Գլխավոր Լրահոս

Վրաստանը խստացնում է բողոքի ցույցերին ուղղված նոր օրենքի կիրառումը

Վրաստանը խստացնում է բողոքի ցույցերին ուղղված նոր օրենքի կիրառումը

Վրաստանի ոստիկանությունը ուժեղացրել է նոր օրենսդրության կիրառումը։ Օրենքն ուղղված է հատկապես մայթերի վրա անցկացվող բողոքի ցույցերին։ Ոստիկանները բազմիցս մոտեցել են Թբիլիսիում խորհրդարանի շենքի դիմաց անցկացվող ամենօրյա հակաիշխանական ցույցերի մասնակիցներին, նրանց ներկայությունը բնութագրել անօրինական և զգուշացրել, որ օրենքը կիրականացվի «ամբողջ խստությամբ»։

Թեմայի շուրջ OC Media-ի անդրադարձը՝ ստորև։

Ըստ ընդունված փոփոխությունների՝ ցուցարարները պարտավոր են առնվազն հինգ օր առաջ տեղեկացնել Ներքին գործերի նախարարությանը, եթե ցանկանում են հավաք անցկացնել «մարդկանց տեղաշարժի համար նախատեսված» գոտիներում։ Պետությունը լիազորված է փոխել ինչպես ցույցի անցկացման վայրը, այնպես էլ դրա ժամանակը։ Նոր կարգավորումները չպահպանելու դեպքում նախատեսվում է ազատազրկում։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության և նրա դաշնակիցների կողմից պատրաստված ու արագ ընդունված այս օրենսդրությունը նոր իրավական իրականություն է ստեղծել հակաիշխանական շարժման համար, որի մասնակիցները 2024-ի նոյեմբերից ամեն օր հավաքվում են խորհրդարանի դիմաց։ Այն բանից հետո, երբ ոստիկանությանը հաջողվեց կանխել ճանապարհների փակումը, բողոքի ցույցերի հիմնական կենտրոնը տեղափոխվեց հետիոտնային տարածքներ՝ հիմնականում խորհրդարանի շրջակայքի մայթեր և հարակից փողոցներ։

Չնայած նոր կանոններն ուժի մեջ են մտել դեկտեմբերի 12-ին, ոստիկանությունը միայն երեքշաբթի է սկսել նախազգուշացնել խորհրդարանի դիմաց հավաքված ցուցարարներին։ Պարեկային ոստիկանության պետ Լևան Մայսուրաձեն կոչ է արել ցուցարարներին նախապես դիմում ներկայացնել Ներքին գործերի նախարարություն և սպասել դրա պատասխանին՝ հրապարակված նախարարության կայքում։

«Եթե չհետևեք այս օրենքին, ձեր հավաքը կհամարվի խախտում»,- հայտարարել է նա՝ ընդգծելով, որ ցուցարարներին սպառնում է մինչև 15 օր կալանք, իսկ «կազմակերպիչներին»՝ մինչև 20 օր։

Դեկտեմբերի 17-ին ևս ցուցարարները հավաքվել էին խորհրդարանի մոտ, և ոստիկանությունը կրկին հայտնվել էր տեղում։ Փաստաբան Կախա Ծիկարիշվիլին, որը հաճախ մասնակցում է բողոքի ցույցերին, ոստիկաններին հայտնել է, որ դեկտեմբերի 11-ին ՆԳ նախարարություն է ներկայացրել օրենքով պահանջվող ծանուցումը։ Սակայն նրան պատասխանել են, որ միայն դիմում ներկայացնելը բավարար չէ, և նա պետք է սպասի պաշտոնական արձագանքի։

«Գնացեք պարզեք, թե ինչու պատասխան չկա։ Ես դրա համար պատասխան չունեմ», — ասել է ոստիկան Դավիթ Մամագեիշվիլին, երբ փաստաբանը նշել է, որ նախարարությունը չի արձագանքել իր ծանուցմանը։

«Եթե ցանկանում եք հավաք անցկացնել, պետք է սպասեք մեր թույլտվությանը»,- ասել է Մամագեիշվիլին՝ օգտագործելով «թույլտվություն» բառը, չնայած թե՛ նախկին, թե՛ ներկայիս օրենսդրությունը նման հասկացություն չի ճանաչում, իսկ Վրաստանի Սահմանադրությունը քաղաքացիներին երաշխավորում է խաղաղ հավաքների իրավունք «առանց նախնական թույլտվության»։

Ծիկարիշվիլին ոստիկանությանը հակադարձել է, որ ցուցարարներին անհրաժեշտ է նախարարության արձագանքը միայն այն դեպքում, եթե իշխանությունները առարկություններ ունեն հավաքի վերաբերյալ։

«Սահմանադրությունը խոսում է ծանուցման մասին, ոչ թե թույլտվության»,- նշել է փաստաբանը։

Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակը տարածած հայտարարության մեջ փոփոխությունները բնութագրել է որպես «անորոշ»՝ ընդգծելով, որ օրենքի կիրառումը չպետք է հանգեցնի նրան, որ հավաք անցկացնելու իրավունքը կախված լինի թույլտվություն ստանալուց, ինչը «ուղղակիորեն արգելված է Վրաստանի Սահմանադրության 21-րդ հոդվածով»։

Չորեքշաբթի ցույցի ընթացքում ոստիկանությունը ձերբակալել է մեկ ցուցարարի, սակայն հրապարակման պահին OC Media-ին չի հաջողվել ՆԳ նախարարությունից պարզել, թե ինչ մեղադրանքով է տեղի ունեցել ձերբակալությունը։

Վերջին ամիսներին իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից ընդունված մի շարք սահմանափակող օրենքներ ուղղակի կամ անուղղակիորեն թիրախավորել են փողոցային բողոքի ակցիաները՝ սկսած ճանապարհների փակման համար խստացված պատիժներից մինչև դեմքի ծածկման և այլ գործողությունների արգելքներ։

Կառավարության քննադատները բազմիցս դատապարտել են վերջին փոփոխությունները՝ դրանք գնահատելով որպես բողոքի իրավունքի հերթական սահմանափակման փորձ։ Վրաց երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (GYLA) ղեկավար Նոնա Կուրդովանիձեն հայտարարել է, որ «Վրացական երազանքը» «քրեականացնում է խոսքի ազատությունը։

Իշխող կուսակցությունը մերժել է քննադատությունը, սակայն չի հերքել, որ փոփոխությունները կապված են շարունակվող ցույցերի հետ։

Ամենօրյա բողոքի ցույցերը Թբիլիսիում և երկրի այլ քաղաքներում գրեթե անընդմեջ շարունակվում են 2024 թվականի նոյեմբերի 28-ից, երբ իշխանությունները սառեցրին Վրաստանի ԵՄ անդամակցության գործընթացը։

Փողոցային բողոքի ակցիաներին զուգահեռ իշխող կուսակցությունը օրենքների միջոցով թիրախավորել է նաև քաղաքացիական հասարակությանը, անկախ լրատվամիջոցներին և քաղաքական ընդդիմությանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում