Արտակ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել

Պաշտպանության բանակի զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանին, ով այսօր հրավիրվել էր Ստեփանակերտի կայազորային քննչական բաժին, «Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ, մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասով՝ «այն բանի համար, որ նա իր եղբայր Ավետիք Բուդաղյանից տեղեկանալով, որ 2013 թվականի հունիսի 1-ին ժամը 22-ի սահմաններում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում իրեն ծեծի են ենթարկել, նույն օրը ժամը 23-ի սահմաններում մեքենայով գնացել է Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր անվանմամբ հաշվառված որսորդական հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենայից սպանության սպառնալիքներ է տվել Սուրիկ Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին»:

Բուդաղյանը մեղադրանքը չի ընդունել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Լուրն ամբողջությամբ կարող եք ընթերցել այս հղումով:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ի երեկոյան Գորիսի Դավիթ-Բեկի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող Սուրիկ Խաչատրյանի առանձնատան դիմացի հատվածում տեղի են ունեցել կրակոցներ, ինչի հետևանքով 1970թ. ծնված Ավետիք Բուդաղյանը (Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու) ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 1971թ. ծնված Արտակ Բուդաղյանը և 1975թ. ծնված Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235 հոդվածի 1-ին մասով: ՀՀ կառավարության հունիսի 6-ի նիստում գործադիրը հավանության է արժանացրել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հրաժարականի դիմումը: Ավելի ուշ որոշումը վավերացրել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Լուսանկարը՝ emedia.am-ի

Մեկնաբանել