Հայկ Ղազարյան
Ըստ ԱԱԾ-ի՝ 2025-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանից մեկնել է 45,629 բռնի տեղահանված արցախցի, որոնցից վերադարձել է 30,371-ը: Այսինքն՝ 2023-ի սեպտեմբերյան բռնի տեղահանությունից հետո 15,258 արցախցի հեռացել և (դեռ) չի վերադարձել Հայաստան: ԱԱԾ-ից պարզաբանեցին, որ այդ տվյալների մեջ ներառված են նույնականացված անձինք։
ԱԱԾ-ն տրամադրել է տվյալներ, թե որ երկրներ են մեկնում արցախցիները։ Հարկ է նշել, որ այդ ցուցակում առկա են անձինք, որոնք կատարել են սահմանահատումներ մի քանի ուղղություններով, այսինքն՝ նույնականացված չեն։
Վրաստան
Ամենամեծ թվով արցախցիներ մեկնել են Վրաստան՝ 30,155 մարդ: Նրանցից վերադարձել է 25,397-ը, ինչը նշանակում է, որ 4,758 անձ չի (դեռ) վերադարձել Վրաստանից:
Ամենայն հավանականությամբ, Վրաստանը արցախցիների համար տարանցիկ երկիր է դեպի այլ երկրներ, և նրանց մեծ մասը ցամաքային ճանապարհով շարունակում է գնալ Ռուսաստան:
Ռուսաստանի ուղղությունը
Ռուսաստան ուղղակիորեն մեկնել է 18,192 մարդ, վերադարձել՝ 16,343-ը: Տարբերությունը կազմում է 1,849 անձ:
Վրաստանից չվերադարձած 4,758 անձը, ամենայն հավանականությամբ, հիմնականում տարանցիկ ճանապարհով մեկնել է Ռուսաստան:
Հունաստան
Հունաստան մեկնել է 676 արցախցի, վերադարձել՝ 244-ը։ Տարբերությունը 432 մարդ է կազմում։
Հունգարիա
Հունգարիա մեկնել է 466 անձ, վերադարձել՝ 346-ը։ Հունգարիա մեկնել և չի վերադարձել 120 մարդ։
Ինչո՞ւ է ադրբեջանամետ Հունգարիան շահագրգռված ընդունելու արցախցի փախստականներին և ինչո՞վ է բնակության համար գրավիչ այդ երկիրը հատկապես արցախցիների մտավոր հատվածի համար:
Նոյեմբերին NEWS.am-ի հրապարկած հոդվածի համաձայն՝ միայն վերջին երեք ամիսների ընթացքում Հայաստանում ապրող արցախցի ավելի քան 500 փախստականներ են տեղափոխվել և բնակություն հաստատել Հունգարիայում
Ըստ լրատվամիջոցի՝ տրամաբանական է, թե ինչու է ժողովրդագրական լուրջ խնդիրներ ունեցող Հունգարիան շահագրգռված իր երկիր հրավիրել քրիստոնյա բնակչությանը և հոգ տանել այդ ընտանիքների կեցության մասին։
Ըստ հոդվածի՝ Արցախից բռնի տեղահանված անձանց ներգաղթը կազմակերպում է Հունգարիայի հայտնի բարեգործական կազմակերպություններից մեկը՝ Մալթայի Ուխտի բարեգործական ծառայությունը, որն ի թիվս այլ ծրագրերի, աջակցություն է տրամադրում ներգաղթյալներին և ապաստան փնտրողներին: Սկզբնական փուլում «Մալթայի Ուխտ»-ի ծրագիրը նախատեսված է եղել միայն Արցախից բռնի տեղահանված ուսանողների համար, որոնք կրթություն ստանալու նպատակով կարճաժամկետ ծրագրերով մեկնել են այդ երկիր, այնուհետև հնարավորություն են տվել ուսանողներին՝ հրավիրել իրենց ընտանիքի անդամներին, ավելի ուշ նաև՝ հարազատներին:
Հասարակական այս կազմակերպությունը ֆինանսավորվում է ինչպես ԵՄ-ից, մասնավոր հիմնադրամներից և նվիրատուներից, այնպես էլ անմիջականորեն Հունգարիայի կառավարությունից:
Թեև Հայաստանում այս ծրագրի վերաբերյալ որևէ պաշտոնական տեղեկատվություն չկա, NEWS.am-ին հաջողվեց պարզել, որ Արցախից տեղահանված ուսանողների ներգրավման գործընթացը կազմակերպել է Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանը։
Մեկնողներից որոշները, սակայն, չեն հարմարվել ընդունող կողմի առաջարկած պայմաններին և կարճ ժամանակ բնակվելուց հետո վերադարձել են Հայաստան, քանի որ կեցության համար պարտադիր է հունգարերեն սովորելը, ինչն ինտերգրման համար կարևոր նախապայման է:
Հունգարիայում հաստատված արցախցի մասնագետներից մեկը NEWS.am-ին հայտնեց, որ բարեգործական կազմակերպությունն իր ընտանիքին ապահովում է բնակարանով և հոգում մեկ տարվա վարձավճարը, իսկ ընտանիքի անդամների թվով ամսական նպաստ տալիս:
Իտալիա
Իտալիա մեկնել է 459 արցախցի, վերադարձել՝ 363։ 96 մարդ չի վերադարձել Իտալիայից։
Ֆրանսիա
Արցախցի փախստականների նախընտրած երկրներից մեկը Ֆրանսիան է։ Դեկտեմբերի 1-ի դրությամբ Ֆրանսիա է մեկնել 251 անձ, վերադարձել՝ 249: Սա չի նշանակում, որ Ֆրանսիայում ընդամենը երկու արցախցի է մնացել։ Ամենայն հավանականությամբ, արցախցիները Ֆրանսիա են մեկնում Իտալիայով, Հունաստանով և այլ երկրներով։
Նոյեմբերի 19-ի դրությամբ Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմել է 23,122 արցախցի, քաղաքացիություն ստացել է 15,819-ը։
Ժամանակին Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից Ինֆոքոմին հայտնել էին, որ բռնի տեղահանվել է շուրջ 150,000 անձ, և նշել էին, որ հստակ թիվ հայտնել հնարավոր չէ։
Տե՛ս նաև՝ Նոյեմբերի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել է 15,647 արցախցի
Civilnet











