Չնայած նախապատրաստական աշխատանքներին և Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի դրական հայտարարություններին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցել Սանկտ Պետերբուրգում Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) ոչ պաշտոնական գագաթնաժողովին։
OC Media-ն գրում է չմասնակցելու պատճառների մասին։
Գագաթնաժողովի օրը պետական Azertac լրատվական գործակալությունը հայտնել է, որ Ալիևը չի կարող մասնակցել միջոցառմանը՝ «խիստ զբաղված գրաֆիկի» պատճառով։
Ալիևը նախորդ ԱՊՀ գագաթնաժողովին մասնակցել էր հոկտեմբերին՝ Տաջիկստանում։
Թեև ակնհայտ էր, որ Ռուսաստանը սպասում էր Ալիևի մասնակցությանը և վերջին պահին չեղարկումը անակնկալ էր, Պեսկովը փորձել է ներկայացնել իրավիճակը դրական լույսի ներքո՝ նշելով, որ «հասկացրել են Ալիևի պատճառները»։
«Ոչ, մենք լիովին հասկանում ենք [Ալիևի որոշումը]։ Իրոք, բոլոր պետությունների ղեկավարներն ունեն շատ զբաղված գրաֆիկ, հատկապես դեկտեմբերին՝ Նոր տարվա նախաշեմին»,- ասել է Պեսկովը։
Սակայն դեռ գագաթնաժողովից առաջ Պեսկովը պետական TASS գործակալությանը ասել էր, որ նախագահ Վլադիմիր Պուտինը նախատեսում է «առանձին հանդիպումներ ունենալ բոլորի հետ», և կրկնել էր, որ Կրեմլը սպասում է Ալիևի մասնակցությանը։ Պեսկովը նաև նշել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև հնարավոր բանակցությունների մասին։
Փաշինյանը դեկտեմբերին 21-ին մասնակցեց Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, իսկ հաջորդը օրը՝ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։
Թեև պաշտոնապես որևէ այլ պատճառ չի նշվել, ենթադրվում է, որ Ալիևի մասնակցությունից հրաժարումը կապված է 2024-ի դեկտեմբերի Azerbaijan Airlines ավիաընկերության ավիավթարի շուրջ դժգոհությամբ։
Լարվածությունը սրվեց 2025-ի հունիսին, երբ Բաքուն հայտարարեց, որ Եկատերինբուրգում ռուս ոստիկանները խոշտանգել են և սպանել երկու էթնիկ ադրբեջանցիների։
Դրան հաջորդած օրերին հարաբերություններն արագորեն ավելի սրվեցին․ Ադրբեջանը պաշտոնական բողոք ներկայացրեց Ռուսաստանին, չեղարկեց Ռուսաստանին վերաբերող բոլոր մշակութային միջոցառումները և լրտեսության մեղադրանքով ձերբակալեց է մի շարք ռուս լրագրողների։
Հոկտեմբերին Պուտինը վերջապես անձամբ ներողություն խնդրեց Ալիևից Դուշանբեում կայացած հանդիպման ընթացքում, ինչից հետո շատերը կարծում էին, թե հակասությունները հարթվել են։
Սակայն ադրբեջանցի քաղաքական վերլուծաբան Էլխան Շահինօղլուն ասել էր, որ Ալիևի՝ ԱՊՀ գագաթնաժողովին չմասնակցելու որոշումը կապված է հենց ավիավթարի և Պուտինի կողմից Դուշանբեում տրված խոստումների՝ ըստ նրա, չկատարման հետ։ Այդ ժամանակ Պուտինը խոստացել էր, որ Ռուսաստանը փոխհատուցում կվճարի զոհերի ընտանիքներին և պատասխանատվության կենթարկի վթարի համար պատասխանատուներին։
«Այսպիսի իրավիճակում Ալիևի մասնակցության հավանականությունը ոչ պաշտոնական գագաթնաժողովին ի սկզբանե ցածր էր»,- ասել է Շահինօղլուն։
Civilnet











