Գլխավոր Լրահոս

«Թրամփի ուղին»․ տարածաշրջանային հաղորդակցությունների շուրջ ձևավորվող մրցակցությունն ու հնարավորությունները

«Թրամփի ուղին»․ տարածաշրջանային հաղորդակցությունների շուրջ ձևավորվող մրցակցությունն ու հնարավորությունները

Գեորգի Միրզաբեկյան

2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև ձեռք բերված քաղաքական պայմանավորվածությունները նոր դինամիկա են ստեղծել Հարավային Կովկասում՝ հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում ԱՄՆ-ի ուղիղ ներգրավմամբ։ Համաձայնությունների շրջանակում հայտարարված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (Trump Route for International Peace and Prosperity, TRIPP) նախաձեռնությունը Հայաստանին կարող է տարածաշրջանային հաղորդակցային գործընթացներում ներգրավվելու հնարավորություն տալ։ Սակայն դեռ անպատասխան են մի շարք առանցքային հարցեր, նախևառաջ՝ անվտանգային և տեխնիկական մեխանիզմների, ինչպես նաև ներդրումների վերաբերյալ մանրամասնությունները։

«Թրամփի ուղին» շատ հաճախ դիտվում է չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» և/կամ «Միջին միջանցքի» համատեքստում։ Սակայն գլխավոր հարցերից մեկն այն է՝ արդյոք Հայաստանի հարավով անցնող (երկաթուղային, ավտոմոբիլային) ճանապարհը կունենա գլոբալ դեր, թե այն ավելի շատ կծառայի տարածաշրջանային գործընթացներին։  

Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի ղեկավարները Վաշինգտոնում փաստաթղթերի ստորագրությունից հետո, օգոստոսի 8, 2025 (photo: primeminister.am) 

Մեղրիի հատվածով նախատեսված երկաթուղու նշանակությունը շատ ավելին է, քան սոսկ հաղորդակցությունը։ Աշխարհագրորեն այս տարածքը, բացի Ադրբեջանի երկու մասերը իրար կապելուց, սահմանակցում է Իրանին, ինչպես նաև ապահովում է Հայաստանի կապը Իրանի և Պարսից ծոցի երկրների հետ։ Այս տարածքը տեսականորեն նաև Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք միջազգային միջանցքների հատույթում է։ Այս առումով, «Թրամփի ուղի» ծրագիրը ռազմավարական կարևորություն ունի ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի բոլոր դերակատարների համար, որոնցից յուրքանչյուրն իր նպատակներն ունի տարածաշրջանի կապուղիների հարցում։ 

Այնուամենայնիվ, քանի դեռ «Թրամփի ուղի» ծրագիրը սկզբունքների համաձայնեցման, այլ ոչ թե մշակված մանրամասնությունների մասին է, տարածաշրջանի պետությունների զգայունություններն առավելապես արտահայտվելու են քաղաքական, քան տնտեսական զգայունություններով։

Ի՞նչ դիրքորոշում ունեն «Թրամփի ուղու» հարցում տարածաշրջանի երկրները։

Հայաստան

Վաշինգտոնյան համաձայնությունները Հայաստանի համար կարևոր էին առաջին հերթին անվտանգային առումով՝ առժամանակ զսպելու Ադրբեջանի նոր հարձակման վտանգը։ ԱՄՆ նախագահի ներգրավմամբ նախագիծը անվտանգային առումով էականորեն զսպում է Բաքվին։ Հայաստանը ձգտում է հասնել տարածաշրջանի ամբողջական ապաշրջափակմանը՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հիման վրա։ 

«Թրամփի ուղու» գործարկմամբ և առհասարակ տարածաշրջանային կապուղիների բացմամբ Հայաստանը ձգտում է նաև մատչում ստանալ Նախիջևանի հաղորդակցություններին՝ իր հարավային հատվածի հետ, ինչպես նաև Իրանի հետ կապվելու համար։ Բացի այդ, երկաթուղու գործարկմամբ՝ Հայաստանը Ադրբեջանի հիմնական մասով կարող է կապվել նաև Ռուսաստանին։

Տարածաշրջանային հաղորդուղիների ավելի լայն ապաշրջափակումը կախված է մի շարք գործոններից, նախևառաջ՝ Բաքվի դիրքորոշումից, որը չի շտապում գնալ փոխադարձության սկզբունքով և շարունակում է գործածել Հայաստանի համար քաղաքականապես զգայուն «Զանգեզուրի միջանցք» եզրույթը։ Ապաշրջափակումը կախված է նաև ներդրումներից՝ Երասխ-Սադարակ երկաթուղու ֆինանսավորման պայմաններից, ինչպես նաև պայմանավորվածությունից, թե ինչ ժամկետներում Նախիջևանի ու Իրանի երկու Ջուղաները (Ջուլֆա) կկապվեն երկաթուղով, որը Հայաստանին թույլ կտա միանալ Իրանի երկաթուղային ցանցին։

Սակայն այս հարցերի քննարկումներից առաջ անհրաժեշտ է կառուցել «Թրամփի ուղին», որն ի թիվս այլ հարցերի՝ ֆինանսական ներդրում է պահանջում։ Ճիշտ է, Հայաստանն ու ԱՄՆ-ն ակտիվ աշխատում են,  արդեն խոսվում է 2026-ին «Թրամփի ուղու» հիմնարկեքի մասին, սակայն գլխավոր հարցերից մեկը ներդրումներն են։ Ակնհայտորեն, 145 մլն դոլարը, որ ամերիկյան կողմը պատրաստվում է տրամադրել երկաթուղու վերականգնման համար, բավարար չէ, չնայած շատ կարևոր քայլ է։ Ըստ հայ-ամերիկյան համաձայնության՝ նախագծում ներդրում կարող են անել այն դերակատարները, որոնք կստանան Երևանի ու Վաշինգտոնի համաձայնությունը։ Այլ կերպ ասած՝ գործընթացը կարող է ձգձգվել։ 

«Թրամփի ուղի» նախագիծն առավելագույն նյութականացնելու համար Հայաստանին անհրաժեշտ է այդ ճանապարհի տրամաբանությունը հասցնել Թուրքիայի սահման՝ հասնելով հայ-թուրքական սահմանի բացմանը։ Նման հեռանկարը կարող է ավելի մեծ հնարավորություններ ընձեռել Հայաստանին ապաշրջափակման գործում։ 

Ադրբեջան

Բաքուն «Թրամփի ուղին» դիտարկում է որպես «միջանցք»։ Ադրբեջանը, վկայակոչելով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հաղորդակցությունների ապաշրջափակման կետը, 2021-ից սկսել էր Հորադիս-Աղբանդ երկաթուղու վերականգնման աշխատանքները, որը պետք է հասնի Հայաստանի հարավային սահման։ Խոսքն ընդհանուր մոտ 110 կմ-ի մասին է, որի աշխատանքների 76 կմ-ը ավարտված է։ Հորադիս-Աղբանդ երթուղին իր հերթին կապվում է Բաքվին։

Ադրբեջանը Մեղրիի երկաթուղու միջոցով գլխավորապես կարող է կապվել ոչ միայն Նախիջևանին, այլև Թուրքիային, ինչպես նաև Կասպից ծովով իր տարածքով կապ ապահովել դեպի Կենտրոնական Ասիա։ Ադրբեջանում մեծ հույսեր են կապում այդ հեռանկարի հետ։ Պատահական չէ, որ Բաքուն միացավ Կենտրոնական Ասիայի խորհրդատվական C5 հարթակին, որը վերափոխվեց C6-ի։

Ադրբեջանի համար կարևոր է նաև Իրանի դերի նվազեցումը։ Ներկայում Ադրբեջանը ցամաքով կապվում է Նախիջևանին միայն Իրանի տարածքով, այն էլ երկար ճանապարհով։ «Թրամփի ուղին» Բաքվի տեսանկյունից կնվազեցնի կախվածությունը Իրանից։ 

Այնուամենայնիվ, ձգտելով դեպի Նախիջևան հաղորդակցության բացմանը՝ Ադրբեջանը չի շտապելու հաղորդակցությունների ավելի լայն ապաշրջափակման հարցում։ Բաքուն շահագրգռված չէ, որ հաղորդակցություններն ամբողջությամբ բացվեն, մեծանա Հայաստանի տարանցիկ դերը։ 

Ներկայում Թուրքիայի տարածքում կառուցվող երկաթուղին, որը կապվելու է Նախիջևանի հետ, վկայում է այն մասին, որ Հայաստանի երկու հարևանները՝ Ադրբեջանը և Թուրքիան, ձգտելու են շրջանցել Հայաստանը։

