Գլխավոր Լրահոս

Կաթողիկոսի դեմ քրեական գործին առնչվող վարույթը կարճվել է

Կաթողիկոսի դեմ քրեական գործին առնչվող վարույթը կարճվել է

ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը կարճել է Արման Սարոյանի (նախկինում՝ Գևորգ եպիսկոպոս) հայցով հարուցված քաղաքացիական գործի վարույթը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

Փաստաբանի տեղեկացմամբ՝ դատավոր Էդգար Հովհաննիսյանի նախագահությամբ դատարանը հաստատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի իրավական դիրքորոշումը, համաձայն որի՝ թեմակալ առաջնորդի նշանակումն ու պաշտոնից ազատումը Ամենայն Հայոց Կաթողիկոսի բացառիկ իրավասությունն են և Եկեղեցու ներքին կառավարման մաս։

Զոհրաբյանը նշում է, որ դատարանն արձանագրել է, որ այդ հարաբերությունները կարգավորվում են ներեկեղեցական կանոններով՝ կանոնական իրավունքով, իսկ տվյալ վեճը ենթակա չէ քաղաքացիական դատավարության կարգով քննության։

Զոհրաբյանի փոխանցմամբ՝ դատարանը նաև վերացրել է նախկինում կիրառված հայցի ապահովման միջոցները, որոնցով սահմանափակվել էր Մայր Աթոռի՝ Մասյացոտնի թեմի կառավարման վերաբերյալ որոշումների իրականացումը։

«Հիշեցնեմ, որ այս հայցի ապահովման միջոցներ կիրառելու մասին դատական ակտի ենթադրյալ խոչընդոտման համար են մեղադրյալի կարգավիճակ ստացել Ամենայն Հայոց Կաթողիկոսը և վեց եպիսկոպոս»,- գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարումը խոչընդոտելու համար։

Մեղադրանքը կապված է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի՝ 2026-ի հունվարի 16-ի որոշման հետ, որով արգելվել էր խոչընդոտել Գևորգ եպիսկոպոս Սարոյանի՝ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում պաշտոնավարմանը, ինչպես նաև թեմի ֆինանսական միջոցների տնօրինմանը՝ մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։

Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների դեմ քրեական գործը մինչև դատական քննության մեկնարկը մակագրվել էր երեք դատավորի։ Սկզբում գործը մակագրվել էր Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանին, որն օգոստոսի 7-ին ինքնաբացարկ էր հայտնել։ Այնուհետև գործը փոխանցվել էր դատավոր Սերժ Ռուշանյանին, որն էլ այն ուղարկել էր Երևանի դատարան՝ տարածքային ընդդատության հարցը լուծելու համար։ Երևանում գործը մակագրվել էր դատավոր Վահագն Մելիքյանին, որը դիմել էր Վճռաբեկ դատարան։ Սեպտեմբերի 7-ին Վճռաբեկ դատարանը որոշել էր, որ գործը պետք է քննվի Արմավիրի մարզի դատարանում, ինչից հետո այն կրկին մակագրվել էր Սերժ Ռուշանյանին։

Հայաստանի կառավարությունը 2026-2031 թվականների գործունեության ծրագրում ներառել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացման և նոր կաթողիկոսի ընտրության նպատակը։ Օգոստոսի 25-ին Ազգային ժողովի հաստատած ծրագրով նախատեսվում է գործող կաթողիկոսի հեռացումը, կաթողիկոսական տեղապահի ընտրությունը, Եկեղեցու նոր կանոնադրության ընդունումը, ապա՝ նոր կաթողիկոսի ընտրությունը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը քննադատել է իշխանությունների այս նախաձեռնությունը՝ այն համարելով Եկեղեցու ինքնավարությանը և ներքին կառավարմանը միջամտություն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում