Ռասմուս Կանբեկ, Հոդվածը հրապարակվում է OC Media-ի հետ գործընկերության շրջանակում։
Արտահոսած փաստաթղթերը, որոնք ուսումնասիրել է OC Media-ն, բացահայտում են, թե ինչպես է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը համակարգել և ֆինանսավորել «Արևմտյան Ադրբեջան» պատմույթի միջազգային տարածումը՝ արշավ, որը, թեև ներկայացված է որպես մարդասիրական, սակայն հող է նախապատրաստում հայկական տարածքի նկատմամբ հնարավոր իռեդենտիստական պահանջների համար։
Վերջին տարիներին Ադրբեջանը արշավ է սկսել՝ նվիրված «Արևմտյան Ադրբեջան» հասկացությանը։ Այս եզրույթը վերաբերում է ոչ թե իր սեփական տարածքին, այլ Հայաստանի Հանրապետության մի մասին կամ ամբողջ տարածքին։
Արշավը ներկայացվում է որպես մարդասիրական ջանք՝ աջակցելու Խորհրդային Միության փլուզման ժամանակ Հայաստանից տեղահանված ադրբեջանցիների «անվտանգ և արժանապատիվ վերադարձին»։ 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին՝ Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի սկզբում, հարյուր հազարավոր հայեր և ադրբեջանցիներ տեղահանվեցին, երբ երկու երկրներում էթնիկ լարվածություն ստեղծվեց և բռնություններ տեղի ունեցան։
Ժամանակի ընթացքում «Արևմտյան Ադրբեջան» պատմույթը վերածվել է պետության կողմից ուղղորդվող հաղորդակցման ռազմավարության: Երևանի հետ շարունակվող հակամարտության ընթացքում Բաքուն այս նախաձեռնությունն այժմ պարբերաբար որպես քարոզչական գործիք է օգտագործում:
Թեև արշավը հրապարակայնորեն ներկայացվում է որպես մշակութային կամ մարդասիրական՝ անկախ փորձագետները բացահայտել են հստակ իռեդենտիստական ենթատեքստ։ Մեծ Բրիտանիայում բնակվող, Արևելյան Եվրոպայի և Կովկասի տարածաշրջանի հարցերով վերլուծաբան Թոմաս դե Վաալը 2023-ին Carnegie Europe-ի համար գրած հոդվածում նախաձեռնությունը բնութագրել է «պարզապես իռեդենտիստական»։
Ադրբեջանի կառավարությունից արտահոսած փաստաթղթերը, որոնք հայտնվել են OC Media-ի տրամադրության տակ, ցույց են տալիս, որ այս խոսույթը մեծապես համակարգվում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կողմից և ստանում դրա աջակցությունը՝ չնայած, որ այն ղեկավարում է «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ը:
«Ադրբեջանի կառավարությունը ձգտում է մշտապես կենդանի պահել ազգայնական ոգևորությունը»,- OC Media-ին ասել է Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի հրավիրյալ գիտաշխատող և Ադրբեջանի քաղաքացիական հարցերով փորձագետ Ալթայ Գոյուշովը։
«Այն որպես գործիք է ծառայում՝ հասարակական կարծիքը մոբիլիզացնելու համար և շեղելու մարդկանց սոցիալական խնդիրներից ու իրենց իրավունքներից, որոնցից զրկված են։ Ավելին, այն գործում է որպես ուրույն Դամոկլյան սուր՝ Հայաստանին վախեցնելու համար»,- հավելել է նա։
Ուղերձ` օտարերկրյա ձայների միջոցով
Փաստաթղթերը ցույց են տալիս, որ նախագահի վարչակազմը անմիջականորեն ֆինանսավորել և վերահսկել է քարոզարշավը՝ կազմակերպելով համաժողովներ, վարձելով հաղորդակցության խորհրդատուներ և պատրաստելով ինֆորմացիոն նյութեր: Ֆայլերում նշված անունները, ամսաթվերը և պայմանագրերը համապատասխանում են հրապարակայնորեն հասանելի փաստաթղթերին:
Գլխավոր իրադարձությունը եղել է 2023-ի դեկտեմբերի 5-6-ը Բաքվում անցկացված բարձր մակարդակի միջազգային համաժողովը՝ «Հայաստանից արտաքսված ադրբեջանցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձի ապահովումը. գլոբալ համատեքստ և արդար լուծում» խորագրով: Ադրբեջանի պետական միջոցները՝ ավելի քան 109,000 ադրբեջանական մանաթ (մոտ 65,000 դոլար), ծածկել են հյուրանոցային կացության, աուդիո-վիզուալ արտադրության, բրենդինգի և ադրբեջանցիների վերադարձին աջակցող բովանդակության տարածման համար թվային հարթակի ստեղծման ծախսերը:
