն են մեղադրյալի կարգավիճակում

Հայկ Ղազարյան

«Հրամանատարը որտե՞ղ էր, շտաբի պետերը՝ որտե՞ղ էին, բոլոր ծառայության պետերը որտե՞ղ էին»,- հոկտեմբերի 6-ի դատական նիստին հարցադրում արեց Ստեփանակերտի «Ցոր» զորամասի հրամանատար Արթուր Օհանյանը՝ ի պատասխան դատախազի ներկայացրած փորձագիտական եզրակացության։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում հոկտեմբերի 6-ին կայացավ 2020-ի հոկտեմբերի 7-ի բանակային հակահարվածի («Լելե Թեփեի օպերացիա») գործով հերթական նիստը։ Հանրային մեղադրողը ներկայացրեց փորձագիտական եզրակացություն, որը գնահատում է 2020-ի հոկտեմբերի 7-ի ռազմական գործողության պլանավորման և իրականացման թերությունները։ 

2020-ի հոկտեմբերի 3-ին Ադրբեջանը գրավեց Ջաբրայիլի շրջանի մի քանի գյուղ և բացեց Հորադիզի միջանցքը։ Հայկական կողմը որոշեց հակահարված ձեռնարկել՝ ներթափանցած խմբավորումներին շրջափակելու և սնուցումից զրկելու նպատակով։ Պաշտպանության բանակը հակահարվածը իրականացնելու նպատալով ներգրավեց ռեզերվային ուժերը՝ 8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը և Իվանյանի տանկային բրիգադը։ Այդ օպերացիայի գաղափարի հեղինակը Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն էր։ «Լելե Թեփե-ի օպերացիա»-ի գործով մեղադրյալի աթոռին են Պաշտպանության բանակի 8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի (Ցոր) հրամանատար Արթուր Օհանյանը, նույն զորամասի մոտոհրաձգային գումարտակի հրամանատար Գեղամ Աբրահամյանը և տանկային գումարտակի հրամանատար Գառնիկ Մնացականյանը։

«Կետերով գնում է հարգարժան մեր դատախազը։ Ամեն կետի վերջում ասում է՝ թերացել են բանակի հրամանատարը, թերացել են շտաբի պետը, թերացել են ծառայության պետերը։ Հաջորդ կետին՝ նույն բանը։ Եթե այդքան թերացումներ կան բոլոր օղակներում, ինչո՞ւ է այդ ամբողջ, այսպես ասած, ծաղկեփնջից՝ հրամանատարական կազմի պատասխանատուներից միայն բրիգադի կամ գումարտակի հրամանատարներն են մեղադրյալի կարգավիճակում»,- շարունակեց Օհանյանը։

Ստորև ներկայացնում ենք փորձագիտական եզրակացությունից հատվածները, որը այսօրվա նիստին ներկայացրել է դատախազ Ալեքսանյանը։

Օդը փա՞կ էր արդյոք

Ըստ փորձագիտական եզրակացության՝ առկա ուժերի և միջոցների հնարավորություններից ելնելով՝ հակահարվածին մասնակից բրիգադների հակաօդային պաշտպանության ուժերն ու միջոցները թույլ են տվել լուծելու սահմանված խնդիրները։

Մասնավորապես՝ հակաօդային պաշտպանության համար պաշտպանության բանակի համապատասխան ստորաբաժանումից հատկացվել է երկու միավոր «Տոր-Մ2» մարտական մեքենա, ինչը կազմում է ՊԲ-ում առկա տվյալ միջոցների 40 տոկոսը։

Իսկ «Ցոր»-ի ու Իվանյանի տանկային բրիգադի շարժման երթուղիների որոշ հատվածներ գտնվում էին մինչև վեց միավոր «Օսա-ԱԿ» մարտական մեքենաների խոցման գոտում։

Եռակի գերազանցության մասին

Փորձագետները պատասխանել են հաճախ բարձրացվող հարցին՝ հակահարվածը կարո՞ղ է իրավաչափ համարվել հակառակորդի նկատմամբ ուժերի երեք անգամյա գերազանցություն չունենալու պայմաններում։

