Գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքը ևս 2 ամսով երկարաձգվեց։
Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը դատական նիստից հետո «իրավական ծաղր» և «իրավական ահաբեկչություն» որակեց կալանքի երկարաձգման մասին դատարանի որոշումը։
«Երեկ մենք ականատես եղանք, որ ՀԷՑ-ի լիցենզիան ակնհայտ ապօրինի կերպով դադարեցվեց։ ՀԾԿՀ համապատասխան որոշման մեջ ասվում է, որ երեք ամիս ժամանակ կա, որ սեփականատիրոջ հետ բանակցեն։ Երեք ամիս սեփականատիրոջ հետ բանակցելու համար գնալու են Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկո՞ւմ բանակցեն։ Սա նման է, որոշակի իմաստով, ահաբեկչական գործողության»,- լրագրողների հետ զրույցում ասաց Վարդևանյանը։
Սամվել Կարապետյանը կալանքի տակ է հունիսից։
Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 290 (Հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (Փողերի լվացում), 422 (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։
***
Հունիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը որոշում է կայացրել Սամվել Կարապետյանին կալանավորել երկու ամսով։ Նրան մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար:
Հոկտեմբերի 13-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է: Քրեական օրենսգրքի ևս երկու կետ է ավելացվել Կարապետյանի մեղադրանքին․
«Մեղադրանքը փոփոխվել է և ավելացվել Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը)»։
Civilnet











