Բարոյահոգեպես պատրաստ էինք, բայց տեղանքին ծանոթ չէինք. Լելե Թեփեի գործով տանկիստ վկա

Հայկ Ղազարյան
Մարտի 24-ի նիստին վկան հայտարարեց, որ հոկտեմբերի 7-ին ուշ են հասել մարտի դաշտ, օպերացիան արդեն սկսվել էր, և առաջ գնալու հրաման չեն ստացել։
2020-ի հոկտեմբերի 7-ի բանակային հակահարվածի գործով հերթական դատական նիստին Երևան քաղաքի քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում հարցաքննվում էր «Ցոր» զորամասի տանկային գումարտակի սերժանտ Արեգ Ղալամքարյանը։ Վերջինս 2020-ի հունիսից ծառայում էր «Ցոր»-ում՝ որպես տանկի հրամանատար։
Լելե Թեփեի հակահարվածի մասին
2020-ի հոկտեմբերի 3-ից Ադրբեջանը գրավեց Ջաբրայիլի շրջանի մի քանի գյուղ և բացեց Հորադիզի միջանցքը։ Հայկական կողմը որոշեց հակահարված ձեռնարկել՝ ներթափանցած խմբավորումներին շրջափակելու և սնուցումից զրկելու նպատակով։ Հոկտեմբերի 7-ին ձախողված հակահարձակողական օպերացիան հետագայում հայտնի դարձավ «Լելե Թեփեի օպերացիա» անվամբ։
Այդ գործով մեղադրյալի աթոռին են Պաշտպանության բանակի 8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի («Ցոր») հրամանատար Արթուր Օհանյանը, նույն զորամասի մոտոհրաձգային գումարտակի հրամանատար Գեղամ Աբրահամյանը և տանկային գումարտակի հրամանատար Գառնիկ Մնացականյանը։ Զորամասի հրամանատարը մեղադրվում է ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, իսկ գումարտակի հրամանատարները՝ զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումից հրաժարվելու համար։
«Մեծ օպերացիայի մասին էր խոսքը»
Ղալամքարյանը պատմեց, որ մինչև տանկային շարասյան շարժվելը վաշտի հրամանատար Դավթյանը ներկայացրել է իրավիճակը։
«Հիշում եմ, որ մենակ մենք չէինք մասնակցում, Խոջալուի տանկայինն էլ պետք է մասնակցեր, ոնց որ երկու կողմից պետք է հակահարված հասցնեինք, հետևից պետք է հրետանին աշխատեր, հետո հետևակը մտներ, հակաօդայինն էլ պետք է աշխատեր, մեծ օպերացիայի մասին էր խոսքը»,- ասաց Ղալամքարյանը։
Վկան պատմեց, որ շարժվելուց կարճ ժամանակ անց Մնացականյանը կանգնեցրել է շարասյունը, հրահանգավորել կազմին ու ոգևորել զինվորներին։ «Ընդհանուր ոգևորված էր, ու այդ ոգևորվածությունը, ինձ թվում է, զորքին էլ փոխանցվել»,- ասաց Ղալամքարյանը։
Երկար երթի ընթացքից հետո Ղալամքարյանի տանկը խափանվել է։
«Մեխանիկս ինքնուրույն փորձեց լուծել խնդիրը, ու հենց այդ ժամանակ տանկով անցավ «Ցոր»-ի տեխնիկ Սուրենն, որը կանգ առավ, ու վերջնականապես լուծեց անսարքությունը։ Կես ժամ կամ մեկ ժամ անց կրկին առաջ շարժվեցինք»,- պատմեց վկան։
Վկայի խոսքով՝ «9-րդ կմ» հասնելուց հետո ասել են, որ նույնիսկ առաջընթաց կա, և գործերը կարծես վատ չեն։
Ըստ վկայի, շարասյունն ուշ է տեղ հասել տանկերի խափանման պատճառով. «Ինձ թվում է, պլանը խափանվեց այդտեղից, որ կալոնան կիսվեց, մեկը մյուսից հետ ընկավ և միաժամանակ տեղ չհասանք»։

Բարոյահոգեբանական պատրաստվածության մասին
Ղալամքարյանն ընդգծեց, որ կազմը ոգևորված ու տրամադրված էր, հրաժարվողներ չի տեսել, և ոչ ոք չի կատարել տեխնիկայի միտումնավոր խափանումներ, որ խուսափի մարտի մեջ մտնելուց։
Սակայն, ըստ նրա, «գլխավոր բացն» ու «գլխավոր անորոշությունը» տեղանքին անծանոթ լինելն էր։
«Բարոյահոգեբանական առումով, հոգեպես պատրաստ էինք, բայց ուղղակի տեղանքին ծանոթ չլինելու ֆակտորի պատճառով ամբողջությամբ պատրաստ չէինք»,- ասաց Ղալամքարյանը։ Նա ավելացրեց, որ եթե մեկ օր շուտ հասնեին ու նախօրոք պատրաստվեին, կոնկրետ ծանոթանային տեղանքին և հասկանային, թե ով ինչ պետք է անի, ավելի արդյունավետ կլիներ ամեն ինչ։
Ղալամքարյանը նշեց, որ «9-րդ կիլոմետր» հատվածում տեսել է, թե ինչպես են հանում մի տանկ, որ ընկել էր հակատանկային փոսի մեջ. «Ինչ-որ դրվագ հիշում եմ, որ տանկը քաշում էին, հանում էին, բայց չեմ հիշում, թե որ տանկն էր»։
Ըստ մեղադրանքի՝ «Ցոր»-ի տանկային գումարտակի հրամանատար Գառնիկ Մնացականյանը հոկտեմբերի 7-ին տանկով կողաշրջվել է հակատանկային խանդակում, ինչից հետո փաստացի հրաժարվել է շարունակել մարտական առաջադրանքը։
Հոկտեմբերի 8 (ռեյդային գործողություններ)
Տանկիստը ասաց, որ հաջորդ օրը «9-դր կմ» տեղանքում շարասյուն կազմեցին և պատրաստվեցին առաջ գնալ, բայց հանկարծ հրետանային կրակ բացեցին իրենց ուղղությամբ։
«Հիշում եմ՝ Շտաբի պետ Աբաղյանն ասեց՝ իջեք, մտեք խրամատները, մինչ հանդարտվի, ու մտանք, սպասեցինք»,- ասաց Ղալամքարյանը։
Ըստ վկայի՝ հոկտեմբերի 8-ին որոշ տանկեր, այդ թվում՝ գումարտակի հրամանատար Մնացականյանի տանկը, օրվա սկզբին մտել են մարտի մեջ և հետ եկել, և ինքը հետագա ընթացքն արդեն չի հիշում։
Ըստ Քննչական կոմիտեի՝ գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը բանակային հակահարվածի ձախողումից հետո հոկտեմբերի 8-ին որոշում է կայացրել իրականացնել ռեյդային գործողություններ։ Բանակային հակահարվածի գործով Ջալալ Հարությունյանը արդարացվեց։
Լելե Թեփեի օպերացիայի գործով հաջորդ դատական նիստը կայանալու է ապրիլի 22-ին։
Տե՛ս նաև՝ «Ջալալ Հարությունյանը ինչ-որ ապտակել է պարոն Մնացականյանին». Լելե Թեփեի օպերացիա դատականի նիստից
Տեղադրություն
Թեմա
Civilnet










