Գլխավոր Լրահոս

ՔՊ-ի նախընտրական ծրագրում Եկեղեցու բարենորոգման օրակարգը սահմանադրական կարգի ոտնահարում է․ Մայր Աթոռ

ՔՊ-ի նախընտրական ծրագրում Եկեղեցու բարենորոգման օրակարգը սահմանադրական կարգի ոտնահարում է․ Մայր Աթոռ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթների ընդգրկումը։ Այս մասին ասված է Մայր Աթոռի տարածած հաղորդագրության մեջ։

«Կուսակցության նախընտրական ծրագրում Եկեղեցու բարենորոգման, կանոնադրության վերանայման, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացման և կաթողիկոսական նոր ընտրությունների անցկացման պարտադրվող օրակարգի ամրագրումը սահմանադրական կարգի, Եկեղեցու ինքնակառավարման իրավունքի, ինչպես նաև խղճի ու կրոնի ազատության միջազգային հիմնարար սկզբունքների բացահայտ ոտնահարում է։

Եկեղեցու դեմ ակնհայտ ապօրինի գործողությունները շարունակելու նախընտրական խոստումներով ևս մեկ անգամ դրսևորվում է իշխող քաղաքական ուժի գաղափարախոսության հակաեկեղեցական ողջ էությունը և նպատակը։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հազարամյա առաքելությունը, նրա սրբազան ավանդույթներն ու հոգևոր կյանքը չպետք է քաղաքական շահարկումների առարկա դառնան։ Ինչպես քանիցս Մայր Աթոռը հաստատել է, կաթողիկոսի ընտրությունը և եկեղեցական անդաստանում որևէ բարեկարգում բացառապես հոգևոր-կանոնական տիրույթում են, ուստի և դուրս են քաղաքական կուսակցությունների և պետական իշխանությունների իրավասություններից։

Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի։ Այն հակասում է մեր աշխարհասփյուռ ժողովրդի շահերին, վտանգում ազգային արժեհամակարգի հիմերը և խաթարում հոգևոր անվտանգությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ապրիլի 9-ին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Եկեղեցու բարենորոգման խորհուրդը չի դադարել գործել, այն մշտապես աշխատում է և մշտական կապի մեջ է։

«Այդ օրակարգը տեղ է գտել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում։ Կարծում եմ դա շատ արդար է, որ այդ հարցը մենք ժողովրդի դատին ենք հանձնում և ընտրություններն ունենալու են շատ կոնկրետ հետևանքներ»,- ասել է վարչապետը։

Հունվարի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տասը եպիսկոպոսներ «Հայ առաքելական եկեղեցու բարենորոգման վերաբերյալ» հայտարարություն ստորագրեցին՝ նշելով, թե հոգևորականների հետ ձևավորում են համակարգող խորհուրդ, որին վերապահում են Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման կազմակերպչական գործառույթները։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում