Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսները մասնակցելու են իրենց գործով օգոստոսի 7-ի դատական առաջին նիստին, ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
Օգոստոսի 7-ին՝ ժամը 16։00-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների քրեական գործի նախնական դատալսումների առաջին նիստը։ Գործը քննելու է դատավոր Հակոբ Մանուկյանը:
«Թեմակալ առաջնորդի պաշտոնից ետ կանչելու և եպիսկոպոսի կարգավիճակից զրկելու վերաբերյալ Ամենայն Հայոց Կաթողիկոսի որոշումներին պետության միջամտությունը Եկեղեցու ինքնավարության, պետություն–Եկեղեցի սահմանադրական հարաբերությունների և կրոնական ազատության հիմնարար սկզբունքի խախտում է և պատմական ամոթալի իրադարձություն։
Հայոց Հայրապետը ենթարկվում է քրեական հետապնդման՝ իր եկեղեցական և կանոնական պարտականությունը կատարելու համար։
Այս քրեական գործով դատարանը քննելու է ոչ միայն առանձին անձանց ներկայացված մեղադրանքները, այլ կարևոր մեկ այլ հարց՝ կարո՞ղ է արդյոք աշխարհիկ իշխանությունը ներխուժել Եկեղեցու ներքին կյանք և քրեականացնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի կանոնական իշխանության իրացումը»,- գրել է փաստաբանը։
Հոգևոր առաջնորդին և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց հոգևորականներին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքն օգտագործելու միջոցով դատարանի օրինական որոշման կատարումը դիտավորյալ խոչընդոտելու համար:
Իրավական վեճը ծագել է Մասսյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին (Արման Սարոյան) պաշտոնից ազատելուց հետո:
2026-ի հունվարին կաթողիկոսի որոշմամբ պաշտոնանկ արված եպիսկոպոսը դիմել էր դատարան: Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր, որ մինչև գործի քննության ավարտը Սարոյանը պետք է շարունակի պաշտոնավարել, իսկ եկեղեցուն արգելվել էր խոչընդոտել նրա լիազորությունների իրականացումն ու ֆինանսական հաշիվների տնօրինումը:
Չնայած դատարանի որոշմանն ու Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնական ծանուցմանը՝ Գարեգին Բ-ն և Գերագույն հոգևոր խորհուրդը որոշել են կարգալույծ անել Սարոյանին: Ըստ դատախազության՝ եկեղեցական ղեկավարությունն այս քայլով դիտավորյալ շրջանցել ու խախտել է դատարանի պահանջը:












