Վահան Քոլոլյանը Կանադայում գործող Mosaic ինստիտուտի հիմնադիրն ու նախագահն է: Այդ ինստիտուտը փորձում է նպաստել Կանադայում և նրա սահմաններից դուրս տարբեր էթնիկ խմբերի միջև երկխոսությանը: Ինստիտուտը ելնում է այն համոզմունքից, որ Կանադան՝ որպես բազմազգ և բազմակուլտուրալ երկիր, պարտավորություն և հնարավորություն ունի այլ երկրների համար օրինակ ծառայել՝ միջազգային խաղաղության և արդարադատության կառուցման համար ավելի շատ ծախսելով իր դիվանագիտական կապիտալը: ՍիվիլՆեթը Քոլոլյանի հետ խոսել է Mosaic ինստիտուտի գործունեության մասին:
-Գիտեք, Սփյուռքը կարծես հասել է մի աստիճանի, երբ Ձեզ նման մարդիկ կարող են ասել՝ արդեն արել եմ այն, ինչ պետք է անեի, ես նվիրված եմ Հայաստանի ապագային և երևի հիմա հիմնեմ դպրոց, օգնեմ մշակութային կենտրոն ստեղծել կամ գիրք հրապարակեմ: Նման մարդիկ մի քանիսն են աշխարհում, շատ չեն: Քեզ նման մարդիկ, որոնք ասել են՝ ես հայկական գործեր ունեմ անելու, սակայն ես կփորձեմ իրականացնել այն նոր և տարբեր ձևով: Արդյոք սա արդարացո՞ւմ է Mosaic ինստիտուտի համար:
-Այն շատ ճշգրիտ պատասխան է հայկական հարցերի համատեքստում, սակայն Mosaic ինստիտուտը կանադական կազմակերպություն է: Մենք փորձում ենք առաջ քաշել հարցեր, որոնք վերաբերում են Կանադայի էթնիկ համայնքներին:
-Եվ Կանադան դրա համար ճիշտ տեղ է՝ որպես աշխարհի բազմազան մշակույթ ունեցող երկրներից մեկը:
-Կանադայի էթնիկ համայնքների հայրենիքները հակամարտության մեջ են: Օրինակ՝ մենք անդրադառնում ենք հնդկական և պակիստանյան համայնքների միջև ծագող խնդիրներին, Շրի Լանկայի համայնքների՝ սինհալների և թամիլների խնդիրներին և, իհարկե, այն խնդիրներին, որոնք վերաբերում են ինձ՝ Հայաստանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ խնդիրներին:
-Դրանք նախևառաջ այն համայնքներն են, որոնք սփյո՞ւռք ունեն Կանադայում:
-Այո, մենք մեր ուժը, մեր մանդատը, մեր լեգիտիմությունը ստանում ենք Կանադայում գտնվող Սփյուռքի համայնքներից: Տորոնտոյում, որտեղ մեր կենտրոնական գրասենյակն է, ինչպես գիտեք, 200 լեզվով են խոսում: Դա հրաշալի է, և շատ կարևոր է ունենալ նման քննարկումներ և երկխոսություններ: Մենք երկու նպատակ ունենք. առաջինը՝ վերացնել խոչընդոտները Կանադայում: Օրինակ՝ Կանադայի թուրքական և հայկական համայնքներն իրականում ոչ մի կերպ միմյանց հետ չեն շփվում: Մենք փորձում ենք նպաստել այդ շփմանը: Մենք դա անում ենք կիսապաշտոնական ձևով. հրավիրում ենք երկու երկրների դեսպաններին և Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցչին: Այն տեղի է ունենում կիսապաշտոնական ձևով: Ինչպես գիտեք, կա դիվանագիտության առաջին և երկրորդ մակարդակ. մերը մենք կոչում ենք դիվանագիտության 1,5 մակարդակ:
-Ասում են՝ սփյուռքի համայնքները՝ ոչ միայն հայկականը, շատ ավելի անհաշտ են, ավելի ծայրահեղական-ազգայնական և շատ ավելի քիչ հակված զիջումների, քան հակամարտություններն են պահանջում: Սա ճի՞շտ է:
-Դժբախտաբար՝ այո՛, և վերլուծելու դեպքում հեշտ է հասկանալ՝ ինչու: Սփյուռքի համայնքները Կանադա են եկել (Կանադա, ԱՄՆ, Ավստրալիա) և այդ խնդիրները բերել են իրենց հետ: Մյուս կողմից, եթե համեմատենք այս խնդիրները հայրենիքի խնդիրների հետ, լինի դա Հայաստանի, Հնդկաստանի, Շրի Լանկայի, թե արաբա-իսրայելական խնդիրները, մենք չունենք այդ հակամարտությունը, մենք ապրում ենք Կանադայում, որը խաղաղ երկիր է, և մենք ունենք այդ շռայլությունը՝ մեր խնդիրները վերհանելու և ասելու՝ ո՛չ: Եվ դա այն է, ինչ մենք փորձում ենք անել. մենք փորձում ենք հաղթահարել այն, որ որպես Սփյուռքի ներկայացուցիչներ, իմ դեպքում՝ հայ, պետք է օգնենք մեր երկրին, պետք է մեղմացնենք մեր դիրքորոշումը, որպեսզի գոնե լսենք և աջակցենք մեր երկրների պաշտոնական դիրքորոշումներին:
-Հատկապես այն ժամանակ, երբ Ձեր երկրում չեք բնակվում, Դուք ունեք այդ առավելությունը և առիթը երկխոսություն ունենալու բոլոր օտար երկրների ներկայացուցիչների հետ: Այլ պարագայում Դուք պետք է սահման հատեք, ուրիշ երկիր գնաք, որ կարողանաք նրանց հետ բանակցել:
-Ճիշտ է:
-Այդ մարդիկ այդտեղ կողքի փողոցում են:
-Մենք փորձում ենք այդ առիթից լավ օգտվել: Օտտավայում՝ Կանադայի մայրաքաղաքում, ոչ բոլոր, բայց դեսպանատների մեծ մասն է, և մենք փորձում ենք դրանից օգտվել: Մենք նույնիսկ որոշ հաջողություններ ենք արձանագրել արաբա-իսրայելական, արաբա-հրեական երկխոսությունների հետ կապված: Երբ մի կանադացի հրեայի ասում է, որ Իսրայելում անցկացված հարցումների համաձայն՝ մեծ մասը համաձայն է հողերի հանձնմանը՝ խաղաղություն ձեռք բերելու դիմաց, նա չի հավատում՝ ասելով, թե այդ հարցումները Իսրայելում են արվել միջազգային կազմակերպությունների միջոցով: Այո՛, ճիշտ եք, երբ ասում եք՝ սփյուռքի կապերն աննկուն են, դա այն բաներից է, որի վրա մենք աշխատում ենք:
-Ի՞նչ եք կարծում, մյուս կողմի ներկայացուցիչները, լինեն դրանք ակտիվիստներ կամ ակադեմիականներ, ողջունո՞ւմ կամ ընդունո՞ւմ են այս տիպի խառնված խմբերին, թե՞ մարդիկ շարունակում են մտածել, որ սա իմ խնդիրն է, և մնացածների խնդիրները նման չեն իմ խնդիրներին:
-Այս խնդիրը կարելի է կապել Ձեր նախորդ հարցին: Ես կարծում եմ՝ դա մարդու էության մասն է, և փորձում եմ շատ ժամանակ չվատնել այս վերջին խնդրի վրա, քանի որ դժվար է մարդուն համոզել, որ նրա ողբերգությունը նույնն է, ինչ մերը: Մարդիկ խոսում են Ցեղասպանության մասին, բայց եթե դու նրանց ասես, որ դա նույնքան ահավոր է, որքան Հոլոքոստը, դու խնդիրներ կունենաս: Ավելի լավ է չխառնվել այդ գործերին, քանի որ դրանք ոչ մի բանի չեն հանգեցնում:
-Ինչպե՞ս եք կարողանում ներգրավել տարբեր խմբերի ներկայացուցիչներին և բացատրել, որ նրանք մասնակցություն ունենան այդ նախաձեռնությանը:
-Եկեք վերցնենք Հայաստանի և Թուրքիայի օրինակը.՝ Կանադայում համախմբում ենք երկու համայնքները համալսարանի օգնությամբ: Մենք ունենք Youth Mosaic ծրագիրը: Կանադայում ապրող թուրք ուսանողները և կանադահայ ուսանողները իրենք են անցկացնում այդ դասընթացները՝ մեր հովանու ներքո: Մենք հրավիրում ենք մասնագետների, օրինակ՝ Քաան Սոյակին, որը Թուրք-հայկական բիզնեսի զարգացման խորհրդի փոխտնօրենն է, որպեսզի խոսի երկու խմբերի հետ այն առաջարկի մասին, որին ես աջակցում եմ՝ «Եկեք բացենք սահմանները»: Մենք կարող ենք խոսել դրա մասին, ճանաչել Ցեղասպանությունը, նույնիսկ թուրքերը կճանաչեն այն տասը-քսան տարի անց: Սա անձնական տեսակետ է, որ նրանք կճանաչեն, բայց ես չեմ ուզում քսան տարի էլ սպասել՝ տարածաշրջանում առևտուր և զարգացում ունենալու համար: Շատ երկրներ ներկայում ունեն խնդիրներ, սակայն սահմանները չեն փակում: Այսպիսով՝ մեր հարձակման գիծը սա է՝ եկեք ժամանակակից խնդիրները լուծենք այսօր, և հետո, երբ իրական կամ երևակայական սահմանները բացվեն, դա կարող է բարելավել տպավորությունները երկու կողմում էլ:
-Mosaic ինստիտուտը պատկերացնո՞ւմ է՝ ինչ դեր ունի այստեղ՝ Հայաստանում:
-Արտաքին հարաբերությունների, Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելուն օգնելու առումով՝ այո՛: Դա այն է, ինչ անում ենք: Իրականում մենք ունենք երկխոսությունների ծրագրեր, յուրաքանչյուրը՝ բաղկացած երեքական մասից, որոնք սկսվում են նոյեմբերից: Ինչպես նշեցի, բանախոսներից մեկը Քաան Սոյակն է, և մենք նպատակ ունենք ծրագրերը տարածել: Սա փակ դռների հետևում անցկացվող երկխոսություն չէ, մենք նորից հրավիրելու ենք դեսպաններին և փորձելու ազդեցություն ունենալ առցանց իրականացվող երկխոսության վրա:
-Մենք հետևելու ենք ձեր երկխոսությանն ու միգուցե այն մեր երկխոսության մաս դարձնենք:
-Մենք միայն ուրախ կլինենք:
-Դուք նշեցիք երկխոսություն և այլն, սակայն ձեռնարկել եք նաև մի հետաքրքիր ուսումնասիրություն, որն իրականացվում է այստեղ՝ Հայաստանում:
-Դա Mosaic ինստիտուտի ծրագիր չէ: Մենք՝ որպես ընտանիք, Երևանում ֆինանսապես աջակցում ենք համալսարանների և վերլուծական կենտրոնների հինգ հետազոտական խմբերի: Նրանք ուսումնասիրում են Հայաստանի ժողովրդագրությունը, բնակչության թվաքանակի նվազումը: Բոլորս անհանգստանում ենք Հայաստանի բնակչության թվի անկմամբ, բոլորս տեսակետ ունենք, թե ինչու է դա տեղի ունենում, սակայն կարծում եմ, որ կարևոր է համապատասխան գիտական հետազոտություններ իրականացնել՝ հիմնված փաստերի ու տեղեկատվության վրա, գտնել բնակչության նվազման պատճառները, ապա հանդես գալ գործողությունների առաջարկներով՝ ինչպես դրա դեմն առնել: Ես Երևանում եմ՝ այդ հինգ խմբերին հանդիպելու համար: Ոգևորությունը մեծ է, և մենք հույս ունենք՝ հետազոտություններն ավարտել մինչև նոր տարի:
Զրուցեց Սալբի Ղազարյանը
Civilnet




