Փետրվարի 3-ին Երևանում տեղի է ունեցել ԵՄ -ՀՀ քաղաքական և անվտանգային հարցերով բարձր մակարդակի երկխոսության երրորդ նիստը: Հայաստանում ԵՄ գրասենյակի տարածած համատեղ մամուլի հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում վերահաստատվել է ԵՄ–ՀՀ գործընկերության ռազմավարական բնույթը և արտաքին անվտանգության ու պաշտպանության քաղաքականության շրջանակում համագործակցության խորացման հանձնառությունը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել քաղաքական և անվտանգային հարցերում շարունակական ու կառուցվածքային փոխանակումների կարևորությանը՝ որպես ԵՄ–ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիմնասյուն։
Հաղորդագրությունում նշվում է, որ քննարկումները տեղի են ունեցել երկկողմ հարաբերություններում կարևոր փուլում՝ 2025 թվականի դեկտեմբերին Բրյուսելում անցկացված ԵՄ–ՀՀ գործընկերության խորհրդի 6-րդ նիստից և գործընկերության ռազմավարական օրակարգի ընդունումից հետո։ Կարևորվել է նաև 2026 թվականի մայիսին Երևանում նախատեսված ԵՄ–ՀՀ առաջին գագաթնաժողովի անցկացումը։
Անդրադարձ է կատարվել ռազմավարական օրակարգի անվտանգային և պաշտպանական ուղղությունների իրականացման ընթացքին։ Այդ համատեքստում նշվել է ԵՄ ճգնաժամային առաքելություններին և գործողություններին Հայաստանի մասնակցության շրջանակը սահմանող համաձայնագրի ուժի մեջ մտնելը։ Նշվել է նաև ԵՄ աջակցությունը Հայաստանի անվտանգության և դիմակայունության ամրապնդմանը, մասնավորապես՝ ԵՄ առաքելության ներկայությունը Հայաստանում և Եվրոպական խաղաղության գործիքի շրջանակում տրամադրված աջակցությունը, որը 2024 թվականից կազմում է 30 միլիոն եվրո։
Քննարկվել են նաև հիբրիդային, կիբեր և տեղեկատվական սպառնալիքները։ Հայաստանը և ԵՄ-ն պայմանավորվել են շարունակել համագործակցությունը՝ ժողովրդավարական գործընթացներին ուղղված վնասարար միջամտություններին հակազդելու նպատակով։
Օրակարգում են եղել նաև տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումները, այդ թվում՝ Հայաստան–Ադրբեջան խաղաղության ինստիտուցիոնալացման և Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացները։ ԵՄ-ն վերահաստատել է աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և տարածաշրջանային կապակցվածության խթանմանը՝ բոլոր երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքների հարգմամբ։
Հանդիպման ընթացքում վերահաստատվել է նաև աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ այն դիտարկելով որպես միջտարածաշրջանային և անդրտարածաշրջանային կապերի ընդլայնման կարևոր հարթակ, որը համահունչ է ԵՄ «Գլոբալ դարպասներ» օրակարգին։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև «Թրամփի ուղու» գործարկման շուրջ վերջին զարգացումներին։
ԵՄ-ն ողջունել է Հայաստանի՝ ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության դիրքորոշումներին միանալու աճող ցուցանիշը և վերահաստատել է աջակցությունը այդ մոտարկման շարունակական ընդլայնմանը։ Նշվել է նաև ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության կարևորությունը՝ որպես գործընկերության առանցքային տարրեր, ինչպես նաև ԵՄ շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին։
ԵՄ–ՀՀ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել 2027 թվականին՝ Բրյուսելում։ Նիստը համանախագահել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ, քաղաքական տնօրեն Օլոֆ Սկուգը։
Civilnet











