Բարձրագույն դատական խորհուրդը կասեցրել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանի լիազորությունները։ ԲԴԽ-ն համապատասխան որոշումը կայացրել է նոյեմբերի 7-ին։ Նաիրա Գրիգորյանը ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի դուստրն է։
ԲԴԽ-ն այս որոշմամբ բավարարել է Գլխավոր դատախազի միջնորդությունը՝ դատավոր Գրիգորյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ։ Գլխավոր դատախազությունից ՍիվիլՆեթի հարցին, թե ինչ քրեական հետապնդում է հարուցվել, պարզաբանեցին, որ «դատախազությունը մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքն ապահովելու նպատակով, միջնորդության բովանդակությունը չի հրապարակում»։
Գլխավոր դատախազը միջնորդությունը ներկայացրել էր 2025-ի նոյեմբերի 6-ին։ Բարձրագույն դատական խորհուրդն այս հարցը քննել է նոյեմբերի 6-ի և 7-ի դռնփակ նիստերում։
Նաիրա Գրիգորյանի լիազորությունները կասեցվել են մինչև քրեական վարույթի ավարտը։
Դատախազությունից տեղեկացրին, որ դատավորի հանդեպ հարուցվել է քրեական հետապնդում։
Civilnet











