«Կարող եք ինձ էլ կաթողիկոս համարել, ինքն ուղղակի Կտրիճ Ներսիսյանն է»․ Ալեն Սիմոնյան

Հայաստանի ժողովրդի մեծամասնությունը չի ճանաչում Գարեգին Բ-ին որպես Ամենայն հայոց կաթողիկոս, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով օրենսդրական փոփոխություններով Կաթողիկոսի հեռացման հնարավորության մասին հարցին։
Կառավարությունում ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին և քաղաքական գործընթացներին հոգևորականության ներգրավվածությանը՝ Սիմոնյանը նշել է, որ քաղաքացիներն իրենց դիրքորոշումն արտահայտել են ընտրությունների ժամանակ, մասնավորապես Վաղարշապատում՝ քվեարկելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին։
«Դուք կարող եք ինձ էլ կաթողիկոս համարել կամ սրբություն համարել, բայց Հայաստանի Հանրապետության ժողովրդի մեծամասնությունն ասաց, որ ինքն ուղղակի Կտրիճ Ներսիսյանն է։ Դա ասաց Վաղարշապատի ընտրությունների ժամանակ, երբ որ իրենց բոլոր քաղաքական ներկայացուցիչները, որոնք թաքնված են վեղարների տակ, գնացին և կրկին մտան քաղաքական պրոցեսի մեջ»,- հայտարարել է Սիմոնյանը։
Սեպտեմբերի 24-ին հրապարակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ պատրաստված զեկույցը, որը Հայ առաքելական եկեղեցում առկա իրավիճակը բնորոշում է որպես «ճգնաժամ» և առաջարկում դրա հաղթահարման հինգ քայլ՝ բարենորոգման գործընթացի մեկնարկից մինչև Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հեռացում, եկեղեցու միասնական կանոնադրության ընդունում և նոր կաթողիկոսի ընտրություն։ 74 էջանոց փաստաթուղթը պատրաստել է վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ը։ Հեղինակները հայտարարում են, որ չեն վիճարկում Հայ առաքելական եկեղեցու դավանաբանական հիմքերը, Սրբազան ավանդությունն ու կանոնական կարգը և իրենց նպատակը համարում են այդ կարգի ենթադրյալ խախտումների փաստագրումն ու դրանց լուծման ուղիների առաջարկումը։











