Գլխավոր Լրահոս

Վարձկանները Թուրքիայի տարածքով են տեղափոխվել Սիրիա՝ հարաբերությունների լավացման համատեքստում․ Գալյան

Վարձկանները Թուրքիայի տարածքով են տեղափոխվել Սիրիա՝ հարաբերությունների լավացման համատեքստում․ Գալյան

Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված սիրիացի վարձկանները Սիրիա են տեղափոխվել Թուրքիայի տարածքով՝ Թուրքիայի հետ հարաբերությունների լավացման և օբյեկտիվ հնարավորությունների գնահատման համատեքստում։ Այս մասին 2025-ի ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ 

«Մենք գնահատել ենք փոխանցելու ճանապարհները, քննարկվել են նաև այլ ճանապարհներ՝ նաև Թուրքիայի հետ հարաբերությունների լավացման համատեքստում և ոչ միայն այդ համատեքստում, իրականում օբյեկտիվ հնարավորությունների գնահատման համատեքստում ևս։ Ընտրվել է այդ ճանապարհը, և վստահաբար չկա որևէ արգելք՝ որևէ պետության միջոցով այդ փոխանցումը իրականացնելու համար»,- նշել է Սրբուհի Գալյանը։ 

Նրա խոսքով՝ այս որոշումը կայացվել է նաև Սիրիայի հետ հարաբերությունները բարելավելու և այնտեղի հայ համայնքի իրավունքների պաշտպանությունն ավելի արդիական դարձնելու նպատակով։

Արդարադատության նախարարը պարզաբանել է, որ գործընթացն իրականացվել է «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրենքով սահմանված փոխադարձության սկզբունքի հիման վրա։ Նա շեշտել է, որ գոյություն ունի դատապարտյալների փոխանցման համապատասխան ինստիտուտ և օրենսդրական կարգավորումներ, իսկ պրոցեսը եղել է բացառապես իրավական։ 

Ըստ Գալյանի՝ օրենքի շրջանակներում հենց նախարարությանն է վերապահված եղել հայեցողությունը՝ գնահատելու, թե արդյոք արժե փոխանցել դատապարտյալներին այլ պետությունում պատիժը կրելու համար։

«Կարող եմ վստահեցնել, որ պրոցեսը միայն իրավական է եղել։ Հիմա թե ինչ պետության միջոցով է, ինչպես է իրականացվել և այլն, դա այլ հարց է. խիստ կարևոր է, որ գործընթացն ունի իրավական հիմք և պրոցեսուալ առումով էլ իրավական է»,- եզրափակել է նախարարը։

Հայաստանի Հանրապետությունում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին, հունվարի 13-ին Թուրքիայի Հանրապետության միջոցով փոխանցվել են Սիրիայի Արաբական Հանրապետության իրավասու մարմիններին՝ իրենց նկատմամբ կայացված դատավճիռների հետագա կատարումը իրենց քաղաքացիության պետությունում շարունակելու նպատակով: Վարձկանների փոխանցմումը համընկել է Ադրբեջանում ապօրինի պահվող չորս հայ գերիների վերադարձի օրվա հետ։

Սիրիայի քաղաքացիներ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիի ու Յուսեֆ Ալաբեդ ալ-Հաջին 2021-ին Հայաստանում ցմահ ազատազրկման էին դատապարտվել։ Նրանք մեղադրվում են միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների, վարձկանության հոդվածներով:

***

2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ սիրիացի վարձկաններն անարգել Ադրբեջան են տեղափոխվել Թուրքիայի տարածքով, սահմանային անցակետը հատել են առանց որևէ փաստաթղթի։ Իսկ մինչ նրանց տեղափոխումը՝ հունիսից մինչև սեպտեմբեր Սիրիայում ռազմական պատրաստվածության դասընթացների են մասնակցել։

Իրավապահների փոխանցմամբ՝ ռազմական գործողություններին մասնակցելու համար վարձկաններին առաջարկվել է 2 հազար դոլար։ Հրապարակային կոչեր են հնչել, այն է՝ չխնայել որևէ անձի կյանք, բոլոր հայերին գլխատել, սպանել, ավելին՝ նրանց նաև ամեն հայի համար 100 դոլար գլխագին էին խոստացել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում