Գլխավոր Լրահոս

«Վրացական երազանք»-ի պաստառը վնասած ընդդիմադիր Էլենե Խոշտարիան դատապարտվել է ազատազրկման

«Վրացական երազանք»-ի պաստառը վնասած ընդդիմադիր Էլենե Խոշտարիան դատապարտվել է ազատազրկման

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Վրաստանի ընդդիմադիր քաղաքական գործիչ Էլենե Խոշտարիան դատապարտվել է մեկ տարի վեց ամիս ազատազրկման՝ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի պատկերով ընտրական պաստառը վնասելու համար։

Վճիռը երեքշաբթի հայտարարել է դատավոր Գիորգի Արևաձեն։ Պատժի հաշվարկը սկսվում է Խոշտարիայի ձերբակալման օրից՝ 2025-ի սեպտեմբերի 15-ից։ Սա նշանակում է, որ նա դեռ մոտ մեկ տարի կմնա ազատազրկման մեջ։

Խոշտարիան ձերբակալվել էր 2025-ի հոկտեմբերին նախատեսված տեղական ընտրություններից առաջ, երբ Կալաձեն առաջադրված էր Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում վերընտրվելու համար։ Կալաձեն նաև իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղարն է։

Սեպտեմբերի 14-ին Խոշտարիան Կալաձեի նախընտրական շտաբի շենքի վրա փակցված պաստառի վրա գրել էր «Ռուսական երազանք»։ Սա բառախաղ է, որը հաճախ օգտագործում են «Վրացական երազանք»-ի քննադատները՝ պնդելով, որ կուսակցությունը երկիրը մոտեցնում է Ռուսաստանին։

Խոշտարիայի գործողությունը նաև համերաշխության դրսևորում էր 23-ամյա Մեգի Դիասամիձեի նկատմամբ, որը մի քանի օր առաջ ձերբակալվել էր նույն արտահայտությունը մեկ այլ պաստառի վրա գրելու համար։ Ավելի ուշ Դիասամիձեն ազատ էր արձակվել գրավի դիմաց՝ մինչև դատավարությունը։

Խոշտարիայի նկատմամբ նույնպես գրավ էր սահմանվել, սակայն նա հրաժարվել էր վճարել այն՝ բողոքի նշանով, և մինչ օրս մնացել էր կալանքի տակ։ Նա նաև հրաժարվել էր մասնակցել դատական նիստերին՝ հայտարարելով, որ չի ճանաչում իշխանություններին, որոնց լեգիտիմությունը 2024-ի վիճահարույց խորհրդարանական ընտրություններից հետո մի շարք քննադատներ կասկածի տակ են դնում։

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատավոր Արևաձեն նշել է, որ Խոշտարիան չի ընդունել իր մեղքը և չի փոխհատուցել պատճառված վնասը։ Նա նաև ընդգծել է, որ քաղաքական գործիչը չի վճարել նախկինում իր նկատմամբ կիրառված 16 վարչական տուգանքներից որևէ մեկը։

Դատախազության տվյալներով՝ պատճառված վնասը գնահատվել է 570 լարի (մոտ 210 դոլար)։ Խոշտարիային մեղադրանք է առաջադրվել «ուրիշի գույքը վնասելու կամ ոչնչացնելու» հոդվածով, որը ենթադրում է զգալի վնաս։

Խոշտարիայի փաստաբան Էլենե Մաղլաքելիձեն վճիռը բնութագրել է որպես «լիովին ապօրինի և անհիմն»։

«Այս որոշումը չի վերաբերում միայն Էլենե Խոշտարիային կամ նրա ճակատագրին։ Խոսքը նաև նրա չորս երեխաների՝ մորից զրկվելու մասին է։ Սա վերաբերում է ամբողջ հասարակությանը։ Այսօր համակարգը կրկին ցույց տվեց, թե ինչպես է վերաբերվում քննադատական ձայներին»,- ասել է նա։

Մինչ այժմ դատարանը չի հրապարակել վճիռը Դիասամիձեի գործով։ Նա մեղադրվում է նույն հոդվածով, որը նախատեսում է նվազագույնը մեկ և առավելագույնը հինգ տարվա ազատազրկում, հնարավոր տուգանք կամ հանրային աշխատանք։

Խոշտարիայի դեմ, բանտում գտնվելու ընթացքում, հարուցվել է նաև այսպես կոչված «սաբոտաժի» գործը, որով մեղադրանք է առաջադրվել ևս յոթ ընդդիմադիր գործիչների։ Նա բախվում է մի քանի մեղադրանքի, որոնցից ամենախիստը նախատեսում է մինչև 15 տարվա ազատազրկում։

Մարտին Եվրոպական խորհրդարանը ընդունել է բանաձև, որով դատապարտել է Վրաստանում «քաղաքական դրդապատճառներով» ձերբակալությունները, այդ թվում՝ Խոշտարիայի գործը, և կոչ արել ազատ արձակել այդ հիմքով կալանավորված անձանց։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում