Home Feed

Georgians Electing New Parliament

Ստորև կարող եք ծանոթանալ հարցազրույցի հայերեն  տեքստին`

Սեպտեմբերի 24-ին ՍիվիլՆեթի գրասենյակում տեղի ունեցավ «Քաունթերփարթ ինթերնեյշնլի» կազմակերպած Social Good Summit-ը, որի նպատակն է աշխարհի տարբեր ծայրերում կապեր ստեղծել մարդկանց հետ, ինչը կնպաստի ինֆորմացիայի տարածմանն ու տարբեր հիմնախնդիրների լուծմանը:

Ընտրական օրենքները գրվել են ամենախոշոր կուսակցության օգտին

Հոկտեմբերի 1-ին Վրաստանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ: Վրաստանի ներկա քաղաքական իրավիճակի և զարգացումների մասին ՍիվիլՆեթը զրուցել է Transparency International հակակոռուպցիոն կազմակերպության խորհրդի անդամ, Վրաստանի անգլալեզու TBLPOD ամենշաբաթյա ծրագրի խմբագիր, պրոդյուսեր և հաղորդավար Մարկ Մալենի հետ:

-Մարկ, ինչպիսի՞ տեսք ունեն կուսակցական ցուցակները, արդյոք պայքարը կուսակցությունների՞ միջև է, թե՞ անհատներն են առաջ տանում ընտրական գործընթացը:

-Երկուսն էլ: Ունենք երկու հիմնական կուսակցություն: Նախ՝ իշխող «Ազգային միացյալ շարժում» կուսակցությունը, որը գլխավորում է Միխեիլ Սաակաշվիլին: Նախկինում բազմաթիվ ընդդիմադիր կուսակցություններ կային, որոնք առանձնապես արդյունավետ չէին, և իշխանությունները գոհ  էին դրանց անկարողությունից, սակայն հանկարծ հայտնվում է մի միլիարդատեր, աշխարհի ամենահարուստների ցուցակում 154-րդ տեղը զբաղեցնող Բիձինա Իվանիշվիլին, որն ունի 6-7 մլրդ դոլար կարողություն, միավորում է ընդդիմությունը և, որ ամենակարևորն է, գլխավոր ընդդիմադիր կուսակցություններին՝ հանրապետականներին և ազատ դեմոկրատներին: Ես կարծում եմ՝ Իվանիշվիլիի ցուցակը հիմնված է նրա անձնական կապերի վրա՝ դերասաններ, մարզիկներ, մի շարք ազգայնական գործիչներ: Ազատ դեմոկրատներն ու հանրապետականներն այդ ցուցակում այդքան էլ աչքի չեն ընկնում, սակայն նույնը կասեի նաև նրա մեծամասնական թեկնածուների մասին: Նրանք առանձնապես տպավորիչ չեն, նրանցից ոմանք վատը չեն, սակայն այն չեն, ինչ կարող էին լինել: Կարծում եմ՝ սա վկայում է այն մասին, որ ընտրություններից հետո երկու ամենակարևոր կուսակցություններն իրենց խմբակցությունը կազմելուց հետո ամենայն հավանականությամբ յուրաքանչյուրն իր ուրույն ուղով կգնա: Իշխող կուսակցության ցուցակը, կարծում եմ, ավելի հավատարիմ ցուցակ է, երիտասարդ մարդկանց ընդգրկող կենտրոնամետ խումբ է:

-Մարդիկ, որոնք ներկայում իշխանության մե՞ջ են…

-Օրինակ՝ ներկայում խորհրդարանական իշխող խմբում նոր դեմքերը քիչ են, մեծամասնականները հին մեծամասնականներն են: Այնպես որ, կարծում եմ, լինելու է համամասնական քվե, որի դեպքում մարդիկ գնում և իրենց ձայնը տալիս են կուսակցությանը, և մեծամասնական, երբ մարդիկ ընտրում են անհատին: Իմ կարծիքով՝ կլինի ձայների պառակտում: Կարևոր է հիշել ընտրական օրենսգրքի մի քանի մանրամասն, քանի որ ընտրական օրենքները գրվել են ամենախոշոր՝ իշխող կուսակցությանը մեծապես աջակցելու համար: Օրինակ՝ մեծամասնականների համար նախատեսված շեմը 30% է, այնպես որ՝ յուրաքանչյուր մեծամասնական թեկնածու, որը կարող է հավաքել ձայների 30%-ը, կհաղթի, եթե նույնիսկ բոլոր մյուս թեկնածուները հավաքեն մինչև 70% ձայները: Սա նշանակում է, որ ամենայն հավանականությամբ, իշխող կուսակցությունը կկարողանա հաղթել գրեթե բոլոր մեծամասնականներին, և հենց դա է խնդիրը: Կարծում եմ՝ գալիք ընտրություններում գլխավոր հարցը լինելու է հետևյալը՝ արդյոք իշխող կուսակցությունը կստանա սահմանադրական մեծամասնությունը, և արդյոք Իվանիշվիլիի թիմը ստիպված կլինի հավաքել համամասնական քվեարկության կեսը և 12 մեծամասնական տեղ, որպեսզի ունենա 51 անդամ 150-հոգանոց խորհրդարանում:

-Հայաստանում խորհրդարանական վերջին ընտրությունների ընտրարշավի ժամանակ ոչ թե քաղաքական ծրագրերն էին շեշտադրվում, այլ ընտրություններն ազատ և արդար անցկացնելը: Ո՞րն է թիվ մեկ խնդիրը Վրաստանում:

-Դժվար է հստակ ասել՝ որն է թիվ մեկ խնդիրը. կան մի քանի ասպեկտներ: Առաջինը՝ քվեարկության որակն է. մարդիկ ցանկանում են իմանալ իշխող և ընդդիմադիր կուսակցությունների հանդեպ վստահության իրական մակարդակը, որքանով են դրանք ժողովրդականություն վայելում: Հիմնական հարցերից են տնտեսությունն ու գործազրկությունը, հարցեր, որոնցով մտահոգված է նաև կառավարությունը: Անցյալ գիշեր [սեպտեմբերի 18-ին – խմբ.] հրապարակվել են մի շարք տեսանյութեր, որոնցում բանտարկյալներին տանջանքների են ենթարկում: Այս առիթով Թբիլիսիում բողոքի մեծ ցույց է անցկացվել. մարդիկ զգում են, որ անվտանգ չեն պետության առջև: Այսպիսով՝ նախընտրական օրակարգի հարցերից է նաև մարդու իրավունքների խնդիրը:

-Տեղեկատվությունը գլխավորապես տարածվում է համացանցում, ինչպես օրինակ՝ այդ տեսանյութերը, և լրատվամիջոցներով, որոնք նախընտրական շրջանում օրենքով սահմանված կարգով հասանելի են բոլորին: Արդյո՞ք այդ բաց և առկա լրատվամիջոցներն իրականությունն արտացոլելու և դրան արձագանքելու այն միջոցներն են, որոնք պիտի լինեն իրականում:

-«9-րդ ալիքը», որը որոշ առումով վերահսկվում է Իվանիշվիլիի կողմից, նրա կուսակցության «բարձրախոսն է», սակայն իշխանությունների կողմից վերահսկվող լրատվամիջոցներն այնքան անհետաքրքիր են, որ մարդիկ նախընտրում են դիտել կողմնակալ «9-րդ ալիքը»՝ այլընտրանքային տեսակետ լսելու համար:

-Փաստորեն նույնիսկ նախընտրական շրջանում իշխանությունների կողմից վերահսկվող լրատվամիջոցնե՞րն են անհետաքրքիր:

-Իսկապես անհետաքրքիր են: Մարդիկ այնքան են սովորել այդ «կարմիր ժապավեն կտրելուն», նրանք այլևս ոչ մի նոր բան չեն ստանում: Այստեղ մարդիկ շատ են հեռուստացույց դիտում, ծրագրեր, որոնք հյուրընկալում են իշխանությունն ու ընդդիմությունը ներկայացնող անձանց, որոնք բղավում են միմյանց վրա: Քաղաքական նման լարված մթնոլորտում հեռուստատեսությունը մեծ պահանջարկ ունի, և մարդիկ սիրում են համեմատել տարբեր աղբյուրներ:

-Խոսենք նախընտրական շրջանում լրատվամիջոցների պարտադիր մատչելիության մասին: Արդյոք այն ուժի մեջ կմնա՞ նաև ընտրություններից հետո: Սա կարևոր հարց էր Հայաստանում. մեզ չի հաջողվել պահպանել լրատվամիջոցների այդ հասանելիությունը հետընտրական շրջանում: Ինչպիսի՞ շանսեր կան Վրաստանում:

-Չգիտեմ, որևէ հատուկ տեղեկատվություն չունեմ: Կարծում եմ՝ իշխանություններին մտահոգում է հետընտրական ցույցերի հավանականությունը: Իվանիշվիլին բազմաթիվ դիտորդներ է ներգրավել, առհասարակ, միջազգային դիտորդները շատ են լինելու:

-Վրաստանը հաճախ իրեն համարում է Ամերիկայի վստահելի գործընկերը ԱՄՆ-ի և Ռուսաստանի մրցակցությունում: Արդյոք այդ ամենը ինչ-որ անդրադարձ ունի՞ այս ընտրությունների վրա, արդյոք նրանք այս ընտրությունները տեսնո՞ւմ են որպես մրցակցություն Ամերիկայի և Ռուսաստանի միջև:

-Ես համոզված չեմ, որ Վրաստանը իրեն այդ դերում է տեսնում: Ինձ թվում է, որ Վրաստանը չի պատկերացնում, թե ինչքան անկախ է հիմա: Դե պարզ է, որ այդպես է, քանի որ Վրաստանը հետխորհրդային փոքր երկիր է: Հաճախ ծերերից կարող ես լսել. «Դե պարզ է՝ որոշումներն արդեն վերևներում՝ Վաշինգտոնում կամ Մոսկվայում կայացվել են»:

-Ծանոթ իրավիճակ է:

-Այսպիսի բաներ չես լսի երիտասարդներից: Ինձ թվում է՝ հենց Վրաստանը, հենց վրացիները պետք է որոշեն՝ ում են ուզում տեսնել որպես ղեկավար: Մի շաբաթ առաջ պետքարտուղարի տեղակալը հայտարարեց, որ ինչ էլ որոշեն վրացիները, ԱՄՆ-ը պետք է ընդունի դա: Ինձ թվում է՝ իրականում Ռուսաստանն է փորձում Վրաստանին ներկայացնել որպես Ամերիկայի վստահելի ներկայացուցիչ: Պարզապես Վրաստանը, ընդհանուր հայացք գցելով, հասկանում է, որ Արևմուտքը ավելի վստահելի գործընկեր է:

Սալբի Ղազարյան

Newsletter

Subscribe to our newsletter and be the first to receive our weekly digests.

By subscribing, you agree to our Privacy Policy .

CivilNet content, photos, and videos may not be copied, downloaded, or republished on other platforms without proper attribution. Any partial use of CivilNet video requires prior knowledge and consent from CivilNet.

315 Arden Ave, Suite 30, Glendale, California 91203

+1(818)749-450 [email protected]

1 Northern Avenue, Office 30, Yerevan 0010, Armenia

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026. All rights reserved.

Developed by MATEMAT