Աբու Դաբիում ընթանում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այս մասին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Հայաստանի վարչապետի պատվիրակության կազմում են՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Ադրբեջանի նախագահի պատվիրակության կազմում են Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսաֆաևը, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը, Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբայովը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Իլհամ Ալիևն այսօր՝ փետրվարի 4-ին, Աբու-Դաբիում կմասնակցեն Շեյխ Զայեդ հիմնադրամի «Մարդկային եղբայրության համար» 2026-ի մրցանակաբաշխությանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճանաչվել է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026-ի մրցանակակիր՝ ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության հաստատման, տարածաշրջանում համագործակցության և կայունության ապահովման օրակարգը հետևողականորեն առաջ մղելու համար։ Նույն մրցանակին արժանացել է նաև Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։
2026-ի մրցանակակիրները ընտրվել են անկախ, համաշխարհային մակարդակի դատավորական հանձնաժողովի կողմից, որը բաղկացած է երկխոսության և համակեցության ոլորտում ճանաչված հեղինակավոր գործիչներից և փորձագետներից։ Հանձնաժողովի անդամներն են՝ Եվրոպական խորհրդի նախկին նախագահ և Բելգիայի Թագավորության նախկին վարչապետ՝ Նորին Գերազանցություն Շառլ Միշել, Աֆրիկյան միության հանձնաժողովի նախկին նախագահ և Չադի Հանրապետության նախկին վարչապետ՝ Նորին Գերազանցություն Մուսա Ֆակի Մահամաթ, Սուրբ Աթոռի Մշակույթի և կրթության դեպարտամենտի պրեֆեկտ՝ Նորին Սրբազանություն Կարդինալ Ժոզե Տոլենտինո դե Մենդոնսա, ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն՝ Քեթրին Ռասել, Ուզբեկստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար՝ Սաիդա Միրզիյոևա,ինչպես նաև Մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակի գլխավոր քարտուղար՝ Նորին Գերազանցություն դատավոր Մուհամմադ Աբդելսալամը։
Civilnet











