Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց բարձրաստիճան հոգևորականների վերաբերյալ քրեական գործով հոկտեմբերի 30-ին՝ ժամը 16։00-ին նշանակված դատական նիստը հետաձգվել է։ Այս մասին ՍիվիլՆեթը տեղեկացավ դատական դեպարտամենտից ու փաստաբան Արա Զոհրաբյանից։
Զոհրաբյանի փոխանցմամբ՝ հաջորդ դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 6-ին՝ ժամը 11։00-ին, Էջմիածնի նստավայրում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը կարճել է Արման Սարոյանի հայցով հարուցված քաղաքացիական գործի վարույթը։ Արման Սարոյանը պահանջել էր անվավեր ճանաչել Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու վերաբերյալ Հայրապետական տնօրինությունը և վերականգնել իրեն այդ պաշտոնում։ Հենց այս պաշտոնանկության ընթացքում կաթողիկոսի ու եպիսկոպոսների համատեղ որոշումն էր դարձել այս քրեական գործի հիմքը, որի քննությունը կշարունակվի նոյեմբերի 6-ին։
Քրեական գործով նախորդ դատական նիստը տեղի էր ունեցել սեպտեմբերի 18-ին՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։ Դատավոր Սերժ Ռուշանյանի նախագահությամբ ընթացող դատավարության ընթացքում պաշտպանական կողմը ներկայացրել էր մի շարք միջնորդություններ՝ պահանջելով դադարեցնել Կաթողիկոսի և հոգևորականների նկատմամբ քրեական հետապնդումը, կարճել քրեական վարույթը կամ դիմել Սահմանադրական դատարան։
Փաստաբան Արա Զոհրաբյանը դատարանում պնդել էր, որ քրեական գործի հիմքում ընկած հարցը վերաբերում է Հայ առաքելական եկեղեցու ներքին՝ հոգևոր-կանոնական հարաբերություններին, որոնց պետությունը չպետք է միջամտի։
«Հայաստանի վարչապետն իրավասու չէ եպիսկոպոս հռչակել կամ ազատել, չունի այդ իրավունքը, որքան էլ նա այդ մասին ֆեյսբուքյան ստատուս գրի»,- հայտարարել էր Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ եպիսկոպոսին կարգալույծ հռչակելը բացառապես եկեղեցական գործընթաց է, և պետական մարմինները չեն կարող որոշել հոգևորականի կարգավիճակը կամ վերանայել եկեղեցական առաջնորդի համապատասխան որոշումները։
Փաստաբանը նաև նշել էր, որ դատական ակտի կատարման անվան տակ պետությունը չի կարող ստանձնել եկեղեցու գործառույթները։ Նրա գնահատմամբ՝ եթե եկեղեցու կանոնական որոշումները կարող են քրեական հետապնդման հիմք դառնալ, ապա դա կարող է հանգեցնել եկեղեցու ներքին գործունեության նկատմամբ պետական վերահսկողության։
Պաշտպանական կողմի մյուս ներկայացուցիչ Ռոման Ահարոնյանը նույնպես միջնորդել էր դադարեցնել քրեական հետապնդումն ու կարճել վարույթը՝ նշելով, որ ներկայացված մեղադրանքը չի կարող հիմք հանդիսանալ մեղադրական եզրակացության համար։
Հանրային մեղադրող Նարեկ Մովսիսյանն առարկել էր պաշտպանների միջնորդություններին՝ առաջարկելով մերժել դրանք։ Նա, մասնավորապես, նշել էր, որ քաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հայցը և այդ գործի շրջանակում կիրառել հայցի ապահովման միջոց՝ արգելելով նրա մասով որոշակի գործողություններ իրականացնել։ Ըստ մեղադրողի՝ քանի դեռ այդ հարցով դատական ակտ չկա, հիմնավոր չէ պնդել, թե պետությունն արդեն միջամտել է եկեղեցու ներքին գործերին։
Նախորդ նիստի ընթացքում նաև պարզվել էր, որ նախաքննական մարմինը Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին՝ որպես վկաներ, հինգ հարց է ուղղել։ Իրավապահներին հետաքրքրել էր, թե արդյոք նրանք տեղյակ են եղել դատարանի որոշման մասին, որով արգելվել էր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի մասով որոշումներ կայացնել, և ինչպես են մեկնաբանում այն հանգամանքը, որ, ըստ նախաքննության տվյալների, այդ հարցը քննարկվել է Գերագույն հոգևոր խորհրդի նիստում։
Դատարանը պետք է որոշում կայացնի պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունների վերաբերյալ։












