Ռամիզ Մեհդիև. հետաքրիքր դրվագներ Ադրբեջանի երբեմնի կլանային ղեկավարի մասին

Բաքվի դատարանը նախօրեին չորս ամսվա տնային կալանք է նշանակել նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևի համար, որը մեղադրվում է իշխանության բռնազավթման, պետական դավաճանության, կեղծ ձեռնարկատիրության մեջ: Ադրբեջանցի վտարանդի մտավորական Արիֆ Յունուսովը Ադրբեջանում կլանային համակարգի մասին ծավալուն հոդված ունի 2025-ին Երևանում հրատարակված «Կոտրված վահան» գրքում։ «Ժամանակակից Ադրբեջանի իշխանական թիմն ու վերնախավերը» վերնագրված հոդվածից որոշ դրվագներ ամփոփ ներկայացված են ստորև։
Ռամիզ Մեհդիևը Հեյդար և Իլհամ Ալիևների վարչակարգերի առանցքային, բայց նաև հակասական գործիչներից մեկն էր՝ Ադրբեջանի կլանային համակարգի գաղափարական ճարտարապետն ու «գորշ կարդինալը»։ Ավելի քան երեք տասնամյակ նա ղեկավարում էր նախագահի աշխատակազմը։ Նրա միջոցով Նախիջևանյան կլանը վերահսկում էր Ադրբեջանի քաղաքական, տնտեսական և տեղեկատվական ամբողջ համակարգը։
Մեհդիևը Հեյդար Ալիևի մերձավոր վստահյալն էր դեռ խորհրդային տարիներից։ Նրա կառավարման երկրորդ շրջանի ընթացքում (1993-2003) Մեհդիևը դարձավ Նախիջևանյան կլանի գլխավոր կազմակերպիչն ու համակարգողը՝ իր ձեռքում կենտրոնացնելով իշխանության բյուրոկրատական և քարոզչական ամբողջ համակարգը։ Նրա վերահսկողության տակ էին կադրային քաղաքականությունը, լրատվամիջոցները, կրթական համակարգը և պետական ապարատի գաղափարական ուղղությունները։
Իր պաշտոնական կարգավիճակով՝ նախագահի աշխատակազմի ղեկավար, Մեհդիևը իրականում պետության ստվերային ղեկավարներից էր։ Նա էր մշակել գաղափարական այն հիմքերը, որոնց վրա կառուցվեց Ալիևյան վարչակարգի պետական գաղափարախոսությունը՝ «ազգային միասնություն», «նավթային զարգացում» ևն։ Նրա ղեկավարած վարչական ապարատը վերածվել էր կադրերի ընտրության և վերահսկման փակ համակարգի, որտեղ նշանակումների հիմքում դրվում էր ոչ թե մասնագիտական որակավորումը, այլ կլանային ծագումն ու անձնական հավատարմությունը։
Արիֆ Յունուսովի վերլուծությամբ՝ Մեհդիևը Նախիջևանյան կլանի առանցքային դեմքերից էր՝ հայր Ալիևի նախագահի եղբայր Ջալալ Ալիևի հետ միասին։ Թեև այս համայնքը փոքր էր (1999-ի մարդահամարի տվյալներով՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում ընդամենը 354,000 բնակիչ կար), բայց վերահսկում էր պետական բյուջեն, էներգետիկ և մաքսային համակարգերը, ինչպես նաև լրատվամիջոցները։
Նախիջևանցիների կողքին ձևավորվել էին նաև երկու այլ խոշոր խմբավորումներ՝ էրմանիստանցիները (Հայաստանից եկած ադրբեջանցիներ) և այսպես կոչված «քրդական» խմբավորումը։ Մեհդիևը փորձում էր հավասարակշռություն պահել այս երեք կենտրոնների միջև՝ կանխելով ուժերի կենտրոնախույս շարժումները։ Այդ հավասարակշռությամբ ապահովվում էր Հեյդար Ալիևի վերահսկողությունը երկրի ներքին քաղաքականության վրա։
Ալիևյան կլանային համակարգի առանձնահատկությունն այն էր, որ դրա գործունեությունը կարճատեսորեն սահմանափակվում էր ներքին տնտեսական և քաղաքական շահերով։ Մեհդիևի համակարգը քիչ էր հետաքրքրված արտաքին քաղաքականությամբ կամ Ղարաբաղյան բանակցություններով և կենտրոնացած էր ներքին վերահսկողության, տնտեսական մենաշնորհների և անձնական հարստացման վրա։
Փաշաևների հետ հակասությունների սկիզբը
Իլհամ Ալիևի իշխանության գալուց հետո Մեհդիևի դերը որոշ ժամանակ պահպանվեց։ Սակայն 2000-ականների կեսերից ի վեր նրա ազդեցությունը սկսեց նվազել, երբ իշխանության ներսում սկսեց ձևավորվել նոր կենտրոն՝ ի դեմս նախագահի կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի Փաշաևների ընտանիքի։ Սա տիպիկ բաքվեցի, կիրթ, Արևմուտքում կապերով ընտանիք էր, որը Հեյդար Ալիևի ձևավորած «գավառական» վերնախավի համար օտար էր։
Նախիջևանցիների հին գվարդիան՝ Մեհդիևի գլխավորությամբ, բացահայտ անհանգստությամբ էր ընդունում Փաշաևների աճող ազդեցությունը։ Մեհդիևը նրանց նկատմամբ դրսևորում էր բացահայտ թերահավատություն և հաճախ ակադեմիական ձևակերպումներով քննադատում էր նոր ընտանիքի «գլամուրային» քաղաքականությունը՝ այն դիտարկելով որպես դասական պետական գաղափարախոսության ապամոնտաժում։ Փաշաևները, իրենց հերթին, նրան և նրա շրջապատին դիտում էին որպես խորհրդային մտածողությամբ հին կլանի մնացորդներ, որոնք խանգարում են ռեժիմի արդիականացմանն ու իշխանության ժառանգական վերահսկողության հաստատմանը։
Մեհրիբանի առաջադրումը որպես քաղաքական մեսիջ
Այս հակասությունները ավելի սրվեցին, երբ 2018-ի նախագահական ընտրություններին զուգահեռ իշխանական շրջանակներում լուրեր տարածվեցին, որ քննարկվել է ոչ միայն Իլհամ Ալիևի, այլև Մեհրիբան Ալիևայի թեկնածության առաջադրումը։ Այս գաղափարը առաջ էր քաշվել Փաշաևների ընտանիքի կողմից՝ որպես իշխանության ներսում նոր ժառանգական մոդելի փորձարկում։ Նպատակը հստակ էր՝ Մեհրիբանին ներկայացնել որպես «ժամանակակից, քաղաքակիրթ և կանացի» շարունակություն Ալիևյան գծի՝ երկարաժամկետ հեռանկարում իշխանության ժառանգական փոխանցման նոր սխեմայով։
Մեհդիևը և հին գվարդիայի մյուս ներկայացուցիչները դա ընկալեցին որպես իրենց քաղաքական մահախոսական։ Նրա համար Մեհրիբանի թեկնածության գաղափարը խորհրդանշում էր ոչ միայն հին կլանային համակարգի ավարտը, այլև այն, որ Ալիևների իշխանությունը վերածվում է ընտանեկան, կորպորատիվ նախագծի։
Դրան ի պատասխան՝ Մեհդիևը փորձեց հակահարված տալ։ Նա ակադեմիական և մամուլի հարթակներում տարածեց հոդվածներ, որտեղ անուղղակիորեն քննադատում էր «իշխանության գենդերային տրանսֆորմացիան»՝ հեգնելով այն որպես «ընտանեկան պետություն» կառուցելու փորձ։ Այս հրապարակումները բացահայտ ազդակ էին, որ հին կլանը չի պատրաստվում առանց պայքարի զիջել իր դիրքերը։
Անկումն ու վերջնական հեռացումը
Իլհամ Ալիևն արդեն անշրջելիորեն կանգնած էր կնոջ և Փաշաևների կողմում։ 2019-ին Մեհդիևը պաշտոնապես հեռացվեց նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից՝ տարիքի պատճառաբանությամբ, իսկ 2020-ին սկսվեց նրա դեմ համակարգված քարոզարշավ՝ մեղադրանքներով, թե նա դիրքը տարիներ շարունակ օգտագործել է «հին կլանի շահերի» համար։ Նրան մեկուսացրին՝ թողնելով միայն ձևական պաշտոն Գիտությունների ազգային ակադեմիայում։
Այդ կերպ ավարտվեց Ռամիզ Մեհդիևի քաղաքական ուղին՝ մի մարդու, որը երեք տասնամյակ եղել էր Ադրբեջանի կլանային պետության բյուրոկրատական ուղեղը և գաղափարական հենասյունը։ Նրա անկումը խորհրդանշեց Նախիջևանյան կլանի ազդեցության նվազումը և Բաքվի նոր էլիտայի՝ Փաշաևների վերելքը։
Civilnet