Ադրբեջանը ձգտում է որոշակիորեն նվազեցնել նաև իր տարանցիկ կախվածությունը Վրաստանից։ Վերջին ժամանակներում Ադրբեջանի ու Վրաստանի միջև տարանցման «տուրքերի պատերազմը» ուշագրավ էր, երբ Բաքուն առաջին անգամ շահարկեց Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Թուրքիա

Թուրքիան ողջունեց ԱՄՆ-ի հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթերը։

«Թրամփի ուղի» նախագծի հրապարակումից հետո Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարեց, որ սպասելու են ճանապարհի հարցում մանրամասներին։ Թուրքիայի համար սահմանային անցումը Ադրբեջանից Մեղրի, ապա Նախիջևան ամենազգայուն հարցն է Հայաստանի հետ կարգավորման գործընթացում։

Օգոստոսի 8-ից հաշված օրեր հետո Անկարան ազդարարեց Կարս-Դիլուջու (Նախիջևանին հարակից անցակետ) 224 կմ-ոց երկաթուղու կառուցման մեկնարկի մասին, որը կապվելու է Նախիջևանի երկաթուղուն՝ շրջանցելով Հայաստանում առկա Գյումրի-Երասխ երկաթուղին։ 

Քարտեզի աղբյուրը՝ turkiyetoday.com  

Հարցեր են առաջանում սակայն Կարս-Դիլուջու գծի տարեկան 15 մլն տոննա բեռի թողունակության վերաբերյալ. արդյոք այն երբևէ կօգտագործվի՞ ամբողջ ծավալով։

Թուրքիան «Թրամփի ուղու» միջոցով փորձում է ավելի հեշտ մատչում ստանալ Կենտրոնական Ասիային՝ շրջանցելով Իրանը, իսկ Կարս-Նախիջևան երկաթուղու կառուցմամբ՝ նպաստել իր արևելյան նահանգների զարգացմանը։

Վրաստան

Թբիլիսին, թեև պաշտոնապես ողջունեց Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթերը, այնուամենայնիվ որոշակի մտահոգություններ ունի տարածաշրջանում իր տարանցիկ բացառիկ դերի առումով։ 

Ներկայում Վրաստանը առանցքային դեր ունի Ադրեջանը Թուրքիային կապելու, իսկ ավելի լայն իմաստով՝ Կենտրոնական Ասիան և անգամ Չինաստանը Եվրոպային կապելու տեսանկյունից։ Խոսքը թե՛ ավտոմոբիլային հաղորդակցությունների, թե՛ խողովակաշարերի և էլեկտրահաղորդման գծերի և թե՛ հատկապես Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու մասին է, որը Կովկասում փաստացի Միջին միջանցքի շարունակությունն է։  «Թրամփի ուղին» կարող է նվազեցնել Վրաստանի բացառիկ դերը։ 

Այնուամենայնիվ, վրացական որոշ փորձագիտական գնահատականների համաձայն՝ «Թրամփի ուղին» էապես չի ազդի Վրաստանի տարանցիկ դերի վրա, քանի դեռ դրան զուգահեռ չեն ստեղծվել լրացուցիչ հաղորդակցություններ Հայաստանի ու Թուրքիայի միջև, որոնք ավելի շահեկան կդարձնեն Վրաստանը շրջանցող երթուղիները։ 

Իրան 

Իրանը մտահոգ է ամերիկյան ներգրավմամբ իր սահմանին մոտ իրականացվելիք նախագծի վերաբերյալ և «Թրամփի ուղին» նույնացնում է «Զանգեզուրի միջանցք»-ի հետ։

Չնայած պաշտոնական Թեհրանը երկրի նախագահի ու արտգործնախարարի մակարդակով Սպիտակ տան համաձայնություններից հետո նշեցին, թե ամերիկյան ծրագիրը ամբողջովին հաշվի է առել Իրանի դիրքորոշումը և կամ «միջանցքի» հարցը լիովին փակված է, ակներև է, սակայն, որ Իրանի մտահոգությունները հարցի շուրջ փարատված չեն և գուցե դիվանագիտության համար ընտրվել է մեղմ ձևակերպում՝ հաշվի առնելով նաև Իրանի շուրջ ստեղծված մարտահրավերները։ 

Իրանը 2020-ի Արցախյան պատերազմից հետո մշտապես դեմ է հանդես եկել Հայաստանի տարածքով արտարածքային միջանցքի Ադրբեջանի պահանջներին, ինչը նաև սրել է Թեհրանի և Բաքվի միջև հարաբերությունները։ 