Հյուրընկալվել են առնվազն օտարերկրյա 34 մասնակիցներ Եվրոպայից, Ասիայից և Մերձավոր Արևելքից: Հյուրերի թվում էին Իտալիայի և Հունաստանի համալսարանների գիտնականներ, ռուսաստանյան հաստատությունների վերլուծաբաններ, ինչպես նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայացուցիչը և նախկին խորհրդականը Դոնեցկից (Ռուսաստանի կողմից օկուպացված տարածք Ուկրաինայում): Մասնակիցների մի մասն արդեն ապրում և աշխատում էին Բաքվում, այդ թվում՝ պետական ADA համալսարանի օտարերկրյա գիտնականներ:
Համաժողովից ընդամենը մի քանի օր առաջ կառավարության կողմից ֆինանսավորվող «Ռազմավարական հաղորդակցությունների կենտրոն» հասարակական միավորման հետ պայմանագիր է կնքվել՝ պետության աջակցությունն ստացող «Վիրտուալ Արևմտյան Ադրբեջան» կայքում այս պատմույթին աջակցող բովանդակություն տեղադրելու համար։ Նրանց դերն էր ապահովել, որ համաժողովի քննարկումներն ու եզրակացությունները տարածվեն միջազգային լրատվամիջոցներով։
Չնայած այս ջանքերին՝ միջոցառումից հետո OC Media-ի կատարած վերլուծությունը ցույց է տվել, որ միջոցառումը հետագայում քիչ արձագանք է ունեցել։ Տուն վերադառնալուց հետո քիչ մասնակիցներ են հրապարակավ անդրադարձել համաժողովին կամ դրա թեմաներին, իսկ միջազգային լուսաբանումը սակավ է եղել: Սակայն պետական լրատվամիջոցները մեջբերել են Բաքվում բնակվող մասնակիցների մեծ մասի խոսքերը, որոնք աջակցում էին համաժողովի ընդհանուր ուղերձին։
Այնուամենայնիվ, կազմակերպիչները միջոցառումը համարեցին հաջողված և հաջորդ տարի նմանատիպ միջոցառում անցկացրին: Մասնակիցներից շատերը կրկին մասնակցեցին՝ իրենց հետ բերելով արևմտյան երկրների համալսարաններից և լրատվամիջոցներից նոր մասնակիցների: Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նրանց «ի նշան երախտագիտության անդամակցություն» շնորհելու խորհրդանշական արարողությանը՝ Արևմտյան Ադրբեջանի համայնքի գաղափարն առաջ մղելու գործում ունեցած իրենց դերի համար:
«Ֆաշիստական պետություն»
Չնայած «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ը 1980-ականների վերջին ի սկզբանե գրանցվել էր որպես փախստականների նախաձեռնություն, այն հիմնականում չէր գործում մինչև 2022-ը, երբ Ադրբեջանի կառավարությունը վերագործարկեց այն: Այդ տարվա օգոստոսին կազմակերպությունը պաշտոնապես վերանվանվեց՝ թարմացված կանոնադրությամբ և նոր անվամբ: Նույն թվականի հոկտեմբերին Ադրբեջանի խորհրդարանը ստեղծեց աշխատանքային խումբ, որը կենտրոնացած էր «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի քաղաքականության վրա:
«[Խոսույթը] ամրապնդվեց 2022-ի կարճատև ռազմական բախումների ժամանակ,- բացատրում է Գոյուշովը,- Ադրբեջանի կառավարությունը վաղուց է կիրառում իռեդենտիստական հռետորաբանություն Հայաստանի նկատմամբ՝ Երևանը և Զանգեզուրը հայտարարելով պատմականորեն ադրբեջանական տարածքներ»։
2022-ի վերջին` Լեռնային Ղարաբաղի Լաչինի միջանցքի շրջափակման սկսվելուց ընդամենը մի քանի շաբաթ անց, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետական հեռուստատեսությամբ հեռարձակված իր ուղերձում նման պատմույթ կիրառեց։ Նա Հայաստանն անվանեց «պատմական ադրբեջանական հող» և 2022-ի սեպտեմբերին հայ-ադրբեջանական բախումները, որոնց ժամանակ Ադրբեջանը վերահսկողություն սահմանեց հայկական տարածքում գտնվող ռազմավարական դիրքերի նկատմամբ, կապեց «պատմականորեն ադրբեջանական քաղաքների» նորահայտ նշանակության հետ։
2025-ի հունվարին, երբ խաղաղության պայմանագրի բանակցություններն ակտիվացան, Ալիևը կրկնապատկեց իր ջանքերը։ Ադրբեջանական պետական լրատվամիջոցներին տված ծավալուն հարցազրույցում նա Հայաստանը բնութագրեց որպես «ֆաշիստական պետություն», որը չի համաձայնում ադրբեջանցի փախստականների վերադարձին։
«Մենք այսպիսի ֆաշիստական պետության հարևանությամբ ենք ապրում, և ֆաշիզմի սպառնալիքը շարունակվում է։ Հետևաբար, ֆաշիզմը պետք է արմատախիլ արվի։ Կա՛մ Հայաստանի ղեկավարությունը կոչնչացնի այն, կա՛մ՝ մենք։ Մենք այլ ընտրություն չունենք»,- այդ ժամանակ ասաց Ալիևը։
Հարցազրույց վարողը այնուհետև նշեց, որ Ալիևը իր ռազմավարական նախորդ երկու նպատակներին ավելացրել է երրորդը. Լեռնային Ղարաբաղի ազատագրմանը (1-ին) և դրա վերակառուցմանը (2-րդ) ավելացնելով նորը՝ Հայաստան Արևմտյան Ադրբեջանի համայնքի վերադարձի ապահովումը։
Այնուամենայնիվ, 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ-ի միջնորդությամբ կազմակերպված գագաթնաժողովից հետո, որի ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները նախաստորագրեցին, բայց չստորագրեցին խաղաղության պայմանագրի նախագիծը, Արևմտյան Ադրբեջանի հռետորաբանությունը մեղմացավ։ Պայմանագիրը ներառում է մի կետ, որը կողմերին արգելում է տարածքային պահանջներ ներկայացնել միմյանց։ Մեկ այլ կետով էլ կողմերը պարտավորվում են հրաժարվել միջազգային դատարաններում միմյանց դեմ իրավական պահանջներից, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքի հարցից։
«Ադրբեջանի կառավարությունն այս խոսույթը բանակցությունների ժամանակ որպես լծակ է օգտագործում պատերազմից հետո Ղարաբաղը լքած ավելի քան 100,000 հայերի նկատմամբ»,- նշում է Գոյուշովը։
Լայպցիգի համալսարանի դոկտորանտ-հետազոտող Վաֆա Նաղիևան, որն ուսումնասիրում է հետպատերազմյան Ադրբեջանի հետկայսերական և միլիտարիստական պատմույթները, կիսում է Գոյուշովի տեսակետը։
«Իր աշխարհաքաղաքական գործառույթից զատ, Արևմտյան Ադրբեջանի խոսույթը ծառայում է որպես հետպատերազմյան պետական պատմույթի խորհրդանշական շարունակություն»,- OC Media-ին ասում է նա,- Տեղահանության հիշողությունը այն վերածում է բարոյական լեգիտիմության և հավաքական ինքնության մի ձևի՝ կառավարությանը թույլ տալով պահպանել հետպատերազմյան մշտական նորմալության զգացումը»:
Ըստ նրա՝ այս խոսույթը կարող է օգտագործվել բազմաթիվ նպատակներով։
«Այս ռազմավարությունը հասարակությանը հուզականորեն մոբիլիզացված է պահում անավարտ արդարադատության գաղափարի շուրջ և ամրապնդում է պետության հաղորդակցական վերահսկողությունը թե՛ երկրի ներսում, թե՛ միջազգային մակարդակում»,- ընդգծում է նա։
Պետական միջոցառումները շարունակվում են
Սակայն այս խոսույթն ամբողջությամբ չվերացավ։ Երբ օգոստոսին ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցներում հայտնվեց չստուգված լուր, որում պնդում էր արվում, որ խորհրդարանական խումբը կլուծարվի, «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ը հերքում տարածեց և առանց ապացույցներ ներկայացնելու Հայաստանին մեղադրեց այդ հրապարակման համար։
Հոկտեմբերի սկզբին ADA համալսարանը ֆինանսավորեց «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին գրքի հրատարակումը, իսկ Վարշավայում ԵԱՀԿ համաժողովի ժամանակ Ադրբեջանը կազմակերպեց թեմային նվիրված լրացուցիչ միջոցառում: Հայկական «Իրազեկ քաղաքացիների միություն» ՀԿ-ն և հայկական պատվիրակության մի մասը մեղադրեցին հանձնաժողովին իռեդենտիստական նոր պահանջներ խթանելու մեջ:
Նույն ամսվա վերջին Ադրբեջանի կառավարության հետ կապեր ունեցող սփյուռքի կազմակերպությունների հետ համատեղ «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ը Գերմանիայում միջոցառում կազմակերպեց այս թեմայով։ Դրա նպատակն էր բարձրացնել իրազեկվածությունը Արևմտյան Ադրբեջանի մասին։ Հաջորդ օրը նմանատիպ միջոցառում կազմակերպվեց Բրյուսելում։ Ադրբեջանական պետական լրատվամիջոցները պնդում էին, որ մասնակիցների թիվը գերազանցել է 120-ը։
«Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ի նախագահ և Ադրբեջանի իշխող կուսակցության պատգամավոր Ազիզ Ալաքբարլին հոկտեմբերի 26-ին հայտարարեց, որ Հայաստանը «այլ ընտրություն չունի, քան հաշվի նստել Ադրբեջանի և նրա նախագահի հետ», հակառակ դեպքում կարող է «վտանգի տակ դնել հայկական պետության գոյությունը»։
Հայաստանը, սա կանխելու համար, պետք է ընդունի Ադրբեջանի բոլոր պայմանները, այդ թվում՝ Հայաստան Արևմտյան Ադրբեջանի համայնքի վերադարձի ապահովումը, եզրափակեց նա։
Ո՛չ «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ը, ո՛չ էլ նախագահի աշխատակազմը չեն արձագանքել մեկնաբանություն ստանալու OC Media-ի խնդրանքներին։
Civilnet











