Ադրբեջանի օդային տարածքն Իրանի դեմ չի օգտագործվի. Բայրամովը՝ Արաղչիին

Ադրբեջանը երբեք թույլ չի տա օգտագործել իր ցամաքային կամ օդային տարածքը Իրանի դեմ ռազմական գործողությունների համար. հունվարի 29-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում Իրանի արտգործնախարար Սեյիդ Աբբաս Արաղչիին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Ադրբեջանի պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ Բայրամովը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում տիրող լարվածության կապակցությամբ և շեշտել, որ կողմերը պետք է զերծ մնան Իրանի շուրջ անկայունություն հարուցող քայլերից ու հռետորաբանությունից։
Բայրամովը հավելել է, որ առկա հիմնախնդիրները պետք է կարգավորվեն բացառապես միջազգային իրավունքի նորմերին համապատասխան՝ դիվանագիտական երկխոսության ճանապարհով։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։
***
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է Իրանին հնարավոր նոր ռազմական հարվածների մասին՝ հայտարարելով, որ դեպի երկրի ափեր է ուղևորվում հսկայական նավատորմ, որը պատրաստ է գործել «արագությամբ և բռնությամբ», եթե Թեհրանը չվերադառնա բանակցությունների սեղան։ Այս սպառնալիքները հաջորդել են Իրանում տեղի ունեցած ներքին բողոքի ակցիաներին, որոնք ճնշվել էին կոշտ ուժի կիրառմամբ։
Ի պատասխան Վաշինգտոնի հռետորաբանության՝ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ իրենց զինված ուժերի «մատը ձգանին է»՝ հզոր հակահարված տալու ցանկացած ագրեսիայի։ Նա ընդգծել է, որ «12-օրյա պատերազմից» քաղված դասերը Թեհրանին հնարավորություն են տվել արձագանքել առավել ուժգին։ Այդուհանդերձ, իրանական կողմը պնդում է, որ դեռ պատրաստ է փոխշահավետ միջուկային գործարքի՝ վերահաստատելով, որ միջուկային զենքի ստեղծումն իրենց ծրագրերում ներառված չէ։
Կարդացեք նաև՝ Իրանի դեմ պատերազմ սկսելը սխալ կլինի, դիվանագիտական լուծումը հնարավոր է. Ֆիդան
Իրանը սպառնում է աննախադեպ պատասխան տալ ԱՄՆ-ի հնարավոր հարվածին
Civilnet










