Բաքվի ռազմական դատարանն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին նոր պաշտպան է տրամադրել, նա ադրբեջանցի Էմիլ Բաբիշովն է։ Այսօր շարունակվել է Վարդանյանի կեղծ դատավարությունը։
Նախորդ նիստին Վարդանյանը միջնորդություն էր ներկայացրել՝ հրաժարվելու իր նախկին պաշտպան Աբրահամ Բերմանի ծառայություններից՝ դատավարության ընթացքից դժգոհություն հայտնելու պատճառով։ Քանի որ Վարդանյանը նոր պայմանագրային փաստաբան չուներ, դատարանի որոշմամբ նշանակվել է պետական պաշտպան։
Վարդանյանն ընտանիքի միջոցով հայտարարել էր, որ պաշտպանից հրաժարվելն ուղղված է որպես բողոք ընդդեմ դատավարության՝ այն որակելով որպես բացահայտ ֆարս։
Դատարանը նոր փաստաբան Բաբիշովին լրացուցիչ ժամանակ է հատկացրել Վարդանյանի հետ հանդիպելու և գործի 422 հատոր նյութերին ծանոթանալու համար։
Հերթական նիստը տեղի կունենա նոյեմբերի 4-ին։
***
2023-ի սեպտեմբերին Արցախի դեմ իննամսյա շրջափակումից և երկրամասի ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, նախկին արտգործնխարար Դավիթ Բաբայանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և ՊԲ հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Նրանց ներկայացված են բազմապիսի կեղծ մեղադրանքներ, որոնք նախատեսում են ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում։ Ռազմական դատարանի առջև նրանցից բացի կանգնած է ևս ութ հոգի։
Civilnet