Ըստ փորձագիտական եզրակացության՝ հակահարվածը իրավաչափ, օրինական կարող է համարվել հակառակորդի նկատմամբ ուժերի երեք անգամյա գերազանցություն չունենալու պայմաններում։

«Օպերացիաների նախապատրաստման և վարման հիմունքների համաձայն՝ զորքերի շարակարգումը պետք է ապահովի ընտրված ուղղություններում հակառակորդի նկատմամբ առավելության ստեղծում, սակայն որևէ քանակական հստակ պահանջ սահմանված չէ»,- ընթերցեց դատախազը։ 

Ութ նշանակետ է հայտնաբերվել՝ սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 4-ը

Փորձագետները եզրակացրել են, որ հակահարվածից առաջ առկա հետախուզական տվյալները եղել են սակավ, բավարար չեն եղել հակառակորդի մոտ իրադրությունը օբյեկտիվ գնահատելու համար։

Ըստ եզրակացության՝ նշանակետերի մեծ մասը հայտնաբերվել է մինչև պատերազմը՝ սեպտեմբերի 27-ը, և ավել լրահետազոտություն չի իրականացվել։ Ութ նշանակետ հայտնաբերվել է սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 4-ի ժամանակահատվածում, որոնցից հակահարվածի գոտում գտնվում էին միայն երեք նշանակետ։

Այնուամենայնիվ, փորձագետները նշել են, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հակահարվածը հասցվել է ոչ թե դասական չափանիշներով, այլ նեղ ճակատով, հակահարվածի անցկացումը կարող է արդարացված համարվել։

Հակահարվածի պլանավորումը կատարվել է ոչ լիարժեք

Եզրակացությամբ որպես պատասխանատու են նշվել ՊԲ հրամանատարը, շտաբի պետը և հետախուզության բաժնի պետը։ Փորձագետները արձանագրել են, որ իրադրության գնահատումը և հակահարվածի պլանավորումը կատարվել է ոչ լիարժեք։

«Պաշտպանության բանակի հրամանատարի մասով արձանագրվել է թույլ վերահսկողություն իր գործունեության նկատմամբ։ Խնդիրների առաջադրումը կատարվել է ոչ լիարժեք, և նա չի լսել ենթակա զորամասերի հրամանատարների որոշումները»,- ասվում է փորձագիտական եզրակացության մեջ։

Փոխգործակցության և կառավարման խնդիրները

Փորձագետները եզրակացրել են, որ «որևէ օղակում փոխգործակցություն չի կազմակերպվել»։ 

Զորքերի կառավարման վերաբերյալ հանձնաժողովը եկել է եզրակացության, որ «ստացված տեղեկատվությունը հաճախ չի համապատասխանել իրականությանը», որի արդյունքում կայացվել են ոչ համաչափ որոշումներ։ Եզրակացությունը հստակեցնում է՝ «զորքերի կառավարումը բոլոր օղակներում կազմակերպվել և իրականացվել է ոչ արդյունավետ»։

Մարտական գործողությունների վարման սխալները

Փորձագետները արձանագրել են, որ 8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի («Ցոր») շարասյունը անգամ չի հասել գրոհի անցման գծին։ Հանդիպելով հակառակորդի խմբավորմանը՝ բրիգադը մտել է մարտի մեջ, ոչնչացրել այն, և չնայած հաջողություն ունենալուն, փաստացի դադարեցրել է հետագա գործողությունները։

Փորձագետները նշել են նաև, որ հակահարվածի մասնակից բրիգադները («Ցոր»-ը և Իվանյանի տանկային բրիգադը), չունենալով հակառակորդի վերաբերյալ ստույգ և բավարար տվյալներ, պարտավոր էին կազմակերպել հետախուզություն առկա ուժերով՝ դիտակետեր կազմակերպել, առաջապահ ստորաբաժանումներ ներգրավել և այլն, որոնց համար պատասխանատու են եղել զորամասերի  հրամանատարները։

Ձախողված բանակային հակահարվածի գործով հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին։ Նախորդ երկու նիստերը անկացվել են դռնփակ ռեժիմով։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում