Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 4-ին Աբու-Դաբիում կմասնակցի Շեյխ Զայեդ հիմնադրամի «Մարդկային եղբայրության համար» 2026-ի մրցանակաբաշխությանը։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Մրցանակաբաշխությանը կմասնակցի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա այսօր արդեն աշխատանքային այցով մեկնել է Աբու-Դաբի։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճանաչվել է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026-ի մրցանակակիր՝ ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության հաստատման, տարածաշրջանում համագործակցության և կայունության ապահովման օրակարգը հետևողականորեն առաջ մղելու համար։ Նույն մրցանակին արժանացել է նաև Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։
Մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամը նշել է, որ պատմական խաղաղության պայմանագիրը մարմնավորում է երկխոսության և համակեցության մշակույթի խթանման նպատակները։ Նա ընդգծել է առաջնորդների հետևողական ջանքերը՝ համաձայնագիրը որակելով որպես «դիվանագիտական խոշոր ձեռքբերում» և կարևոր հանգրվան գլոբալ խաղաղության ճանապարհին։
2026-ի մրցանակակիրները ընտրվել են անկախ, համաշխարհային մակարդակի դատավորական հանձնաժողովի կողմից, որը բաղկացած է երկխոսության և համակեցության ոլորտում ճանաչված հեղինակավոր գործիչներից և փորձագետներից։ Հանձնաժողովի անդամներն են՝ Եվրոպական խորհրդի նախկին նախագահ և Բելգիայի Թագավորության նախկին վարչապետ՝ Նորին Գերազանցություն Շառլ Միշել, Աֆրիկյան միության հանձնաժողովի նախկին նախագահ և Չադի Հանրապետության նախկին վարչապետ՝ Նորին Գերազանցություն Մուսա Ֆակի Մահամաթ, Սուրբ Աթոռի Մշակույթի և կրթության դեպարտամենտի պրեֆեկտ՝ Նորին Սրբազանություն Կարդինալ Ժոզե Տոլենտինո դե Մենդոնսա, ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն՝ Քեթրին Ռասել, Ուզբեկստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար՝ Սաիդա Միրզիյոևա,ինչպես նաև Մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակի գլխավոր քարտուղար՝ Նորին Գերազանցություն դատավոր Մուհամմադ Աբդելսալամը։
Civilnet