Իրանն իհարկե կնախընտրեր նման հաղորդակցության հարց առհասարակ չքննարկվեր, սակայն չունենալով դրա վրա ազդելու մեծ հնարավորություններ՝ փորձում է նվազեցնել դրա բացասական ազդեցությունն իր վրա։

Իրանը փոխարենն Ադրբեջանին առաջարկել է սեփական տարածքը՝ Նախիջևանին կապվելու համար, ինչի շուրջ 2022-ի գարնանը Թեհրանն ու Բաքուն համաձայնության էին հասել։ Խոսքն Աղբանդ-Ջուլֆա ճանապարհի մասին է, որը պետք է Իրանի տարածքով միանա Նախիջևանին՝ անցնելով Արաքս գետի վրայով՝ Հայաստանի հարավային սահմանի անմիջական  հարևանությամբ։ 

Քարտեզի աղբյուրը՝ Tasnim

«Արաքսի միջանցք» անվանումը ստացած կապուղու աշխատանքները, որը գլխավորապես ավտոմայրուղի է ենթադրում (ապագայում նաև երկաթուղու հնարավորությամբ), լայն թափով ընթանում են։ Կողմերն արդեն ավարտին են հասցնում Արաքս գետի վրա կառուցվող կամուրջը, իսկ իրանական կողմն աշխատում է սեփական տարածքի ավտոճանապարհի վրա։ Ինչ վերաբերում է երկաթուղուն, ապա Ադրբեջանը պատրաստ է իր երկաթուղին երկարեցնել մի քանի կմ մինչև Իրանի սահմանը, իսկ Իրանը պետք է կառուցի երկաթուղու հատվածն իր տարածքում՝ մոտ 50 կմ։

«Թրամփի ուղու» շուրջ Իրանի  մտահոգությունները մեծապես պայմանավորված են ամերիկյան ներկայությամբ։ 

Ռուսաստան

Ինչ վերաբերում է Ռուսաստանի գործոնին, ապա Մոսկվան չէր կարող բավարարված լինել «Թրամփի ուղու» հեռանկարից առնվազն այն պատճառով, որ այն փաստացի չեղարկում է 2020-ի եռակողմ հայտարարությունը և իր ներգրավվածությամբ անխոչընդոտ հաղորդակցությունը Ադրբեջանի ու նրա էքսկլավ Նախիջևանի միջև։ 

Բայցևայնպես, ընդհանուր տպավորություն կա, որ Մոսկվան նույնպես հաշվի է նստել օգոստոսի 8-ի վաշինգտոնյան համաձայնությունների հետ։ 

Ռուսաստանն ի տարբերություն Իրանի՝ ավելի լայն գործիքակազմ ունի՝ ներգրավվելու տարածաշրջանի հաղորդակցություններում թե՛ Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության, թե՛ Հայկական երկաթուղիների՝ ռուսական հավատարմագրային կառավարման իրողություններով։ 

Տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակումը կարող է նաև Ռուսաստանի շահերից բխել՝ հաշվի առնելով, որ նման հեռանկարի պարագայում ռուսական կողմը Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապ կստանա ոչ միայն դեպի Հայաստան, այլև Թուրքիա։Այսպիսով, դեռ չմշակված մանրամասներով հանդերձ՝ «Թրամփի ուղին» արդեն իսկ փոխել է տարածաշրջանի դերակատարների հաշվարկները՝ հաղորդակցությունների հարցում ստիպելով նրանց ավելի ակտիվ դիրքորոշումներ ձևավորել։ Հարավային Կովկասում զուգահեռաբար ուրվագծվում են հաղորդակցությունների մի քանի ուղղություններ՝ Բաքու–Թբիլիսի–Կարս, Սյունիքով նախատեսված «Թրամփի ուղի» և Իրանի տարածքով անցնող այլընտրանքային երթուղիներ։ ԱՄՆ-ն և Եվրամիությունը TRIPP-ը դիտարկում են որպես ավելի լայն՝ Արևելք–Արևմուտք կապուղու հնարավոր բաղադրիչ, ինչն ավելացնում է տարածաշրջանի ռազմավարական նշանակությունը, տալիս նոր հնարավորություններ, ինչպես նաև ավելացնում հաղորդակցությունների շուրջ մրցակցությունը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում