Հնդկաստանի հաղորդակցային նախագծերը բաց են նաև Հայաստանի համար. ԱԳՆ խոսնակ

Հնդկաստանի համար առանձնահատուկ կարևորություն ունեն հաղորդակցային նախագծերը, և Հայաստանը ևս կարող է շահել այդ նախագծերից. այս մասին ասել է Հնդկաստանի ԱԳՆ խոսնակ Ռանդհիր Ջայսվալը Նյու Դելիում հայ լրագրողների հետ հանդիպմանը՝ դեկտեմբերի 12-ին։ Լրագրողները Հնդկաստանում էին այդ երկրի կառավարության հրավերով։
Նյու Դելին գնալով ավելի ակտիվ մոտեցում է ցուցաբերում տարածաշրջանային առևտրի և տրանսպորտային կապերի նկատմամբ։ Հայ լրագրողների հետ հանդիպմանը Ջայսվալը խոսեց Արևմտյան Ասիայում և Եվրասիայում, այդ թվում՝ Հարավային Կովկասում Հնդկաստանի աճող հետաքրքրությունների մասին։
Հնդկաստանը մեծածավալ ներդրումներ է կատարել Իրանի Չաբահար նավահանգստում՝ որպես հիմնական ծովային դարպաս դեպի Կենտրոնական Ասիա, Ռուսաստան և Եվրոպա։ Սա հնարավորություն է տալիս մուտք գործել Իրան և շարունակել ցամաքային երթուղիներով կապը դեպի ավելի հեռու տարածաշրջաններ՝ շրջանցելով Պակիստանը: Նյու Դելին նավահանգիստը դիտարկում է որպես հարավային խարիսխ, որը կարող է գումարվել Հարավային Ասիան եվրասիական շուկաների հետ կապող մայրցամաքային տրանսպորտային միջանցքներին։
Այդպիսի նախաձեռնություններից մեկը Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքն է (International North–South Transport Corridor Opens, INSTC), որը ծովային, երկաթուղային և ճանապարհային երթուղիների բազմամոդալ ցանց է։ Այն կապում է Հնդկաստանը Իրանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Եվրոպայի հետ։
Ջայսվալի խոսքով՝ INSTC-ն նախատեսված է հավաքական շահերի ծառայելու համար: «Սա միջազգային նախագիծ է, ուստի յուրաքանչյուր երկիր պետք է մասնակցի, քանի որ այն բոլորի բարօրության համար է»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանը, ինչպես և մյուս երկրները, կարող են նպաստել կապի նախաձեռնություններին։
Հնդկաստանը Հայաստանի հետ կապի հարցերով ներգրավված է նաև այլ դիվանագիտական ձևաչափերով: Սեպտեմբերին Հնդկաստանը, Իրանը և Հայաստանը Թեհրանում անցկացրին իրենց երրորդ եռակողմ խորհրդակցությունը, որտեղ երեք կողմերը քննարկեցին նախորդ հանդիպումներից ի վեր արձանագրված առաջընթացը և համաձայնեցին ընդլայնել համագործակցությունը, մասնավորապես կապի ոլորտում: Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ քննարկումները ներառել են Հյուսիս-հարավը, Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և ավելի լայն տնտեսական և առևտրային համագործակցությունը։
2023-ին մեկնարկած եռակողմ մեխանիզմը երեք կառավարությունների կողմից ներկայացվել է որպես տարածաշրջանային նախագծերը համաձայնեցնելու և բարգավաճումն ու բարեկեցությունը խթանելու հարթակ, իսկ խորհրդակցությունների հաջորդ փուլը նախատեսված է 2026-ին Հայաստանում:
Տարածաշրջանային դինամիկայի մասին հարցին Ջայսվալը պատասխանեց, որ Հնդկաստանը ուշադիր հետևում է Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին և ցանկանում է ամրապնդել կապերը Հայաստանի հետ։ Նա ընդգծեց, որ կայուն գործընկերությունը պահանջում է հավասարակշռված ներգրավվածություն բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ առևտրում, պաշտպանության, զբոսաշրջության և կրթության ոլորտներում։
ԱԳՆ խոսնակը նշեց, որ Հնդկաստանի և Հայաստանի միջև հաճախակի բարձր մակարդակի փոխանակումները արտացոլում են երկու կողմերի միջև աճող վստահությունը, քանի որ տարածաշրջանում կապի միջանցքները շարունակում են զարգանալ։
Կարեն Հարությունյան, Նյու Դելի, Հնդկաստան
Հոդվածը կարդացե՛ք՝
անգլերեն՝ India backs open connectivity corridors as Armenia engages in regional consultations
ռուսերեն՝ МИД Индии: Нью-Дели заинтересован в углублении сотрудничества с Арменией
Civilnet










