Այսօր Հարավային Կովկասում ստեղծվում է բոլորովին նոր իրավիճակ, և տարածաշրջանի երկրները չպետք է բաց թողնեն այս հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ապրիլի 6-ին Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ ճեպազրույցի ժամանակ։
Ալիևը նշել է, որ աշխարհի տարբեր մասերում շարունակում են խաթարվել խաղաղությունը, անվտանգությունը և կայունությունը՝ հանգեցնելով արյունալի հակամարտությունների, պատերազմների և մարդկային կորուստների։ Այս ֆոնին, նրա խոսքով, Հարավային Կովկասը մտնում է զարգացման նոր փուլ։
Կոբախիձեն իր հերթին հայտարարել է, որ Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը և պատրաստ է անհրաժեշտության դեպքում իր ներդրումն ունենալ։
«Վրաստանն աջակցում է Հարավային Կովկասի երկրների միջև խաղաղ գոյակցությանը և կառուցողական համագործակցությանը, ինչպես նաև դրան ուղղված նախաձեռնություններին։ Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք դրական ներդրում ունենալ այդ հարաբերությունների զարգացման գործում», - ասել է Կոբախիձեն։
Նա նշել է Հարավային Կովկասի երկրների միջև համագործակցության կարևորությունը տարածաշրջանի համար։ Վարչապետը նաև ընդգծել է Միջին միջանցքի (ՄՄՀ) աճող դերը՝ հաշվի առնելով համաշխարհային իրավիճակը։












