Գլխավոր Լրահոս

Ադրբեջանից Հայաստան կներկրվի նաև դիզվառելիք․ Պապոյան

Ադրբեջանից Հայաստան կներկրվի նաև դիզվառելիք․ Պապոյան

Առաջիկա օրերին Ադրբեջանից Հայաստան կներկրվի մի քանի հազար տոննա ոչ միայն «պրեմիում», այլև «ռեգուլյար» տեսակի բենզին և դիզելային վառելիք։  Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Այս անգամ համ պրեմիում կա, համ ռեգուլյար կա, և դիզել ու էլի նախնական գնահատականներով պետք է գինը մեր իմացած շուկայականից մի 80 դրամ էժան լինի»,- նշել է Պապոյանը՝ հավելելով, որ էժան վառելիքը Հայաստան կհասնի մոտակա օրերին։ Նրա խոսքով՝ գործընթացն արդեն «ռելսերի վրա է», և ինքն այլևս չի զբաղվելու դրանով, քանի որ այն դարձել է սովորական բիզնես գործընթաց։

Նախարարի խոսքով ադրբեջանական վառելիքի նոր խմբաքանակը ներկրում են նույն ընկերությունները, ինչ նախորդ անգամ։ 

Դեկտեմբերի 10-ին Հայաստան ադրբեջանական բենզին է ներկրել երկու ընկերություն։ Առաջինը «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն է, որը շահագործում է Ran Oil (Ռան Օիլ) բենզալցակայանների ցանցը, երկրորդը՝ «Շիշա ուորլդ» ՍՊԸ-ն։

Նախարարը հորդորել է մյուս ներմուծողներին ևս բանակցել իրենց մատակարարների հետ՝ մրցունակ գին ապահովելու համար։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է սկսվել ադրբեջանական կողմի հետ համագործակցությունը և արդյոք կառավարությունն է առաջարկել այդ ընկերություններին սկսել գործընթացը, նախարարը պարզաբանել է. «Ես կարծում եմ, որ առաջին հերթին իրենք՝ կազմակերպությունները, իրար հետ երևի թե խոսել են»։

Պապոյանը շեշտել է վառելիքի էժանացման տնտեսական նշանակությունը, հատկապես դիզելի մասով. 

«Եթե ենթադրենք 80 դրամ էժան եղավ, դա նշանակում է տրակտորը, որը հող է վարելու մարտ ամսին... ինքը 20% ավելի քիչ դիզելային վառելիք է ծախսելու փողի տեսանկյունից»։ 

Նա վստահություն է հայտնել, որ մրցակցային գինը դրական կազդի քաղաքացիների ընդհանուր բարեկեցության վրա։

Դեկտեմբերին Ադրբեջանից Վրաստանի տարածքով առաջին անգամ Հայաստան ժամանեց ադրբեջանական Socar ընկերության մոտ 1300 տոննա բենզինով բեռնված 22 վագոններով գնացքը:

***
Դեկտեմբերի 6-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում «Հայաստան-Ադրբեջան տևական խաղաղություն. Վաշինգտոնյան համաձայնագիրը և համատեղ ապագան» թեմայով պանելային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ քննարկվում է նավթի և նավթամթերքի արտահանումն Ադրբեջանից Հայաստան։

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունից հայտնել են, որ Վրաստանը տուրքեր չի գանձի Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի առաջին տարանցիկ փոխադրման համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում