Փեզեշքիանն ԱՄՆ-ի հետ բանակցելու պայմանական պատրաստակամություն է հայտնել

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկրի արտաքին գործերի նախարարին հանձնարարել է քննարկել Միացյալ Նահանգների հետ բանակցություններ սկսելու հնարավորությունը՝ պայմանով, որ երկխոսությունն ընթանա սպառնալիքներից զերծ մթնոլորտում և արդարության սկզբունքների հիման վրա։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։
X-ի իր էջում հրապարակված հայտարարության մեջ Փեզեշքիանը նշել է, որ այս որոշումը կայացվել է տարածաշրջանի բարեկամ կառավարությունների դիմումներից հետո, որոնք վերաբերում էին ԱՄՆ նախագահի կողմից ներկայացված բանակցությունների առաջարկին։
Նախագահի փոխանցմամբ՝ արտաքին գերատեսչության ղեկավարին տրվել են հստակ հրահանգներ՝ դիտարկելու հավասարազոր քննարկումների հեռանկարը, եթե ձևավորվի համապատասխան միջավայր՝ զերծ անհիմն ակնկալիքներից ու ճնշումներից։
Իրանի առաջնորդն ընդգծել է, որ ցանկացած գործընթաց պետք է առաջնորդվի արժանապատվության, խոհեմության ու նպատակահարմարության սկզբունքներով և իրականացվի բացառապես Իսլամական Հանրապետության ազգային շահերի շրջանակներում։
***
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանը «լուրջ» բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ։ Նա հույս էր հայտնել, որ Իրանը կհամաձայնվի ԱՄՆ-ի համար ընդունելի գործարքի։ «Դուք կարող եք նրանց համոզել բանակցել բավարար գործարքի շուրջ. ոչ մի միջուկային զենք։ Նրանք պետք է դա անեն։ Բայց ես չգիտեմ՝ նրանք դա կանեն, թե ոչ, չնայած նրանք մեզ հետ խոսում են, լուրջ խոսում», – լրագրողներին ասել է Թրամփը։
Ավելի վաղ Թրամփը զգուշացրել էր Իրանին հնարավոր նոր ռազմական հարվածների մասին՝ հայտարարելով, որ դեպի երկրի ափեր է ուղևորվում հսկայական նավատորմ, որը պատրաստ է գործել «արագությամբ և բռնությամբ», եթե Թեհրանը չվերադառնա բանակցությունների սեղան։ Այս սպառնալիքները հաջորդել են Իրանում տեղի ունեցած ներքին բողոքի ակցիաներին, որոնք ճնշվել էին կոշտ ուժի կիրառմամբ։
Ի պատասխան Վաշինգտոնի հռետորաբանության՝ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ իրենց զինված ուժերի «մատը ձգանին է»՝ հզոր հակահարված տալու ցանկացած ագրեսիայի։ Նա ընդգծել է, որ «12-օրյա պատերազմից» քաղված դասերը Թեհրանին հնարավորություն են տվել արձագանքել առավել ուժգին։ Այդուհանդերձ, իրանական կողմը պնդում է, որ դեռ պատրաստ է փոխշահավետ միջուկային գործարքի՝ վերահաստատելով, որ միջուկային զենքի ստեղծումն իրենց ծրագրերում ներառված չէ։
Civilnet










